Տեսաձայնագրությունը՝ կաշկանդող միջոց.Խորհրդարանը մերժեց «Ելքի» օրինագիծը

Oct 24, 2017 Comments Off on Տեսաձայնագրությունը՝ կաշկանդող միջոց.Խորհրդարանը մերժեց «Ելքի» օրինագիծը

«Ելք» խմբակցության առաջարկով «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ օրենքով սահմանված այն անձանց շրջանակը, ովքեր, առանց հատուկ թույլտվության, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և մուտքի իրավունք ունեն, չի գործում։

«Պատգամավորների տեսակցության իրավունքը չպետք է խոչընդոտվի, քանի որ իրենք հաճախ ունենում են ահազանգեր և այս դեպքում այցելում են ձերբակալվածին կամ կալանավորվածին՝ պարզելու, թե ինչ վիճակում է գտնվում անձը:Մենք ոչ թե տեսակացություն ենք պահանջում, այլ տեսնել էդ մարդուն ի վերջո խոշտանգել են թե չէ, էդ մարդու մատները կտրած են, թե չէ, էդ մարդը ողջ ա, թե չէ, սննդից զրկված է, թե չէ, բայց արհեստական խոչընդոտներ են ստեղծվում այս իրավունքի իրացման համար», – նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեղադրյալի և կասկածյալի տեսաձայնագրությունն են պահանջում, բայց միայն դա բավարար չէ: Ապացուցողական բազայի 90 տոկոսը ձևավորում են վկաներն ու տուժողները: Եթե մենք խոսում ենք այն մասին, որ պատշաճ ապացուցողական բազա ձեռք բերվի առանց հնարավոր խոշտանգումների կամ միջամտությունների, թող դրանք լինեն և՛ տուժողները, և՛ կասկածյալները, և՛ մեղադրյալները: Բայց խնդրն այն է, որ տեսաձայնագրությունը, որպես ապացույց օգտագործելը, ինքնին կաշկանդում է ցուցմունք տվող սուբյեկտին: Այն սուբյեկտը, որը նախաքննության սկզբնական փուլում տեսաձայնագրութամբ ցուցմունք է տվել, դատաքննության փուլում արդեն իսկ կաշկանդված է լինում:Միջազգային պրակտիկայում սկսել են հրաժարվել ցուցմունքի տեսաձայնագրությունից, որովհետև նույն խոշտանգումը կարող է իրակացվել անձի նկատմամբ մինչև տեսաձայնագրությունը: Տեսաձայնագրությունը քրեադատավարության առումով արդյուանվետ միջոց չի համարվում », – նշեց   ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանն ընդգծեց, որ տեսաձայնագրությունը դիտվում է որպես կաշկանդող միջոց, որովհետև անձը իրավունք ունի նաև ցուցմունք չտալ կամ էլ երբեմն՝ ելնելով իր պաշտպանությունից, փոխում է ցուցմունքը:

«Մենք լրջագույն պրոբլեմ ենք ստեղծելու, եթե այս օրենքը քննարկման առարկա դառնա: Իմ կարծիքով՝ անիմաստ ժամանակ չարժի ծախսել այս օրինագծի վրա», – հավելեց նա:

Խորհրդարանը մերժեց քառօրյայի օրակարգում ներառել   օրինագիծը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: