Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանի հետ կապված ուրիշ պլաններ ունի

Oct 25, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանի հետ կապված ուրիշ պլաններ ունի

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որտեղ նա դժգոհել է ոստիկանության աշխատանքից՝ հիշատակելով և՛ վերջին շրջանի աղմկահարույց սպանությունները, և՛ բնակչության մոտ գտնվող ապօրինի զենքը և այդ հարեցրի հետ կապված հանրային բացասական արձագանքը, որը տեղ է գտել ԶԼՄ-ներում.
«Չեմ կարող չմտահոգվել մեր քաղաքացիների անհանգստությամբ: Ինձ համար երկրում օրինականության և կարգուկանոնի լավագույն չափորոշիչը հանրության կարծիքն է: Այո՛, շատերն են ընդունում, որ այսօրվա ոստիկանները նախկինից ավելի պատրաստված են և ավելի դրական են ընկալվում: Սակայն կա նաև տարակուսանք, որ այդ նույն ոստիկաններն իրենց հնարավորությունները լիարժեք չեն իրացնում»,- հայտարարելէ Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ ոստիկանությունն ունի և անհրաժեշտ թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական ռեսուրսներ: Ըստ Սերժ Սարգսյանի՝ ոստիկանության աշխատանքի առյուծի բաժինը պետք է կազմեն իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Այս առումով, նախագահի գնահատմամբ՝ առկա վիճակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից:
Սերժ Սարգսյանը բարձրացրել է ապօրինի զենքի հարցը, որի գործադրմանը հանրությունը վերջին երկու ամիսների ականատես եղավ՝ օրը ցերեկով Երևանի կենտրոնում և բանուկ ու մարդաշատ այլ վայրերում կատարված սպանությունների ժամանակ. «Ինչպե՞ս է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջև հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երևույթը մտահոգիչ է նաև այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսևորումներ:
Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է համատարած շուրջկալներ և խուզարկություններ կազմակերպել, խանգարել քաղաքացիների հանգիստը, խախտել նրանց իրավունքները: Այսպիսի դեպքերի համար խստորեն պատժամիջոցներ են կիրառվելու»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահի գնահատականները առավել խիստ են եղել հանցագործությունենրի բացահայտման և հետախուզման մեջ գտնվողներին հայտնաբերելու առումով. «Պարզվել է, որ որոշ դեպքերում հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո: Այսինքն՝ հանցանքի մեջ մեղադրվող անձին այդքան ժամանակ ոչ մեկը չի անհանգստացրել, չի փնտրել: Կամ՝ մեղադրյալը հետախուզման մեջ գտնվելու պայմաններում կարողացել է փոխել իր անձնական տվյալները և ստանալ նոր անձնագիր: Սա խոսում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության մակարդակի մասին: Կամ՝ տարբեր քրեական գործերով հետախուզվող անձի վերաբերյալ կազմվել է մեկ հետախուզական գործ, ապա մեկ քրեական գործով հետախուզումը դադարեցնելուց հետո դադարեցվել է նաև ողջ հետախուզական գործը, ինչի հետևանքով մյուս քրեական գործերով անձն անհիմն չի հետախուզվել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը և ավելացրել, որ ոլորտում իրավիճակի փոփոխություն, մեղմ ասած, չկա, քանի որ հետախուզվողների հայտնաբերման արդյունավետությունը գոնե վերջին հինգ տարիների ընթացքում տատանվում է 31-34 տոկոսի սահմաններում:
Եթե սրան ավելացնենք նաև ժամկետային զինծառայությունից խուսափելու հիմքով հետախուզումները, ապա հայտնաբերման ցուցանիշը հասնում է 10-14 տոկոսի: «Այսինքն՝ այսքան հանցագործներ ուղղակի թաքնվում են մեզնից՝ բոլորից: Սա անթույլատրելի է»,- շեշտել է Սերժ Սարգսյանը: Նախագահը հայտարարել է, որ որևէ արդարացում, որևէ պատճառ չի ընդունում նաև հասարակական կարգի պահպանության ասպարեզում արձանագրված հետընթացի ուղղությամբ, որն արձանագրվել է նաև միջազգային զեկույցներում. « Չեմ ընդունում, երբ ասում են՝ ուրիշները հանցագործությունները թաքցնում են, այս են անում, այն են անում… Սրանք հեքիաթներ են, որոնք պետք է պատմել երեխաներին: Միջազգային կառույցները շատ լավ գիտեն այս հանգամանքների մասին, և նրանք ունեն բոլոր հնարավորությունները պարզելու, թե ինչպիսին է հանցավորության վիճակը կոնկրետ երկրում»,- ասել է նախագահը:
Նա խոսել է նաև ճանապարհային ոստիկանության աշխատանքի թերացումներից, անհարկի տուգանքներից՝ արձանգարելով, որ կոռումպացված ոստիկանը չարիք է համակարգի համար. «Չեմ կարող չկիսել որոշ տեսուչների անբարեխիղճ, իսկ երբեմն հանցավոր վարքագծով պայմանավորված՝ մեր վարորդների վրդովմունքը: Ճանապարհային ոստիկանության առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը կամ այնքան են վստահ սեփական անպատժելիության մեջ, որ բացահայտ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում, այլ բառերով ասած՝ դրսևորում են լկտի վարքագիծ: Նրանք անգամ չեն խորշում այն փաստից, որ դա արձանագրվում է իրենց իսկ համազգեստի վրա ամրացված տեսախցիկներով…. Ոստիկանապետն ինձ ասում է՝ տեսեք 40 քրեական գործ ենք հարուցել համակարգի աշխատողների նկատմամբ: Բայց հավատացեք՝ նույնիսկ հարուցված քրեական գործերի քանակով չէ, որ պետք է փոխել մթնոլորտը, հատկապես, որ այդ հարուցված գործերի մեծ մասը հարուցվել է ոչ ձեր նախաձեռնությամբ»,- նշել է նախագահը՝ շեշտելով, թե կարևոր է, որ միջին օղակի սպաները, շարքային ոստիկանները տեսնեն ոստիկանության ղեկավար կազմի անզիջում պայքարը վատ երևույթների դեմ:
Սերժ Սարգսյանը, որպես կանոն, ուժային կառույցներում միշտ էլ որոշակի խնդիրներ բարձրացնում է, բայց հատկապես ոստիկանության դեպքում նա կարծես թե ներողամիտ վերաբերմունք ուներ: Համենայն դեպս ոստիկանության աշխատանքի նկատմամբ այսքան խիստ և բացասական գնահատականներ նախկինում կարծես թե չէին եղել, չնայած որ դրա առիթը միշտ էլ կար: Եվ ուրեմն ինչու է հիմա հանկարծ այսպես մինագամից որոշել մերկացնել Վովա Գասպարյանին ու նրա ղեկավարած կառույցը: Եթե խոսքըն այն մասին է, որ օրինակ հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո, ինչու Սերժ Սարգսյանը, որ վերջին 10 տարում երկրի ղեկավար էր, այս հարցը Վովա Գասպարյանի սեղանին ավելի վաղ չէր դնում:
Սերժ Սարգսյանի նոր մոտեցումը մի կողմից կարող է պայմանավորված լինել առաջիկայում սպասվող ԵՄ ասոցացման պայմանագրի ստորագրմամբ: Թերևս այս փուլում խնդիր կա միջազգային կառույցներին ներկայացնելու՝ ոստիկանությանը վերափոխելու և այսպիսով մարդու իրավունքների պաշտպանության համակարգը կատարելագործելու իշխանության պատրաստակամությունը: Բացի այս՝ առջևում նոր սահմանադրության կյանքի կոչումն է, և հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը 2018-ին իշխանության նոր կառուցվածքի մեջ ոստիկանության և ոստիկանապետի հետ կապված բոլորովին այլ պլաններ ունի:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: