Ծեծել-ջարդել եթե չլինի, թող տարկետումը չգործի

Oct 23, 2017 Comments Off on Ծեծել-ջարդել եթե չլինի, թող տարկետումը չգործի

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես ուսման հիմքով տարկետում ստանալու դրույթի վերացումը հարուցել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների վրդովմունքը:

Հիշեցնենք, որ նոր օրենքով 18 տարեկան բոլոր տղաները պարտավոր են բանակ զորակոչվել։ Տարկետում կտան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: Դրա համար նա ստանալու է աշխատավարձ եւ պետությունից լիովին փոխհատուցում թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաեւ մագիստրատուրայի համար:

Նա պարտավորվում է ծրագրից դուրս չմնալու համար ապահովել միջինից ոչ ցածր միավոր ու շաբաթ օրերը նվիրում է ռազմական պատրաստության գործընթացին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Պարտադիր զինծառայությունից տարկետում է տրամադրվում նաեւ առողջական և ընտանեկան վիճակի պատճառով, եթե քաղաքացին ընտրվել է ԱԺ պատգամավոր, ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակային ուսումնառության համար։ Նախագծով նպատակային ուսումնառությունը սահմանվում է այսպես` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն` եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին:

Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը։ Հոգեբան, դասախոս Սամվել Խուդոյանի կարծիքով պարզապես անթույլատրելի է ընդհատել ուսումը եւ բակալավրիատից հետո զորակոչել ծառայության, այն էլ՝ սպայական կազմում, որն ըստ էության մասնագիտության փոփոխություն, կամ շեղում է բուհում ընտրած մասնագիտությունից.<<Ընդհատման դեպքում ամեն ինչ կմոռանան, ինչ անցել են համալսարանում, կյանքի ուղին կփոխվի, արդեն լրիվ որակազրկված հետ կգան>>:

Սամվել Խուդոյանը հիշեցրեց, որ նույնիսկ հայրենական պատերազմի տարիներին տարկետման իրավունքը գործել է գիտնականների համար: Այդուհանդերձ նա կարծում է, որ ճիշտ որոշում է 18 տարեկաններին պարտադիր ծորակոչելը, բայց մինչ այդ պարտադիր նորմ դարձնելը, նախեւառաջ պետք է բանակում միջանձնային հարաբերությունները կարգավորել, վերջ տալ թալանին, մթնոլորտն առողջացնել: Այս դեպքում, հոգեբանը վստահեցնում է, որ բանակից հետո երիտասարդներն ավելի ճիշտ կկողմնորոշվեն՝ ուզո՞ւմ են սովորել, թե ոչ, որ բաժնում, ինչ ուղղությամբ են ուզում եւ այլն: Խուդոյանը վստահեցնում է՝ բանակից հետո երիտասարդը չի հիասթափվի ուսման հարցում. <<Ի վերջո բանակը կյանքի մի դպրոց է, հասունացման դպրոց եւ կվերադառնան ավելի կողմնորոշված: Եթե, իհարկե, միջանձնային հարաբերությունները կարգավորեն, ծեծել-ջարդել չլինի, ես խորհուրդ կտայի Վիգեն Սարգսյանին ոչ թե շեշտել պարտադիր ծառայությունը, այլ բանակդ նորմալացրու, վերացրու կոռուպցիան, երեխեքին նորմալ սնունդ տուր ու հագցրու, եթե ծնողն իմանա, որ բանակն այնպիսի տեղ է, որտեղ իր երեխային չեն նվաստացնի, 18 տարեկան երեխային չեն ուղարկի սահման պահելու, հաստատ չեն խուսափի>>:

Հարցրեցինք՝ քանի դեռ բանակի որակը չի փոխվել, նպատակահարմա՞ր է սույն փոփոխությունը.<<Գիտեք ես կարծում եմ պետք է ծառայությունը դարձնել ցանկություն, բայց հիմա, այո, մարդ չգիտի՝ ուղարկի-չուղարկի, ինչ կլինի եւ այլն, այս հարցերն իրոք վախեցնում են:Մյուս կողմից՝ մեզ մոտ բարձրագույն կրթության ձեւական պաշտամունք կա, դրա համար եմ ասում, որ 18 տարեկանում պարտադիր զորակոչելը բանակը կկողմնորոշի եւ կմաղվեն այդ ձեւական սովորողները>>:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: