Բանակը հզոր է ոչ միայն խրամատներում կանգնած զինվորականներով, այլեւ թիկունքում գտնվող տաղանդավոր երիտասարդներով

Oct 23, 2017 1 Comment

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես ուսման հիմքով տարեկետում ստանալու դրույթի վերացումը հարուցել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների վրդովմունքը:

Նրանք այսօր բողոքի ակցիա ու քայլերթ են կազմակերպել՝ հորդորելով պատկան մարմիններին հրաժարվել այդ դրույթից: Թեմայի շուրջ լսեցինք Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանին:

-Տիկին Դիլբարյան, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ կհանվի ուսման հիմքով տարակետում տրամադրելու դրույթը, արդարացված եք համարո՞ւմ ուսանողների բողոքը այս հարցի վերաբերյալ:

-Ես անկեղծ համոզված եմ, որ ուսման հիմքով տարեկետման վերացման այս նախագիծը չպետք է ընդունվի, որովհետեւ նա ոչ միայն չի կարող արդյունավետ լինել եւ օգնել, դիցուք, որ մեր բանակի մարտունակությունը բարձրանա, այլ ընդհակառակը կարող է նպաստել այդ մարտունակության նվազմանը: Որովհետեւ իմ անկեղծ համոզմամբ, եթե դու շնորհալի մաթեմատիկոսին, ֆիզիկոսին կամ երաժշտին թույլ չես տալիս կրթություն ստանալ, այլ անմիջապես նրան տանում ես բանակ, դու խաթարում ես ուսումնական գործընթացը: Իսկ բանակը հզոր է ոչ միայն խրամատներում կանգնած պայծառ եւ հրաշալի զինվորներով, այլ նաեւ թիկունքով գտնվող տաղանդավոր երիտասարդներով, որոնք կարող են եւ ճարտարագիտական, եւ ռազմական տեխնիկայի եւ մնացածի վերաբերյալ իրենց մեծ ներդրումն ունենալ: Բացի այդ ես խիստ համոզված եմ, որ այսօր, երբ մենք, ցավոք, պատերազմական գործողությունների մեջ ենք, խրամատներում եւ մեր բանակում պետք է լինեն փորձառու եւ ավելի արհեստավարժ զինվորականները, կամ գոնե նրանք, ովքեր արդեն բանակային, մարտական կռիվների փորձ են ունեցել: Այո, ես հասկանում եմ, մենք ունենք դեմոգրաֆիական խնդիրներ, բայց միեւնույն ժամանակ ունենք պատերազմ: Այս 18-19 տարեկան երեխաները չէ որ պետք է լրացնեն այդ բացը: Փորձենք ավելի շահավետ պայմաններ ստեղծել, ազատամարտիկների զգալի բանակ ունենք, որոնց մի մասը գործազուրկ է եւ այլն, նրանց ներգրավել եւ նրանց տանել: Որովհետեւ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մեր զոհերի քանակի մի որոշակի հատվածը եղավ նաեւ ոչ արհեստավարժության պատճառով: 18-19 տարեկան երեխաները չեն կարող դիմագրավել լուրջ մարտական գործողությունների, ուստի խրամատներում, առաջնագծում կա բոլորովին այլ զինվորական ներուժի կարիք: Եւ պետք չէ կտրել ու աղքատացնել մեր երկիրը իր գիտական ներուժով, արվեստով: Պատանի ջութակահարը եթե գնաց բանակ, ապա կարող ենք վստահ ասել, որ որպես ջութակահար նրան կորցնում ենք:

-Նախագծի հեղինակները բացառությունների կարգ են սահմանում եւ բացառիկ շնորհալի երիտասարդներին կտրվի տարկետում, Պաշտպանության նախարարը մի առիթով հայտարարել է, որ այս դրույթը չի բխում նաեւ դեմոգրաֆիկ խնդրից, այսինքն սահմանում թվաքանակի խնդիր կա, դրա համար են սա ներմուծում, այլ ավելի շատ դիտարկում են կոռուպցիոն դրսեւորումների վերացմանն ուղղված քայլ, որպեսզի շատերը բուհ չընդունվեն միայն այն բանի համար, որպեսզի ազատվեն ծառայությունից:

-Ես կարող եմ ասել, որ դրանք սին, ձեւական մակարդակում գտնվող բացատրություններ են: Նախ դա բնավ չի նվազեցնի կոռուպցիան, որովհետեւ բանակից ազատվելու բազմաթիվ այլ հիմնարկներ կան, ինչպիսին օրինակ բուժհիմնարկներն են, ամբողջ հեղեղը կուղղորդվի այնտեղ, երկրորդը, որ ասում են բացառիկ, այդ քանի՞ մարդ ենք գտնելու, եւ ընդհանրապես <<բացառիկը>> որտեղից եւ երբ է երեւում: Ես արդեն երեսուն տարի է աշխատում եմ ԵՊՀ-ում եւ գրեթե չեմ հանդիպել մարդկանց, որ ընդունվել են համալսարան բանակից ազատվելու համար:

Նրանք տեսակարար չափազանց փոքր կշիռ ունեն, եւ նրանց համար մեր մի ամբողջ սերնդի զրկել կրթություն ստանալու եւ կողմնորոշվելու ունակությունից, չափազանց հապճեպ մոտեցում է: Առավել եւս, եթե չեն լուծում դեմոգրաֆիական խնդիր, չնայած ես գիտեմ, որ այդ խնդիրն էլ է լուծվում, մենք շատ գործուն տեղեկատվություն ունենք, որ հիմա խրամատներում, որտեղ պետք է լինեն դիցուք 7 կամ 10 զինվոր, դրա կեսն է եւ ավելի պակասը: Ճիշտը ճշմարտությունն ասելն է: Իսկ ճշմարտությունն ունի մի քանի լուծման ճանապարհ, ամենաճիշտ ճանապարհը արդեն կռվելու փորձ ունեցող եւ ավագ տարիքի մարդկանց շահագրգռելն է զինվորական ծառայության գնալու: Երիտասարդներին տանելով մենք միայն վնաս ենք պատճառել:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց

Մեկ անդրադարձ “Բանակը հզոր է ոչ միայն խրամատներում կանգնած զինվորականներով, այլեւ թիկունքում գտնվող տաղանդավոր երիտասարդներով” հրապարակմանը

  1. Hakob Darbinyan says:

    Հանուն գիտության զարգացման պետք է անառիկ պահել պետական սահմանը` ծառայելով Ազգային բանակում: Ազգային բանակում ծառայելը կրթություն է ու գիտություն, հայրենասիրություն է ու պատիվ:
    Մաղթում եմ Ձեզ խաղաղ ու անհոգ ծառայություն Ազգային բանակում:
    Հ. Գ. Թիկունքում գտնվող տաղանդավոր երիտասարդները մի՞թե պակաս հայրենասեր են, որ չկանգնեն խրամատներում և անառիկ պահեն Հայրենիքի սահմանները: