Քանի՞ հոգու ստորագրություն է պետք, որպեսզի քաղաքացիները հանրաքվե պահանջեն

Oct 22, 2017 Comments Off on Քանի՞ հոգու ստորագրություն է պետք, որպեսզի քաղաքացիները հանրաքվե պահանջեն

 

 

Կառավարությունը հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով հաստատվում է քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե կազմակերպելու կարգը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով ներկայացնում էր օրենքի նախագիծը, նշել է, որ նոր սահմանադրության ընդունումից հետո Հանրաքվեի մասին օրենքի փոփոխությունը հիմնական պահանջներից էր: Հանրաքվե կարող է նախաձեռնել 50 մարդուց կազմված խումբը, որը պետք է գրանցվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և սկսի 200 հազար ստորագրությունների հավաքումը: Դրանից հետո ԿԸՀ-ն պետք է ստուգի դրանց կեղծված չլինելը և ճշտումներից հետո տա համապատասխան եզրակացություն՝ հանրաքվեի նշանակումը մերժելու կամ հաստատելու մասին: Հաստատման դեպքում նախագահի կողմից սահմանված կարգով նշանակվում է հանրաքվե: Մերժման դեպքում ԿԸՀ-ի որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել:

«Բարեփոխումները հասարակական պահանջով հանրաքվե անցկացնելու հնարավորություն սահմանեցին: Օրենքը հաստատում է այն կազմակերպելու կարգը և հարցերի շրջանակը, որոնք հանրաքվեի դրվելու ենթակա չեն»,- նշել է Դավիթ Հարությունյանը և ներկայկացրել այն հարցերը, որոնց վերաբերյալ հանրաքվե չի կարող անցկացվել: Դրանք են այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, վարչատարածքային բաժանմանը, միջհամայնքային միավորումներ ստեղծելուն, նախարարությունների ցանկին և Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգին: Հանրաքվեի չեն կարող դրվել նաև այն նախագծերը (հարցերը), որոնք արդեն իսկ դրվել են հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում և նույնաբովանդակ են: Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող օրենքի նախագծերը ևս հանրաքվեի ենթակա չեն, եթե օրենքի ընդունումից չի անցել առնվազն մեկ տարի:

Սահմանվում է նաև, որ հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների օրը:

Նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում:

հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն նաև կառավարությունը և խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդով կամ ավելի պակաս ձայներով/ կախված հարցի բովանդակությունից/:

Ըստ էության գլխավոր նորությունը հանրային պահանջով հանրաքվեի անցկացումն է, մնացած դեպքերը կային նաև նախկին սահմանադրությամբ:

 

Հայկ  Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: