«Դուբինկեքով» կմտնեն ԱԺ.Նիկոլ Փաշինյան

Oct 21, 2017 Comments Off on «Դուբինկեքով» կմտնեն ԱԺ.Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կրքերը չեն հանդարտվում։ Այսօր ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Ելք»-ի նախագիծը` այս դեպքով ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար: Ըստ առաջարկի` հանձնաժողովը կազմված է լինելու 10 անդամներից:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նկատեց, որ հիմքում չեն կցվել միջադեպի մանրամասներ, թե կոնկրետ որ արտահայտությունն է, որ ըստ նրանց՝ խախտել է էթիկան: Հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանը հակադարձեց` ԱԺ կանոնակարգ օրենքում նման պահանջ չկա: Հրայր Թովմասյանը հորդորեց` գոնե բանավոր խոսքում ներկայացնել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կողմերին հանդարտության կոչ արեց. «Բարձր կանգնեք դեպքի հանգամանքներից եւ փոխադարձ հասկացողության պայմաններում փորձեք ընդհանուր հայտարարի գալ: Նման ապացուցողական բազայով բարդ է լինելու հարցը քննել եւ որոշում կայացնել»:

«Ինչ որոշում էլ տանք, սուբյեկտիվ է լինելու։ Իսկապես պետք է արմատախիլ անել, ԱԺ-ն ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չէ, ինչ որոշում էլ կայացնենք, մյուս կողմը մեղադրելու է սուբյեկտիվ որոշման մեջ»,-ասաց նա:

Ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը, ով բողոքեց, թե հենց առաջին պահին զարմանալի քննարկում է սկսվել, անհարկի շահակում է, թե ինչու է «էս տառը կանաչ, պետք է շագանակագույն լինի, ինչու միջադեպը ներկայացված չէ»:

Փաշինյանը հերթով անդրադարձ կատարեց բոլոր ելույթներին․«Պարոն Թովմասյանը նախարար, պատգամավոր ժամանակ ինչ օրենք ասեց, բերեց մտցրեց, հիմա մեր նախագծի մասին ասում է, թե համաձայն եք երկու պատգամավորների պահվածքն էլ քննենք»։

Գեւորգ Պետրոսյանի ելույթին էլ անդրադարձավ․ «Պարոն Պետրոսյան, որ Դուք էլ ասում եք, թե իրեղեն ապացույց չկա, գնացեք Ձեր կուսակցության պատգամավորների հետ խոսեք, տեսեք ինչ են ասում: Նոր Ձեր կողքը նստած էր, ու՞ր գնաց Նապոլեն Ազիզյանը, հարցրեք իրան: Հանձնաժողովը ստեղծվում է, որ իրավիճակը քննարկի, ինչ ասել է, թե ապացույց չկա: Էդ, որ ասում եք, թե հինգ տարի իրար հետ աշխատելու եք, մենք էլ ասում ենք, թե պետք է իմանանք, ինչ պայմաններում ենք աշխատելու: Եթե այս միջադեպը գնահատական չստացավ, ապա անկախ նրանից, թե հետո ապացույցներ կլինի, թե ոչ, բայց նման դեպքերը միշտ էլ միջանցքներում կրկնվելու են: Սա մեր նախագիծն է, ունե՞ք ուրիշ նախագիծ, բերեք, դրեք շրջանառության մեջ: Ունե՞ք մտահոգություն պատգամավորների գրառումների վերաբերյալ, ուրեմն ստեղծեք ժամանակավոր հանձնաժողով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան կոշիկները Արտաշես Գեղամյանով մաքրելու համար: Ստեղծեք, բերեք, ես էլ կողմ կքվեարկեմ: Հրայր Թովմասյանն ասում է, թե մեկ հոգին ավել է: Իբր հանրապետականների կարծիքները տարբեր են, այդ հանձնաժողովում էլ պետք է համակարծիք չլինեն, ուզում են ստեղծվելիք հանձնաժողովի 10 անդամը դարձնել 9-ը: Ուզում է 71 հոգի լինեք, ուզում եք 171 հոգի եղեք, մեկ է ձեռքերներդ մեկ հոգու նման վերեւ եք հանում: Սա մեր առաջարկած նախագիծն է, ուզում եք ընդունել, ուզում եք մի ընդունել»,- ասաց Փաշինյաը նկատելով, որ իրենք խնդիր չունեն, խորհրդարան կարող են գալ նաեւ «դուբինկաներով»։

Հարցի քննարկումը հետաձգվեց: «Ելք»-ը կներկայացնի նախագծի լրամշակված տարբերակ`հաշվի առնելով առաջարկները։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: