ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարո՞ղ են խաղաղություն պարտադրել Ղարաբաղում

Oct 24, 2017 Comments Off on ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարո՞ղ են խաղաղություն պարտադրել Ղարաբաղում

«Պատահական արված քայլերը կարող են հանգեցնել ռազմական գործողությունների»

ԱՄՆ Կոնգրեսում նախօրեին ղարաբաղյան կարգավորման թեմայով լսումներ են անցկացվել:

Ղարաբաղյան խնդիրը սառեցված չէ, ավելին՝ վերջին տասնամյակում կողմերի դիրքորոշումներն ավելի են կարծրացել, տարածաշրջանն ավելի ռազմականացված է դարձել՝ մեծացնելով պատերազմի վերսկսման հավանականությունը, երեկ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Քերի Քավանոն: «Մտահոգություն կա, որ ոչ միայն դիտավորյալ, այլև պատահական արված քայլերը կարող են հանգեցնել ռազմական հակամարտության: Մեծ երևակայություն հարկավոր չէ՝ պատկերացնելու համար մի իրավիճակ, երբ շփման գծի երկայնքով հնարավոր զարգացումները հեշտությամբ կարող են վերահսկողությունից դուրս գալ՝ հաշվի առնելով կողմերի մոտ զենքի կուտակումների աճը և շփման գծի ու Հայաստան – Ադրբեջան սահմանի երկայնքով տեղակայված զինատեսակների որակական փոփոխությունները», նշել է նա:

«Կողմերի մոտ չենք տեսնում փոխզիջումների գնալու ավելի մեծ ցանկություն»

«Շփման գծում իրավիճակի սրացման հավանականությունը մեծացել է ավելի, քան երբևէ», – իր հերթին հայտարարեց Քավանոյից հետո Մինսկի խումբ եկած Ջեյմս Ուորլիքը, փաստելով․ – «Երբ ես 2013-ին ստանձնեցի համանախագահի պաշտոնը, իրավիճակը Շփման գծում անկայուն էր և վտանգավոր, և ցավոք, անցած հինգ տարում շատ քիչ բան է փոխվել»: «Այն ժամանակ անհրաժեշտ էր լուծել դիպուկահարների հարցը, որոնք, չնայած հրադադարի մասին համաձայնագրին, կանոնավոր կրակում էին շփման գծի երկայնքով, ինչի հետևանքով լինում էին զոհեր և վիրավորներ», – հիշեցրել է նախկին համանախագահը՝ շարունակելով․ – «Այսօր շփման գծի երկայնքով տեղակայված է ծանր զինտեխնիկա, այդ թվում՝ ականանետեր, նռնականետեր և հրետանի: Դրանց կիրառման հետևանքով աճել է զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Սխալվելու և իրավիճակի սրացման գնալու հավանականությունը մեծացել է ավելի, քան երբևէ: Մենք պետք է կրկնապատկենք ջանքերը՝ հարատև խաղաղություն հաստատելու համար»:

«Ցավալին այն է, որ մենք այժմ կողմերի մոտ չենք տեսնում փոխզիջումների գնալու ավելի մեծ ցանկություն ու պատրաստակամություն», ասել է ՄԽ ամերիկացի նախկին համանախագահը, փաստելով՝ մինչ օրս դեռ չեն իրագործվել Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները շփման գծում հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ մշակելու ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները ընդարձակելու վերաբերյալ:

Քավանոյի հետնորդ, Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը ևս փաստել է, որ առայժմ կողմերի մոտ չկա փոխզիջումների գնալու և համաձայնության հասնելու պատրաստակամություն: «Թեև մենք չգիտենք Ժնևում կայացած վերջին երկխոսության մանրամասները, սակայն տպավորություն է, որ այնտեղ այս փուլում ուղղակի չի եղել քաղաքական կամք՝ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Անշուշտ, մենք ողջունում ենք նման դեմ առ դեմ հանդիպումները, սակայն պետք է փաստել, որ առանց առաջընթացի և բովանդակալից քննարկումների, դրանք կարող են հիասթափություն առաջացնել», – ասել է Ուորլիքը:

Պայմանավորվածություններ՝ այլոց միջև

«Եթե կողմերն անկարող են վստահությունն ամրապնդող քայլեր ձեռնարկել, գուցե պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել այլոց միջև», – առաջարկեց Քերի Քավանոն, մանրամասնելով՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են պարտավորվել չմիջամտել զարգացումներին, երբ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն էլ կարող են պայմանավորվել և իրենց հատուկ ծառայությունների տվյալները փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Փաստորեն, դուք հիվանդությունը բուժելու փոխարեն առաջարկում եք ախտանիշները վերացնել», – քննարկմանը ներկա Ադրբեջանի ներկայացուցչի այս դիտարկմանը ամերիկացի նախկին միջնորդը արձագանքեց․ – «Դա այն է, ինչ ԵԱՀԿ-ն կարող է անել, մենք լուծումներ պարտադրելու մտադրություն չունենք, սակայն այս քայլերով իսկապես կարող ենք վերացնել ախտանշանները, որովհետև դրանք ավելի են վատթարացնում իրավիճակը, որովհետև մարդկային կորուստներն է՛լ ավելի են դժվարացնում կարգավորման տանող ճանապարհը»:

«Կարգավորումը դժվարին է, բայց՝ ոչ անհույս, կողմերի մի քանի անգամ արդեն գրեթե հասել էին համաձայնության, վերջինը՝ 2011 թվականին էր», – հիշեցրել է Ուորլիքը՝ ընդգծելով, որ ձախողված յուրաքանչյուր շրջափուլից հետո կողմերն ի վերջո վերադարձել են բանակցային սեղանի շուրջ, բայց երբեք չեն առաջարկել հրաժարվել հիմնարար այն սկզբունքներից, որոնց շուրջ ներկայումս էլ բանակցություններ են ընթանում: – «Դրանց հաջորդականության ու մանրամասների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, սակայն այդ տարրերը պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, ըստ այդմ, կողմերը պետք է պարտավորվեն որոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ապագայում անցկացվելիք փոխհամաձայնեցված և իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով: Միջանկյալ կարգավիճակը ժամանակավոր բնույթ կկրի: Երկրորդ՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմանների մեջ մտնող այն տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է միջանկյալ կարգավիճակ ստանա՝ առնվազն, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներով: Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Պետք է լինի Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միջանցք, որը չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ, սակայն պետք է բավարար լայնություն ունենա՝ անվտանգ անցում ապահովելու համար: Կայուն համաձայնությամբ պետք է ճանաչվեն բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը, համաձայնությունը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություն»:

Ի դեպ, քննարկմանը մասնակցող երկու համանախագահներն էլ փաստեցին, որ ղարաբաղյան խնդիրը սակավաթիվ այն հարցերից մեկն է, որի շուրջ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները շարունակում են ակտիվ համագործակցել՝ չնայած օր-օրի խորացող տարաձայնություններին: Քավանոն փաստել է, որ այս հակամարտության նկատմամբ միջազգային ուշադրությունը բավական մեծ է: «ԱՄՆ նախագահները ոչ միշտ են տեղյակ աշխարհի մյուս ծայրում առկա այս մասշտաբի հակամարտություններից, սակայն 1997-ից ի վեր չի եղել ԱՄՆ-ի որևէ նախագահ, որ չիմանա Ղարաբաղի մասին», ասել է նախկին համանախագահը՝ ընդգծելով, որ սա նաև այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի շուրջ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը շարունակում են ակտիվ համագործակցել՝ չնայած օր-օրի խորացող տարաձայնություններին:

«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլև էլ ավելի են սրվել», ասել է Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն: Նրա խոսքով, կողմերն այսօր չեն վստահում ոչ միմյանց ոչ էլ՝ միջնորդական գործընթացին: Այսպես, Ադրբեջանը միջնորդներին կասկածում է ներկա ստատուս քվոն հավերժացնելու փորձի մեջ, իսկ հայկական կողմն այլևս չի վստահում անվտանգության երաշխիքներին: Դրանից բացի, Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի զենքերի շնորհիվ հակամարտության տարածաշրջանում, առաջին հերթին Ադրբեջանի կողմից վարած քաղաքականության ջանքերով էլ ավելի է աճել զենքի քանակն ու որակը: Արդյունքում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գիծն աշխարհում առավել ռազմականացված գոտիներից է, նշում է Գրոնոն:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: