2018-ին ընդառաջ. Սերժ Սարգսյանի գործը գնում է իր հունով

Oct 22, 2017 Comments Off on 2018-ին ընդառաջ. Սերժ Սարգսյանի գործը գնում է իր հունով

 

 

Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հիշյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, և հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ:

Սարգսյանն ընդգծել է, որ երեք միջոցառումներն էլ ունեն առանձնահատուկ նշանակություն և պետք է անցնեն անթերի՝ կազմակերպչական շատ բարձր մակարդակով, սակայն առանձնահատուկ շեշտել է Երևանում 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը. «Ըստ էության, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը՝ աշխարհի ֆրանկոֆոն երկրների ղեկավարների, բարձրաստիճան բազմաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ: Ենթադրվում է, որ 100-ից ավելի պատվիրակություններ և մինչև հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ կմասնակցեն գագաթնաժողովին: Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացվածության մասին»,-ասել է Սարգսյանը:

Ֆիանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների կատարման ընթացքի մասին զեկուցել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը,  որը Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: Ի պաշտոնէ, բոլոր երեք միջոցառումների համար  ստեղծված պետական հանձնաժողովների նախագահը վերչապետ Կարեն Կարապետյանն է: Սակայն համակարգման և  կազմակերպչական աշխատանքների գործառույթը  դրված է փոխնախագահների վրա: Ֆրանկոֆոնիայի դեպքում դա Էդուարդ Նալբանդյանն է, մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի դեպքում՝ Վիգեն Սարգսյանը, իսկ Երևանի 200-ամյակի դեպքում՝ Տարոն Մարգարյանը: Բացի Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանից, որը զբաղեցնում է ընտրովի պաշտոն, մնացած բոլոր հանձնաժողովների պատասխանատուներն, ըստ էության, կարող են մինչ այդ միջոցառումների իրականացումը, այլևս կառավրության անդամ չլինել: 2018 թվականի ապրիլին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը և Հայաստանում ամբողջությամբ ուժի մեջ է մտնում նոր սահամանադրությունը: 2018-ի ապրիլին կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հրաժարական է ներկայացնելու: Այս պահին Սերժ Սարգսյանը թերևս միակ մարդն է, ով հաստատապես գիտի, թե 2018-ի ապրիլից հետո ովքեր են լինելու կառավարության կազմում, ով է լինելու վարչապետը և ի վերջո՝ վերը նշված պետական հանձնաժողովների կազմերում ընդգրկված պաշտոնյաները կարողանալու են այդ միջոցառումներն ավարտին հասցնել: Հրապարակը թերթը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի ԱԳ նախարար է. Նալբանդյանը գոնե մինչեւ 2019 թ. կմնա իր պոստում:

Նման միջնորդություն, ըստ թերթի, արել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հիմնական արգումենտներից մեկը եղել է գալիք  աշնանը Հայաստանում կկազմակերպվելիք  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի «կնքահայրը»  Նալբանդյանն է եղել:Մամուլում նաև հրապարակում էր եղել, թե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը 2018-ի հարցով արդեն պայմանավորվել են և եկել համաձայնության, որ վարչապետի պաշտոնը, որը դառնալու է թիվ 1 քաղաքական պոստը, կմնա Սերժ Սարգսյանին, իսկ Կարեն Կարապետյանը կդառնա առաջին փոխվարչապետ: Այսինքն՝ գործը գնում է իր հունով. Սերժ Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի պատմական իրադարձությունը կվայելի անձամբ:

 

Հայկ Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: