Զինվորների կյանքն ու Սարգսյան-Ալիև հանդիպման միակ հրամայականը

Oct 25, 2017 Comments Off on Զինվորների կյանքն ու Սարգսյան-Ալիև հանդիպման միակ հրամայականը

Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումից հետո մինչ օրս շփման գծում ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց, հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից, հայտնել են Ղարաբաղի Պաշտպանության բանակից:

Չնայած անցյալ շաբաթ ղարաբաղյան շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողի սպանությանը, ինչը հաջորդեց ընդամենը 3 օր առաջ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով։

Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ հանդես գալով հայտարարությամբ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցյալ շաբաթ ընդգծեց՝ լեհ գործընկերը համակարծիք է իր այն պնդման հետ, որ խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ցավոք Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով զինվոր է զոհվել: Մենք համակարծիք ենք Լեհաստանի ԱԳ նախարարի հետ, որ ԼՂ խնդրի՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասել էր Նալբանդյանը:

Ստեփանակերտում վստահ են՝ չնայած նախագահների մակարդակով կայացած համաձայնություններն Ադրբեջանը չի պահպանում ու շարունակում է սադրանքներ իրականացնել սահմանին, այդուհանդերձ պետք է շարունակել հարաբերական կայունության պահպանմանը միտված բանակցությունները: Այլընտրանքը լայնածավալ պատերազմն է, կարծում է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: «Խաղաղության և կայունության հարաբերական ձևով պահպանումը դարձել է հրամայական, և այս ուղղությամբ արվում են քայլեր: Ճիշտ է՝ դժբախտաբար ունենք կորուստներ, բայց չպետք է շահարկենք այդ կորուստները, որովհետև այլընտրանքը ցեղասպանությունն է և պետության կորուստը, լայնածավալ պատերազմը: Ի՞նչ անենք՝ գնանք պատերազմի և հազարավոր զոհե՞ր տանք»,- «Ազատության» հետ զրույցում նշել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահի հետ ժնևում ունեցած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ կա պայմանավորվածություն՝ առաջնագծում զոհերից խուսափելուն ուղղված քայլեր կատարելու շուրջ: «Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»,- ասել էր Սարգսյանը: Նրա այս հայտարարությունից ընդամենը երեք օր անց Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կրակոցից սպանվեց ԼՂ պաշտպանության բանակի զինվոր Տիգրան Խաչատրյանը: Այժմ պաշտոնական Երևանը ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով փաստում է, որ չնայած հայ զինծառայողի սպանությանը, հայկական կողմը շարունակում է խաղաղ կարգավորման կողմնակիցը լինել:

Պաշտոնական Երևանի արձագանքը՝ Ժնևի հանդիպումից ընդամենը օրեր անց նոր զոհի վերաբերյալ, իհարկե մեղմ էր: Բայց գոնե միջնորդներին ուղղված հորդոր ԱԳ նախարարի կողմից՝ իրավիճակին արձագանքել համարժեք, չեղավ, ինչը տարօրինակ է:

Միջազգային հանրության կողմից գոնե համարժեք արձագանքը՝ Ալիևի սադրանքներին, պետք է չուշանա: Իհարկե, հայկական կողմը պետք է իր հավատարմությունը ցույց տա խաղաղ կարգավորմանը, սակայն, եթե նույնը ցույց չի տալիս Ալիևը՝ պաշտոնական Երևանը պետք է գոնե միջազգային հանրությունից իր ակնկալիքների մասին բարձրաձայնի: Հակառակ դեպքում, ստացվում է, որ պաշտոնական Երևանին ստեղծված իրավիճակը չի մտահոգում:

Ավելին, Ժնևի հանդիպումը ուշագրավ էր այն առումով, Սարգսյան-Ալիև հանդիպմանը հաջորդած հայտարարություններում խոսք չկար կոնկրետ նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին:

Իհարկե, սա չի նշանակում, որ հայկական կողմը հրաժարվել է սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրման և մյուս պայմանավորվածություններից: Մյուս կողմից էլ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և միջնորդների համատեղ հայտարարությունում կրկին հիշատակվեց լարվածության մեղմացման միջոցառումների մասին: Բայց, միևնույն է, մնում է հարցը՝ իսկ Ալիևը՞, նա հարգելո՞ւ է այդ պահանջները… Ընդամենը մի քանի օր անց նա ապացուցեց, որ ո՛չ: Իսկ, եթե նա շարունակում է հրաժարվել այդ պահանջները կատարելուց, ավելին՝ ցույց է տալիս, որ նույն «ոգով» շարունակում է, և սահմաններում մշտապես լարվածություն պետք է լինի, պետք է լինեն համարժեք քայլեր:

Ժնևի բանակցություններում, իսկապես, որևէ կոնկրետ բան կողմերը չեն պայմանավորվել, սակայն, այն, թերևս կարևոր էր միայն բանակցությունների շարունակականությունն ապահովելու տեսանկյունից: Բայց, եթե Ալիևը շարունակելու է նույն ոճով, ուրեմն, նա ցանկանում է վտանգել այդ շարունակականության ապահովումը:

Դրանից պետք է հետևություն անի հայկական կողմը: Սա, իհարկե, հերթական հետևություն է, բայց, այնուամենայնիվ՝ հստակ քայլեր, նոր մարտավարություն և ռազմավարություն է անհրաժեշտ սադրիչ հակառակորդի առկայության պայմաններում:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: