Տարօրինակ է. եթե կա պայքար, ապա ինչպե՞ս է պատահում, որ օրը ցերեկով կատարվում են ծանր հանցագործություններ

Oct 23, 2017 Comments Off on Տարօրինակ է. եթե կա պայքար, ապա ինչպե՞ս է պատահում, որ օրը ցերեկով կատարվում են ծանր հանցագործություններ

Ինչպես արդեն հայտնել ենք, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,
Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ,
Դուք լավ հիշում եք, որ իմ նախընտրական ծրագրի հիմքում «Ապահով Հայաստան» նպատակադրումն իրականացնելու գաղափարն էր: Շուրջ հինգ տարի առաջ այսօրվա Հայաստանը ես տեսնում էի վտանգներից ավելի պաշտպանված:
Երկրի անվտանգության առումով դրական և էական առաջընթաց արձանագրելով հանդերձ՝ կարծում եմ, որ այսօր դեռ վաղ է վերջնականապես գնահատել, թե արդյո՞ք իմ սպասելիքներն ամբողջությամբ արդարացվել են: Միաժամանակ գտնում եմ, որ ձեզ հետ հանդիպումը շատ լավ առիթ է լրացուցիչ անգամ վեր հանելու ոստիկանության առջև ծառացած խնդիրները և նախանշելու հետագա անելիքները:

Վերջին ամիսներին հանրության շրջանում մտահոգության տեղիք են տվել հանրապետությունում կատարված մի քանի հանցագործություններ, որոնց մասին շատ է գրվել լրատվամիջոցներում, և որոնց անդրադարձ եղավ նաև հնչած զեկուցման մեջ: Ոմանց մոտ ընկալում է ձևավորվել, թե դրանք իրավապահ մարմինների կողմից հանցավորությանը ոչ արդյունավետ հակազդելու հետևանք են:
Վստահ եմ, որ իրավապահներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը, և խուճապի որևէ պատճառ չկա: Այնուամենայնիվ, չեմ կարող չմտահոգվել մեր քաղաքացիների անհանգստությամբ: Ինձ համար երկրում օրինականության և կարգուկանոնի լավագույն չափորոշիչը հանրության կարծիքն է:
Այո՛, շատերն են ընդունում, որ այսօրվա ոստիկանները նախկինից ավելի պատրաստված են և ավելի դրական են ընկալվում: Սակայն կա նաև տարակուսանք, որ այդ նույն ոստիկաններն իրենց հնարավորությունները լիարժեք չեն իրացնում:
Համոզված եմ, որ ոստիկանությունն ունի մեծ ներուժ, որպեսզի փարատվեն եղած կասկածները, իսկ այդ ներուժը պետք է իրացվի ողջ ծավալով: Այս առումով հորդորում եմ բոլորիդ անմնացորդ նվիրվել ձեր ծառայությանը և շատ կարճ ժամանակում գրանցել նոր, զգալի և տեսանելի հաջողություններ:
Այս խնդիրը լուծելու համար դուք ունեք անհրաժեշտ թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական ռեսուրսներ: Դուք ունեք նաև իմ՝ որպես պետության ղեկավարի և Գերագույն գլխավոր հրամանատարի աջակցությունը:
Հարգելի՛ ոստիկաններ,
Վստահ եմ, որ լավ գիտակցում եք ոստիկանության սոցիալական գործառույթի կարևոր նշանակությունը: Վստահ եմ նաև, որ գիտեք՝ որքան պրոֆեսիոնալ է ոստիկանությունն իրականացնում իր առաքելությունը, այնքան պաշտպանված ու ապահով է իրեն զգում հասարակության յուրաքանչյուր անդամ:
Կասկած չունեմ, որ հասկանում եք՝ սահմանադրական բարեփոխումներից բխող պետական մարմինների հարաբերակցության նոր պայմաններում ոստիկանությունից սպասելիքները պակաս չեն լինելու, գուցե շատ ավելին են լինելու: Ուստի, անհրաժեշտ է արդեն այսօր ճիշտ ախտորոշել առկա բոլոր խնդիրները և հստակ պլանավորել առաջիկա անելիքները:
Ուզում եմ կանգ առնել այս պահի կարևոր երկու խումբ անելիքների վրա:
Առաջին. ոստիկանության աշխատանքի առյուծի բաժինը պետք է կազմեն իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ակնհայտ է, որ կանխարգելիչ աշխատանքների նշանակությունը գործնականում չափազանց մեծ է:
Պատահական չէ, որ Սահմանադրությունը թույլ է տալիս առանձին իրավունքներ սահմանափակել ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ դրանց կանխման նպատակից ելնելով: Մենք պետք է ընդունենք, որ հանցագործությունների կանխարգելման ոլորտում ոստիկանների անելիքները շատ են: Առկա վիճակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից:
Կարևոր է, որ այդ մասին նշվեց նաև զեկույցում: Միաժամանակ պետք է հասկանանք, որ փաստն արձանագրելը և թերացումները տեսնելը թեև դրական, բայց ամենևին բավարար չեն առավելագույն արդյունքի հասնելու համար: Հանցագործությունների կանխարգելման բնագավառում մինիմալիստական մոտեցումը, այսինքն՝ նվազագույնով բավարարվելն անընդունելի է:
Ասվածը, բնականաբար, չի նսեմացնում ձեր գործունեության մյուս բաղադրիչների, հատկապես օպերատիվ-հետախուզական աշխատանքի դերը: Հանցավորության դեմ պայքարում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն առանձնահատուկ են: Դրանց ճիշտ, գրագետ և ժամանակին իրականացումը կարող է ոչ միայն խափանել, այլև արդյունավետ կանխել հանցանքների կատարումը:

Պարոնա՛յք ոստիկաններ,
Հատկանշական է, որ իրավախախտումների կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է: Այս աշխատանքի արդյունքներն այս պահին փաստացի հեռու են դրական գնահատվելուց:
Այո՛, հաշվետու ժամանակահատվածում համապատասխան դեպքերի հայտնաբերման աճ է գրանցվել: Սակայն շարքային քաղաքացու համար միշտ չէ, որ տեսանելի են այս ոլորտում ձեր կատարած աշխատանքի արդյունքները: Ես սա ասում եմ գիտակցելով հանդերձ, որ մեր անկախության առաջին տարիներին զենքի և զինամթերքի անվերահսկելի մեծ շրջանառություն է եղել. ես նկատի ունեմ՝ սովետական բանակից Հայաստանի Հանրապետության փոխանցման ժամանակահատվածը, նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղվող մարտերում ձեռք բերված ավարն ու ինչ-որ չափով նաև եղած զենքի անվերահսկելի շրջանառությունը: Սա բոլորիս համար հասկանալի է, բայց արդեն անցել է 23-24 տարի, և մենք պարտավոր ենք այս հետևանքները վերացնել:
Իրականում տարօրինակ է. եթե կա պայքար, իսկ դրա արդյունքները դրական են, ապա ինչպես է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջև հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երևույթը մտահոգիչ է նաև այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսևորումներ:
Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է համատարած շուրջկալներ և խուզարկություններ կազմակերպել, խանգարել քաղաքացիների հանգիստը, խախտել նրանց իրավունքները: Այսպիսի դեպքերի համար խստորեն պատժամիջոցներ են կիրառվելու: Խոսքն օպերատիվ աշխատանքի ակտիվացման մասին է, և ընդհանրապես կարծում եմ, որ համակարգում յուրաքանչյուր անարդյունք խուզարկություն պետք է քննության առարկա դառնա և միջոցներ ձեռնարկվեն:

Հարկ եմ համարում ընդգծել, որ պետության իրավապաշտպան համակարգում ոստիկանության անելիքները միայն հանցագործությունների կանխարգելմամբ չեն սահմանափակվում: Դուք ոչ պակաս դերակատարում ունեք նաև հանցագործությունների բացահայտման և դրանք կատարած անձանց հայտնաբերման գործում:
Այս առումով չափազանց կարևոր է ձեր սերտ համագործակցությունն իրավապահ այլ մարմինների, այդ թվում՝ ազգային անվտանգության և քննչական մարմինների հետ: Դա, անկասկած, կարող է տալ բազմաթիվ դրական արդյունքներ: Կարծում եմ՝ բանկերից մեկի մասնաճյուղում տեղի ունեցած հափշտակության գործով վերջին ձերբակալությունները ասվածի լավագույն ապացույցն են:
Մեկ անգամ ևս պետք է նշեմ, որ հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: Սա պարզ տեսանելի է ոչ միայն քիչ առաջ ներկայացված թվային պատկերից, այլև պրակտիկայում բացահայտված տասնյակ, երբեմն զավեշտի հասնող դեպքերից:
Բերեմ ընդամենը մի քանի ցայտուն օրինակ: Պարզվել է, որ որոշ դեպքերում հետախուզական գործերը կազմվել են անձի նկատմամբ հետախուզում հայտարարելուց 10 կամ 12 տարի հետո: Այսինքն՝ հանցանքի մեջ մեղադրվող անձին այդքան ժամանակ ոչ մեկը չի անհանգստացրել, չի փնտրել:
Կամ՝ մեղադրյալը հետախուզման մեջ գտնվելու պայմաններում կարողացել է փոխել իր անձնական տվյալները և ստանալ նոր անձնագիր: Սա խոսում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցության մակարդակի մասին: Կամ՝ տարբեր քրեական գործերով հետախուզվող անձի վերաբերյալ կազմվել է մեկ հետախուզական գործ, ապա մեկ քրեական գործով հետախուզումը դադարեցնելուց հետո դադարեցվել է նաև ողջ հետախուզական գործը, ինչի հետևանքով մյուս քրեական գործերով անձն անհիմն չի հետախուզվել:
Ավելին, արձանագրվել է նաև դեպք, երբ հետախուզվողին հայտնաբերելուց հետո ոստիկանության օպերլիազորը նրան քննիչին չի ներկայացրել, այդ մասին նրան գրավոր կամ բանավոր չի տեղեկացրել: Սակայն այդ նույն օպերլիազորը հետախուզումը դադարեցնելու մասին համապատասխան քարտ է ուղարկել ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ էլ հետախուզումը հաշվառումից հանվել է:
Բազմաթիվ են դեպքերը, երբ հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձևական կամ փաստացի չեն իրականացվում: Դրա արդյունքում հանրապետությունում, նույնիսկ տարիներով իրենց տանը գտնվող հետախուզվողներին ոչ ոք չի անհանգստացնում: Մի դեպքում՝ նույնիսկ 24 տարի՝ 1993-ից մինչև 2017 թվականը որևէ մեկն այդ մարդուն չի անհանգստացրել:
Այդպիսի հետախուզվողները հետագայում ազատվում են, իհարկե, քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կամ ուղղակի դառնում են այլ հանցանքի զոհ: Ընդ որում, այդ անձանց մեծ մասը հետախուզվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների կատարման համար, ինչը կրկնակի անընդունելի է և շատ վտանգավոր:

Այս ամենը վկայում է, որ նշված ոլորտում իրավիճակի փոփոխություն, մեղմ ասած, չկա: Հետախուզվողների հայտնաբերման արդյունավետությունը գոնե վերջին հինգ տարիների ընթացքում տատանվում է 31-34 տոկոսի սահմաններում: Սա էլ դեռ առանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327 հոդվածով հետախուզվողների, խոսքը ժամկետային զինծառայությունից խուսափելու մասին է: Հակառակ դեպքում՝ հայտնաբերման ցուցանիշը լավագույն դեպքում հասնում է 14 տոկոսի: Եվ եթե սրան ավելացնենք այն հանգամանքը, որ զինվորական հանցագործություններով հետախուզում իրականացնում է ռազմական ոստիկանությունը, և այնտեղ էլ իրավիճակն ավելի բարվոք չէ, քան այստեղ, դա նշանակում է՝ ընդհանրապես, միգուցե, 10 տոկոսից ցածր կլինի: Այսինքն՝ այսքան հանցագործներ ուղղակի թաքնվում են մեզնից՝ մեզնից բոլորից: Սա անթույլատրելի է:
Այսպիսի պայմաններում պետք է լրջագույնս վերլուծել առկա խախտումների, թերությունների ու բացթողումների պատճառները և համալիր միջոցներ ձեռնարկել վիճակը շուտափույթ շտկելու համար:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: