Շիրակի պետհամալսարանի ռեկտորի՝ «Մինասյան և Co»-ի «հոլիվուդյան» հոնորարները և դասախոսների ստացած գրոշները

Oct 23, 2017 Comments Off on Շիրակի պետհամալսարանի ռեկտորի՝ «Մինասյան և Co»-ի «հոլիվուդյան» հոնորարները և դասախոսների ստացած գրոշները

Շիրակի պետհամալսարանի «միամիտ» մամլո ասուլիսների սիրահար ռեկտոր Սահակ Մինասյանը, որը ցանկանում է Շիրակի Մայր ԲՈՒՀ-ը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական հաստատություն, սկսեց զուգարաններից և շարունակում է բուֆետադահլիճային թանկարժեք շինարարությամբ, ինչի հետևանքով նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամից բյուջեում գրեթե գումար չի մնացել: Պարոն Մինասյանը երևի մոռանում է,որ ամենաառաջինը միջազգային չափանիշներին պետք է համապատասխանեցներ ոչ թե թուրքական՝ «պպզովի» ոճով իր կողմից վերանորոգված զուգարանները և այլ անիմաստ շինարարություններ նախաձեռներ,այլ դասախոսների աշխատավարձերը գոնե մոտեցներ այդ միջազգային ստանդարտներին:

Պարոն Մինասյանը համալսարան այցելած ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին և հոկտեմբերի 2-ին ԲՈՒՀ ժամանած ԿԳ նախարարության ստուգող հանձնախմբին ԽԱԲԵԼ է,որ համալսարանի ադմինիստրատիվ կազմի և դասախոսների աշխատավարձերը շատ քիչ են տարբերվում,այնինչ ռեկտորի թեթև ձեռամբ ԲՈՒՀ-ում բացվել է »Մինասյան և Co» ընկերությունը,որի մեջ ընդգրկված անձինք, լինելով պարոն Մինսայանի մտերիմները, ահռելի (ԲՈՒՀ-ի չափանիշներով) աշխատավարձեր են ստանում,իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմը բավարարվում է գրոշներով: Բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ,որ 2500 ուսանող ունեցող Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը ինքն իրեն նշանակել է բավական բարձր աշխատավարձ՝ 700 հազար դրամ (ըստ հաստիքացուցակի): Սակայն պարոն ռեկտորը, ԶԼՄ-ներին հարցազրույց տալուց հայտարարում է,որ ստանում է 500 հազար: Այո,ստանում է առձեռն 500 հազար,բայց հաստիքացուցակում,որը ներառում է իր մեջ նաև բոլոր հարկերը, նշված է 700 հազար դրամ…Այդ ամենը արվում է միտումնավոր…Եթե պարոն Մինասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտարարում է իր “մաքուր” աշխատավարձի մասին,ապա լավ կլիներ,որ այդպիսի «մաքրությամբ» էլ անդրադառնար պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերին,այլ ոչ թե դրանց «կեղտոտ չափը» բարձրաձայներ և մեխանիկորեն խեղաթյուրեր իրականությունը:

Պարոն Մինասյանի 700 հազար դրամանոց աշխատավարձը ստիպեց ինձ ուսումնասիրել հայաստանյան մյուս ԲՈՒՀ-երի ռեկտորների աշխատավարձերը,որի արդյունքում պարզեցի,որ Սահակ Մինասյանը ԱՄԵՆԱԲԱՐՁՐ վարձատրվող ռեկտորն է,որը ղեկավարում է սոցիալապես ամենաանապահով մարզի Մայր ԲՈՒՀ-ը: Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի տվյալների համաձայն` մոտ 20 հազար ուսանող ունեցող Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ստանում է 808500 դրամ: 6360 ուսանող ունեցող Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝500 հազար դրամ,7000 ուսանող ունեցող Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝693 հազար դրամ: 10 հազար ուսանող ունեցող Հայաստանի պետական մանկավարժական հաամալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի աշխատավարձը կազմում է ընդամենը 589600 դրամ,իսկ նույնքան ուսանող ունեցող Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի աշխատավարձը կազմում է ընդամենը 444 հազար դրամ: Մոտ 4000 ուսանող ունեցող Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ (բոլորի աշխատավարձերը ներկայացված է հարկերը ներառյալ): Հետաքրքիր է,այդ ի՞նչ ծառայություններ է մատուցում Շիրակի պետհամալսարանի գիտթեկնածու և մի 4-5 “գիտական” հոդվածների հեղինակ ռեկտոր Սահակ Մինասյանը,որ, ունենալով ընդամենը 2500 ուսանող, 110 հազար դրամով ավելի շատ է վարձատրվում 20 հազար ուսանող ղեկավարող, 81 գիտական աշխատանքների և 4 մենագրությունների հեղինակ,պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանից…ԿԳ նախարարությունում ինչպե՞ս են այս ամենը մեկնաբանում…
Երևանյան և ընդհանրապես հայաստանյան բոլոր ԲՈՒՀ-երի ռեկտորները պետք է երազեն,որ, հաշվի առնելով իրենց ուսանողների թիվը և վարձավճարները, այսպիսի “հոլիվուդյան” աշխատավարձ ստանային: Պարոն Մինասյանը նույնքան շռայլ՝”հոլիվուդյան” է գտնվել իր ընկերների և մտերիմների հանդեպ ևս: Հայաստանյան շատ պաշտոնյաներ,այդ թվում նաև մարզպետներ և քաղաքապետեր,էլ չեմ ասում նույն նախագահի և վարչապետի խորհրդականների և օգնականների մասին, կերազեին ռեկտոր Մինասյանի մոտ աշխատեին որպես թեյ և սուրճ եփող գործավարուհի,որն ըստ հաստիքացուցակի` ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ,օգնական և խորհրդական՝250-300 հազար դրամ աշխատավարձ,Որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն, Ուսումնագիտական և խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն,գլխավոր ֆինանսիստ,գլխավոր հաշվապահ՝350 հազար դրամ,բժիշկ՝250 հազար դրամ և այլն…Շիրակի մարզի գլխավոր բուժհաստատության և շատ պոլիկլինիկաների առաջատար բժիշկները և բուժքույրերը կերազեին ստանալ համապատասխանաբար 250 և 95 հազար դրամ ամսական աշխատավարձ…Իսկ դասախոսները ,ըստ պարոն Մինասյանի,պետք է բավարարվեն գրոշներով…Մեկ ամիս ժամավճարով պարապելուց հետո պրոֆեսորադասախոսական անձնակազմին վճարեցին դրույքաչափով,որի արդյունքում դասախոսների աշխատավարձերը բավական նվազեցին…Իսկ դրույքաչափերը հետևյալն են.1 դրույքաչափը չպաշտպանած դասախոսների համար՝150 հազար դրամ՝ հարկերը ներառյալ,այսինքն՝«կեղտոտ»: Առձեռն դասախոսը ստանում է 102 հազար դրամ,գիտթեկնածու- դոցենտները՝180 հազար դրամ (123 հազար դրամ առձեռն),գիտթեկնածուները՝170 հազար դրամ,իսկ պրոֆեսորները՝210 հազար դրամ: Հետաքրքիր է,պարոն Մինասյանի ասած ադմինիստրատիվ կազմի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերի համաչափությունը որտե՞ղ է պահպանված: Այո՛,գիտությունից անսահման հեռու, գիտությունը չսիրող և ԲՈՒՀ-ական կրթությունից բացարձակ ոչինչ չհասկացող ռեկտոր Մինասյանի համար իր թեյ եփող գործավարուհին և Շիրակի պետհամալսարանում դասավանդող պրոֆեսորները նույն հարթակում են գտնվում…
Հ.Գ.Պարոն Մինասյանը ԲՈՒՀ է մտել՝«Եթե նախկինում Ձեզ մոտ հանրապետություն է եղել,ապա այժմ կլինի կայսրություն» (այս արտահայտությունը հենց նա է ինձ ասել) կարգախոսով…Այդ կարգախոսին համապատասխան էլ գործում է: «Կայսրի» ՝Մինասյանի թիմակիցներն օգտվում են ամեն ինչից,իսկ մյուսները՝գրոշներից…Պարոն Մինասյանը չի ընդունում նաև քննադատություն: Իրեն քննադատողների նկատմամբ տոտալ վերահսկողություն է սահմանում և շատերին ահաբեկում՝չշփվել «ընդդիմադիրների» հետ: Ու այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում և Շիրակի պետական համալսարանում…

Գագիկ Համբարյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: