Ո՞վ էր տալու 50 հազար դոլարը

Oct 25, 2017 Comments Off on Ո՞վ էր տալու 50 հազար դոլարը

Իգլայի գործը, որի շրջանակում ձերբալաված է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը հետաքրքիր ընթացք է ստանում: Ձերբալակված խմբի բոլոր անդամները հայտարարում են, որ Բաբայանը այսպես կոչված Իգլայի հետ որևէ կապ չի ունեցել: Հիշեցնենք, որ այս գործով դատական նիստը նախորդ անգամ հետաձգվել էր Բաբայանի առողջական խնդիրների պատճառով։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 23-ի դատական նիստում  տեղի է ունեցել ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի հարցաքննությունը, ով դատարանում հայտարարել է, որ Սամվել Բաբայանը «Իգլան» բերելու հետ կապ չունի․ ինքը ցանկացել է դա բերել Արցախի բանակին նվիրելու համար ու այդ նպատակով դիմել էԱրմեն Պողոսյանին, վերջինն էլ Հրաչյա Մայիլյանի միջոցով փորձել է Վրաստանից տեղափոխել այն։
«Ես ուզում եմ անձամբ Արցախի բանակին նվեր տամ: Ժամանակին 42 միավոր զենք եմ բերել: Էն ժամանակ հերոսացնում էին, հիմա մի տրուբի համար ասում են, թե՝ զենք եսբերել»,-ասել է ամբաստանյալը և հավելել, թե «Իգլան» առաջարկել են վաճառողները…

Իր ցուցմունքում Սանասար Գաբրիելյանը  Հրաչ Մայիլյանի մասին ասել է «լանգուլավազ», «շանորդի»,  և շեշտել, որ նրան առանձնապես չի վստահել, և այդ պատճառով էլ  հրաժարվել է նրա բերած «տրուբեն» գնելուց:

Այդ «տրուբի»՝ «Իգլայի» ընդամենը  մի մասի լուսանկարը Սանասար Գաբրիելյանը ցույց է տվել «կամանդուշչի» Սամվել  Բաբայանին՝ նրան համարելով զենքի գիտակ:

Սամվել Բաբայանին Սանասար Գաբրիելյանը ցույց է տվել  Հրաչ Մայիլյանի պլանշետով լուսանկարած «Իգլայի» խողովակը: Բաբայանն էլ  ասել է, թե դա անպետք ապրանք է՝ «դա զապչաստ է, ոչ թե զենք»: Բայց նաև նշել է, թե մեր կռիվը դեռ չի ավարտվել, մի «շուռուպն» էլ կարող է բանակին անհրաժեշտ լինի: Սանասար Գաբրիլեյանը նշել է, թե «Իգլայի» խողովակի գումարը՝ 50 հազար դոլար ինքը պիտի տար, Սամվել Բաբայանը դրա հետ կապ չունի:

Երբ  «կամանդուշչին» ասել է, թե առաջարկվող «Իգլան» «զապչաստ» է, ինքն էլ որոշել է հրաժարվել,   զանգել ու ասել է՝ պետք չի: «Եթե նորմալ կոմպլեկտով լիներ, ձեռք կբերեի բանակին նվիրելու համար»:

Նախագահողի հարցին՝ ամբաստանյալը չգիտե՞ր, որ զենք ձեռք բերելը, տեղափոխելը քրեորեն հետապնդելի արարք է, Սանասար Գաբրիելյանը նշեց, թե Սամվել Բաբայանը դա էլ է իրեն բացատրել, ինքը նաև դրա պատճառով է հրաժարվել այն ձեռք բերելու մտադրությունից: Սանասար Գաբրիելյանը նախաքննական ցուցմունքներում  նշել էր, թե Արմեն Պողոսյանն իրեն ասել է՝ Վրաստանում՝ Ցխինվալում, «Իգլա» են հայթայթել: Ինքն էլ ասել է՝ եթե երեք հրթիռն էլ կոմպլեկտում լինեն, կգնի մինչև 50 հազար դոլարով: Ասել է, քանի որ համացանցից տեղյակ էր, որ «Իգլայի» շուկայական գինը մինչև 200 հազար դոլար է:

Երբ իմացել է, որ միայն մեկ հրթիռն է տեղում, պակասող բաներ կան, առանց տեսնելու, միայն լուսանկարին նայելով՝ հրաժարվել է այն ձեռք բերելուց:

Դատարանում նաև ընթերցվել է ամբաստանյալ Արմեն Պողոսյանի նախաքննական ցուցմունքները։  Նա նշել էր, թե իր ծանոթ Սանասար Գաբրիելյանը 2016 թվականի սեպտեմբերին դիմել էր իրեն՝ հայոց բանակին աջակցելու համար զենք գնելու մտադրությամբ,  և  խնդրել՝ զենք վաճառողի գտնել:  Հրաչ Մայիլյանը հաճախ էր գնում Վրաստան, ուստի ինքը նրան է դիմել:

Արմեն Պողոսյանը ենթադրել է, որ իրական պատվիրատուն ու վճարողը կարող է և Սամվել Բաբայանը լինել:

Դատարանում Արմեն Պողսյանը պնդել է, որ դա սոսկ իր ենթադրությունն է, այն իրականությանը չի համապատասպանում, թե ինչու է ինքն իր ենթադրությունը նշել նախաքննական ցուցմունքում, չի կարող ասել: Ամբաստանյալը նաև խոստովանել է, որ  Սամվել Բաբայանին չի ճանաչել, նրա հետ երբեք չի շփվել:

Սպասվում է, որ դատական հաջորդ նիստում կհարցաքննվի Սամվել Բաբայանը:

 

Արման Վարդանյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: