Իշխանության կեղտոտ սպիտակեղենը բացվում է

Oct 22, 2017 Comments Off on Իշխանության կեղտոտ սպիտակեղենը բացվում է

Նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը տրված է ու առաջիկա օրերը Հայաստանում կարելի է հայտարարել կեղտոտ սպիտակեղենի ցուցադրման  շաբաթներ : Եւ քանի որ ՀՀԿ-ի ամենազոր ձեռքով ջարդուփշուր է արվել քաղաքական ներկապնակի ընդդիմադիր երանգները, ուստի այս ընտրությունները հատուկենտ բացառությամբ վերածվել են ՀՀԿ-ականների պայքարի: Գրեթե բոլոր համայնքներում ՀՀԿ-ականների մրցակիցները ՀՀԿ-ականներն են, որոնք մրցասպարեզ են դուրս եկել ու Հայաստանում ընդունված ընտրական ավանդույթներից մի մետր չշեղվելով որքան ուժ ունեն, ցեխ են շպրտում իրար վրա՝ ցույց տալով ՀՀԿ-ի ողջ պերճանքն ու թշվառությունը: Ահավասիկ դրամատիկ ընթացքից չեն շեղվում հատկապես Գորիսի ընտրությունները: Այստեղ իրավիճակը առավել սրված է, քանի որ իրական պայքարը նախկին ու ներկա մարզպետների միջեւ է, եւ այստեղ առավել էնտուզիազմով է ի տես դրվում այս իշխանությունների հանցավոր գործունեությունը:

Sեպտեմբերին Գորիսի այլեւս նախկին  քաղաքապետ Վաչագան Ադոնցը պարտադրված հրաժարական ներկայացրեց, նա Լիսկայի մարդն էր ու հայտնվել էր մարզպետ Վահե Հակոբյանի թիրախում: Դրանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց, ապա նաեւ նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում թեկնածություն առաջադրեց Առուշ Առուշանյանը: Մամուլի տեղեկությունների համաձայն խորհրդարանական ընտրությունների ձախողված փորձից հետո Հակոբյանը Առուշանյանին սփոփել էր Գորիսի քաղաքապետի պաշտոնի խոստումով: Առուշանյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակում առաջադրված թեկնածու էր, անցել էր խորհրդարան, սակայն չարաբաստիկ մի միջադեպի պատճառով մանդատ չստացավ: Նա իր մանդատի կապակցությամբ կազմակերպած խնջույքից հետո գնացել էր իրեն չընտրած մի գորիսեցու տան վրա եւ լեզվակռիվն ավարտվել էր ծեծկռտուքով: Ինչեւէ, առերեւույթ թվում էր, որ գործող մարզպետին հաջողվեց լիսկաթափել Սյունիքը եւ ազատվել Լիսկայի վերջին բաստիլից. Սակայն դա միայն թվում էր:
Օրերս երկար լռությունից հետո, իր մասին հիշեցրեց Սուրիկ Խաչատրյանը: Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի  վերաբերյալ հարցին, Սուրիկ Խաչատրյանը եւ քողարկված մեսիջ հղեց, որ իրեն դեռեւս վաղ է մոռանալը:
Մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ Գորիսում թեկնածությունն է առաջադրել նաեւ նախկին քաղաքապետ, Լիսկայի հետ երբեմնի վատ հարաբերությունները հարթած Սամվել Հարությունյանը: Գորիսում վստահ են, որ Հարությունյանի առաջադրումը խրախուսել է Սուրիկ Խաչատրյանը: Այս թեկնածուների դրամատիկ պայքարը դեռ առջեւում է, եւ չի բացառվում, որ ընտրություններն այստեղ վերածվեն մինչեւ անգամ ձեռնամարտի, սակայն մինչ այդ  կողմերը հրապարակային կսմիթներով են բավարարվում:
Հրապարակվել է երիտասարդ Առուշանյանի հերթական հարցազրույցը, որը կարելի է ասել հաղորդում է հանցագործության մասին, իսկ հանցագործը իշխանությունն է, ՀՀԿ-ն՝ ի դեմս նախկին մարզպետի, որը տարիներ շարունակ ըստ երիտասարդ քաղաքապետացուի  ավերել է Գորիս քաղաքը, իսկ արդյունքը եղել է արտագաղթը:
<<Իսկապես լուրջ խնդիրներ են  եղել, դա փաստ է, սակայն չէի ցանկանա անդրադանալ: Այսօր փորձում ենք Գորիսը նորից դարձնել միասնական, արագորեն զարգացող համայնք, որում ամեն ոք ունի աշխատելու, ստեղծագործելու և բարկեցիկ  ապրելու հնարավորություն>> լալահառաչ ներկայացնում է Առուշանյանը ու չի թաքցնում նաեւ արտագաղթի փաստը.<<Արտագաղթած ընտանիքներ ունենք: Սա այն կարևոր խնդիրներից մեկն է, որի լուծման ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի; Մենք պետք է մեր ամենօրյա աշխատանքով ստեղծենք միջավայր, որպեսզի նրանք, ովքեր հեռացել են քաղաքից, հետ վերադառնան>>: Երիտասարդը, որն իրեն  արդեն քաղաքապետ է զգում էլի շատուշատ բաներ է ասել, բայց դա արդեն կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ՀՀԿ-ում ինքնախժռման, ուստիեւ ինքնամաքրման գործընթաց է սկսել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: