«Պատերազմի ժամանակ եթե տանենք, կլինի «пушечное мясо»». նախարարը՝ չծառայած անձանց մասին

Oct 23, 2017 Comments Off on «Պատերազմի ժամանակ եթե տանենք, կլինի «пушечное мясо»». նախարարը՝ չծառայած անձանց մասին

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած պարտադիր զինծառայողների համար՝ 3 տարի, տարկետման իրավունքը խիստ սահմանափակվում է:ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, դիմելով ՊՆ նախարարին, նկատեց, որ տղա երեխա ունեցողները սկսել են երեխաներին դուրս հանել:

«Երեխան 14 տարեկան է, արդեն Ռուսաստանի քաղաքացի է: Նման խնդիր կա, սա պետք է ուսումնասիրել և հասկանալ՝ ինչու են տղա երեխաներին երկրից հանում»,- հարցրեց Ֆելիքս Ցոլակյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չհամաձայնեց նրա այս մտքի հետ. «Ես չեմ կարծում, որ մեր օրենսդրությունը միտված է նրան, որ տարկետումներից օգտվելու սահմանափակումը արտագաղթին նպաստի: Արտագաղթի դեմն առնելը շատ ավելի երկարատև և հետևողական քաղաքականության արդյունք պետք է լինի, որը չի կարող հենվել զինծառայությունից լրացուցիչ խուսափելու հնարավորությունների վրա»:

Այնուհետև, անդրադառնալով մեկ այլ խնդրի, այն է, որ խաղաղ ժամանակ չծառայած անձինք զորակոչվեն պատերազմի ժամանակ,  նշեց. «Եթե գտնում ենք, որ մարդը խաղաղության ժամանակ ոչ պիտանի է զինծառայության համար, պատերազմի ժամանակ եթե տանենք, կլինի «пушечное мясо»: Եթե խաղաղ ժամանակ չենք նախապատրաստել նրան, պատերազմի ժամանակ տանում ենք, որ ի՞նչ անենք: Եթե պիտանի չէ, ուրեմն՝ պիտանի չէ»:

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: