Ալիևի նյարդերը տեղի են տալիս

Oct 19, 2017 Comments Off on Ալիևի նյարդերը տեղի են տալիս

Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպումից հետո դատելով Բաքվից հնչող հայտարարությունները, կարելի է կանխատեսել, որ սկսվում է ավանդական ձևով՝ բանակցությունների արդյունքը, թեև այն խիստ վերապահումով կարելի է արդյունավետ համարել, «ջրելու» գործընթացը:

Պաշտոնական Բաքվից առաջին արձագանքողը Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովից էր, որը Twitter-ում արտահայտվեց: Նա դժգոհեց, թե՝ «թեև որոշվել էր որևէ հայտարարություն չանել նախագահների հանդիպումից հետո, բայց «Սարգսյանը դարձյալ չպահեց իր խոսքը»: «Ցավոք, Սերժ Սարգսյանը կրկին իր դերում է: Չփոխելով իր սովորույթը՝ նա իր համար պատիվ է համարում խախտել բանակցությունների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները»:

Զավեշտալին այն է, որ տարիներ շարունակ պայմանավորվածություններ խախտող, կայացած բանակցությունների վերաբերյալ իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարություններ անող Բաքուն է այսօր հայկական կողմին մեղադրում պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Նովրուզ Մամեդովի հայտարարությանը հետևեց պաշտոնական Երևանի կոշտ արձագանքը: Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանելով Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը՝ կապված Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության հետ, նշեց. «Բաքվի ժամկետանց նոմենկլատուրան դարձյալ բաց թողեց լռելու հնարավորությունը և ի ցույց դրեց իր ողջ սահմանափակ լինելը»:

Հիշեցնենք, երեկ Ժնևում Ալիևի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հանդիպել էր շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ հայտարարելով, որ Ալիևի հետ «պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում զոհեր չլինեն»: Սերժ Սարգսյանը նաև ընդգծել էր․ «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:

Իհարկե, պարզ է, որ Բաքվի համար ձեռնտչու չէ, եթե հայկական կողմը բացահայտում է, որ բանակցություններում որևէ բան չի որոշվել, ընդամենը Ադրբեջանը պարտավորվել է լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ասել է թե՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հարգել, ինչից Ալիևը մեկ տարուց ավելի խուսափում է:

Այնուհետև Նովրուզ Մամեդովին լրացրեց Ադրբեջանի արտգործնախարարը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն, ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ հանդիպման օրն ու վայրը դեռ որոշված չեն: «Արտգործնախարարների հանդիպման հիմնական նպատակը հստակ քննարկումներ անցկացնելն է», – ասել է Մամեդյարովը լեհ պաշտոնակից Վիտոլդ Վաշիկովսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Մամեդյարովը ևս հարկ է համարել անդրադառնալ Հայաստանի նախագահի՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարություններին՝ կարծիք հայտնելով, թե դրանք ճիշտ չեն բանակցություններից հետո: «Ընդունված հայտարարությունը համատեղ հայտարարություն է: Ամբողջ տեքստը թելադրվել է նախագահների կողմից: Այդ հայտարարությունների շրջանակից Հայաստանի նախագահի անպատասխանատու դուրս գալը ճիշտ չէ», – այսօր ասել է Մամեդյարովը:

Այսպես, պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, փորձում է խուսափել նաև Ժնևում ձեռքբերված միակ պայմանավորվածությունից: Դրանով են պայմանավորված Բաքվից նյարդային հայտարարությունները, մեղադրանքները հայկական կողմի ուղղությամբ:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: