ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի՞ գործի. ինչ որոշում է կայացվել

Oct 23, 2017 Comments Off on ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի՞ գործի. ինչ որոշում է կայացվել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈւ սպորտային վաշտն այլևս չի գործի, քանի որ հայկական բանակում սպորտային վաշտի առկայությունը մեծ խնդիր է համարվում:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ այդ վաշտում այն քաղաքացիներն են, ովքեր զորակոչվում են զինվորական ծառայության, պետությունը ծախսում է միջոցներ այդ վաշտը պահելու համար, իսկ այդ ծախսերն արդարացված չեն:

Վերը նշվածի հետ կապված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հարցին նա այսպես պատասխանեց. «Խոսքը մոտավորապես 100 մարդու մասին է, նրանց սպասարկող սպայական, ենթասպայական հաստիքների քանակը ևս 100 է, ինչը պահանջում է հսկայական ծավալի ծախս և’ աշխատավարձի, և’ կերակրման, և’ կեցության և’ հանդերձավորման: Բայց այդ մարդիկ իրենց սպորտային առաջընթացի համար պարբերաբար մարզումների մեջ են` ֆեդերացիաների տրամադրության տակ: Իրենք զորամասում գրեթե չեն լինում ու դա հսկայական ծախս է` չարդարացված»:

Նա տեղեկացրեց նաև, որ այս հարցը քննարկել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և որոշում կայացրել՝ առաջնություններում առաջինից չորրորդ տեղ գրաված անձինք ստանում են տարկետում` 3 կամ 4 տարի ժամկետով, արդյունքը կրկնելու դեպքում նորից են ստանում տարկետում, չկրկնելու դեպքում` զորակոչվում ժամկետային զինվորական ծառայության:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: