«Մեծ բնակարան ենք ուզում գնել». վիզաների վարչության պետը` հայտարարագրած դոլարների, տների մասին

Oct 20, 2017 Comments Off on «Մեծ բնակարան ենք ուզում գնել». վիզաների վարչության պետը` հայտարարագրած դոլարների, տների մասին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը երկու բնակարան եւ TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել: Նրա դրամական միջոցները կազմել են 30 հազար դոլար և 850 հազար դրամ: Բիչախչյանը հայտարարագրել է նաեւ 3 մլն աշխատավարձը:

Երեկ Ազգային ժողով ժամանած Բիչախչյանից ՀԺ-ն հետաքրքրվեց, թե որտեղից է նա ձեռք բերել նման ֆինանսական կարողություն` լինելով ընդամենը ոստիկանության վարչության պետ:

– Պարոն Բիչախչյան, 30 հազար ԱՄՆ դոլար եւ երկու բնակարան եք հայտարարագրել: Ոստիկանությունում աշխատելո՞վ եք վաստակել, թեեւ Ձեր տարեկան աշխատավարձը շատ քիչ է` ըստ հայտարարագրի:

– Լրագրողները, չգիտես ինչո,ւ ընկել են մարդկանց տարեկան հայտարարագրերի հետեւից, իհարկե դա իրենց իրավունք է: Այդ գումարը գոյացել է իմ ծնողների կուտակած միջոցների հաշվին եւ հայտարարագրել եմ նշված գումարը: Լավ չի՞, որ եղածը չենք թաքցնում: Իմ ծնողները տարիներ շարունակ աշխատել են արտերկրում, եւ կուտակել ենք այդ գումարը:

– Հայտարարագրում երկու բնակարան կար: Երեւանու՞մ են:

– Բնակվում եմ երկու սենյականոց բնակարանում, եւ պետք է վաճառեմ այդ բնակարանն ավելի մեծը գնելու համար: Իսկ ինչ մնում է, որ ամպագոռգոռ ներկայացնում են, թե ունեմ երկու բնակարան, ապա ասեմ, որ մեկը դեռեւս խորհրդային տարիներին` 1985 թվականին ստացած ժառանգություն է Արթիկ քաղաքում: Դա իմ հայրական օջախն է եւ ես համասեփականատեր եմ: Մյուս բնակարանը գնել եմ 2006 թվականին`Երեւանում, բայց կրկին ծնողներիս օգնությամբ: Այդ ժամանակ ես ավագ տեսուչ էի:

– Իսկ հիմա ցանկանում եք ավելի մեծ բնակարան գնե՞լ:

– Ունենք ծնողներիս թողած գումարը, եւ վաճառելով այս բնակարանը, գումարը միացնենք իրար` մեծ բնակարան գնելու համար: Մեծ ընտանիք ենք:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: