Լևոն Հայրապետյանի ուսուցողական ողբերգությունը

Oct 21, 2017 Comments Off on Լևոն Հայրապետյանի ուսուցողական ողբերգությունը

 

Մոսկվայի Մորդովիա կալանավայրում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Չնայած վերջին շրջանում գործարարի առողջությունը շատ վատ էր, նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ, սակայն ռուսական իշխանությունները նրան ազատություն չշնորհեցին: Ավելին, անկախ առողջական վիճակից, Հայրապետյանը պահվում էր ընդհանուր խցում, որտեղ և կնքել է մահկանացուն: Հայրապետյանի դուստրը՝ Անժելիկա Հայրապետյանը, տեղեկացրել է, որ հոր վերջին ցանկության համաձայն, նրան հուղարկավորելու են Մոսկվայում՝ ծնողների շիրիմների մոտ։

Նրա մյուս վերջին ցանկությունը հայրենի Ղարաբաղում ապրելն էր. բանտից ազատվելուց հետո մտադիր էր վերադառնալ և բնակություն հաստատել Արցախում: Ազատությունը, որի մասին Հայրապետյանն այդքան երազում էր, նրան տրվելու էր 2018-ին, բայց….

Լևոն Հայրապետյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: Նրան վերագրված մեղադրանքը «Բաշնեֆտ»-ի գործի շրջանակում էր: Նա մեղադրվում էր ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար: Լևոն Հայրապետյանն իրեն մեղավոր չճանաչեց, սակայն Մոսկվայի դատարանը նրան 4 տարվա ազատազրկման դատապարտեց: Ի սկզբանե ակնհայտ էր, որ Հայրապետյանի դատապարտումն ու ազատազրկումն ուներ քաղաքական տարրեր: Գործը, որի շրջանակում ձերբակալվել էր Հայրապետյանը, կապ ուներ ՌԴ նախագահի մերձավոր շրջապատի հետ: Հայրապետյանը հայտնվել էր Պուտինի մերջձավոր ընկերոջ հակառակորդ թիմի մեջ:

Ռուսական աղբյուրների համաձայն՝ այս գործի հիմքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ, «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինի և «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի բիզնես շահերի բախումն էր ընկած: Իսկ որ Ռուսաստանում խոշոր բիզնեսը ուղղակիորեն առնչություն ունի իշխանության հետ, ակնհայտ է: Ռուսաստանը, ինչպես և Հայաստանը այն երկիրն է, որտեղ խոշոր գործարարը բանտում է հայտնվում այն ժամանակ, երբ դատարանից առաջ կայացվում է քաղաքական որոշում:Թե որ պահից սկսած Հայրապետյանի գործունեությունն սկսեց ՌԴ գործող իշխանությանը դուր չգալ, որ փուլում ով ինչ շահերով և հաշվարկներով առաջնորդվեց, դժվար է միանշանակ ասել:

Լևոն Հայրապետյանի կերպարի անհատականությունը հայրենիքի զգացողությունն էր, որը նա կրում էր պատվով: Հայրապետյանը Ղարաբաղի համար բարեգործական բազմաթիվ նախագծեր է իրականացրել, աջակցել է Արցախի հարյուրավոր նորաստեղծ ընտանիքների, նրա կազմակերպած մեծ հարսանիքը, իսկապես բացառիկ միջոցառում էր իր տեսակի մեջ: Նրա նվիրատվություններով Ղարաբաղում ենթակառուցվածքներ, դպրոցներ ու շատ այլ կենսական կարևորության կառույցներ են իրագործվել: Իսկապես անուրանալի է նրա ավանղը Ղարաբաղի տնտեսական առաջընթացի հարցում: Արմատներով ղարաբաղցի Լևոն Հայրապետյանի դրամատիկ ճակատագրի և ողբերգական մահվան առեղծվածը թերևս կարժանանա վավերագրողների և կինոգործիչների ուշադրությանը: Սակայն նրա ճակատագիրը բավականին խորհրդանշական է հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում Լևոն Հայրապետյանը վերջին մարդը չէր, ու թվում էր, թե 4 տարվա ազատազրկումը կարելի էր մեղմել, օրինակ, տնային կալանքով, ինչը, ի դեպ, նույն գործով անցնող այլ անձանց պարագայում արվեց:  Լևոն Հայրապետյանի դեպքում դա առավել տրամաբանական էր՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Հայկական քաղաքական և իշխանական էլիտայի ներկայացուցիչները որքանով փորձեցին օգնել Հայրապետյանին, դժվար է ասել: Ի դեպ, ձերբակալվելուց առաջ Լևոն Հայրապետյանը քննադատել էր  ՀՀ իշխանություններին:

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Սերժ Սարգսյանը փորձել է Հայրապետյանի հարցը բարձրացնել Պուտինի մոտ, սակայն Ռուսաստանի նախագահն անգամ տեղը չի բերել հայ բարերարին: Նրան չօգնեց նաև Շառլ Ազնավուրի միջնորդությունը: Փորձե՞լ են  Հայրապետյանի համար ինչ-որ բան անել Ռուսաստանի հայտնի հայ մեծահարուստները՝ դժվար է ասել: Եթե փորձել ու արդյունքի չեն հասել, անշուշտ, խորհրդանշական է, իսկ եթե չեն փորձել, ուրեմն…. Ողբերգությունը, որ պատահեց Հայրապետյանի հետ, ուսուցողական է նրանց համար, որովհետև նույնը ցանկացած պահի կարող է պատահել նաև իրենց հետ:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: