Գանգատվում էր բանտային պայմաններից, ասում էր՝ «ուզում եմ շուտ դուրս գամ». Լևոն Հայրապետյանի ընկեր

Oct 18, 2017 Comments Off on Գանգատվում էր բանտային պայմաններից, ասում էր՝ «ուզում եմ շուտ դուրս գամ». Լևոն Հայրապետյանի ընկեր

Բանտում գտնվելու ժամանակ մոսկվաբնակ հայազգի բարերար Լևոն Հայրապետյանը մշտապես դժգոհել է բանտախցային պայմաններից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանի մտերիմ ընկեր, Նիցցայում բնակվող Մացակ Փոլադյանը, ով վերջին անգամ երկու շաբաթ առաջ է զրուցել Լևոն Հայրապետյանի հետ։

«Ինքն էր զանգել, ինչ-որ մի կերպ հնարավորություն էր ստեղծվել։ Ասաց՝ «ոչինչ, վատ չեմ»։ Գանգատվում էր պայմաններից, ասում էր, «ուզում եմ շուտ դուրս գամ, ո՞նց անեմ, որ դուրս գամ, հոգնել եմ էս վիճակից» »,-պատմեց Լևոն Հայրապետյանի ընկերը։

Փոլադյանը նշեց նաև, որ Հայաստան-Սփյուռք համաժողովից առաջ, երբ զրուցել է Հայրապետյանի հետ, վերջինս իրեն հորդորել է ամեն ինչ անել Հայաստանի համար։

«Իհարկե, մինչև իր մահանալը ես իրավունք չունեի խոսելու մեր հեռախոսազրույցների մասին, հիմա կարող եմ ասել, որ անդադար ասում էր, որ հոգնել է այդ բանտային խցից, այդ մթնոլորտից»,- ասաց Փոլադյանը։

Ընկերը պատմեց նաև, թե Հայրապետյանը միշտ մտահոգություն էր հայտնում Հայաստանից արտագաղթի թեմայով։

«Ասում էր՝ «Մացակ ջան, ո՞նց է լինելու, երկիրն արյունահոսում է, այստեղ լսում եմ, որ երկիրը դատարկվում է, սրա վերջն ի՞նչ է լինելու»։ Մինչև վերջին հեռախոսազրույցը Հայաստանի արտագաղթով էր մտահոգված։ Երբ իրեն ասում էի՝ «գիտե՞ս, Արցախում արտագաղթ չկա»` ուրախանում էր»,- պատմեց Մացակ Փոլադյանը։

Կիսատ մնացած ծրագրերի մասին խոսելով` Հայրապետյանի ընկերն հիշեց, որ նա ամենաշատն ուզում էր ավարտին հասցնել Արցախում ռազմական ուսումնարանի կառուցումը, որի հիմքերը արդեն դրված էին:

«Դա մնաց իր ամենամեծ ցանկությունը։ Չավարտած գործեր ու պլաններ շատ ուներ, բայց հիմնական երազանքն այդ ուսումնարանի կառուցումն ու ավարտին հասցնելն էր»։

Ընկերոջ բնութագրմամբ՝ Հայաստանն ու Արցախն անփոխարինելի մարդ կորցրին։

«Ժողովրդի մի մասն իրեն հարգում, սիրում է, բայց իրեն ավելի մոտիկից ճանաչողները գիտեն նաև նրա հայրենասիրության անսահմանության մասին»,- ասաց Փոլադյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե Հայրապետյանի հարազատները չե՞ն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը, Մացակ Փոլադյանն արձագանքեց.

«Հուղարկավորությունից հետո ընկերներով և ընտանիքի անդամներով կխորհրդակցենք, տեսնենք` ինչ ենք անում»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: