Ի՞նչ նոր մասնագիտություններ են ներդրվում բուհերում

Oct 19, 2017 Comments Off on Ի՞նչ նոր մասնագիտություններ են ներդրվում բուհերում

 

 

Գալիք տարվանից ՀՀ  բուհերում երկու նոր մասնագիտություն կներմուծվի: Բուհական մասնագիտությունների ցանկը վերանայելու որոշումն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 19-ի նիստի օրակարգում: Մասնագիտությունների ցանկի վերանայման արդյունքում բուհերում կներդրվի ժամանակակից 2 նոր մասնագիտություն՝ իրավագիտություն և ճարտարագիտության ոլորտներում: Ըստ այդմ՝ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում նախատեսվում է ներդնել «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտությունները՝ բակալավր և մագիստրոսի համապատասխան որակավորումներով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Դատական փորձաքննություն» և «Մեխատրոնիկա» մասնագիտություններն ունեն բավական բարձր վարկանիշ: Վերոնշյալ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացմանը /Դատական փորձաքննություն/, ինչպես նաև նորարարությանը և ստեղծարարությանը /Մեխատրոնիկա/, ինչը ժամանակի հրամայականն է:

«Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է հանդիսանում Ճարտարագիտության ոլորտը: Հայաստանում Մեխատրոնիկա մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը»,-  նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նշենք, որ մեխատրոնիկան համարվում է արդյունաբերության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրման արդյունավետ կիրառման համար մեխանիզմներ մշակող ճյուղ, առանց որի հնարավոր ՏՏ ոլորտի զարգացումը 21-րդ դարում ուղղակի անհնար է:

Մեխատրոնիկան նաև ռոբոտիկայի զարգացման և ռոբոտաշինության հետ է կապված: Սա իսկապես հեռանկարային ոլորտ է՝ հաշվի առնելով, որ հայ դպրոցականները միւջազգային մրցույթներում ռոբոտիկայից լավ արդյունքներ ունեն, և այս ուղղությամբ կա որոկյալ դպրոց և զարգացման հեռանկար:

Ի դեպ, Մեխատրոնիկա մասնագիտությունն այժմ ուսուցանվում է քոլեջներում, որպես ՄԿՈՒ մասնագիտություն: Տեխնիկ-մեխատրոնիկը իրականացնում է ավտոմատ կառավարման սարքերի, ռոբոտատեխնիկայի, ջրային տարածքների հետազոտման, տիեզերական օբյեկտների համար նախատեսված օբյեկտների, բժշկական սարքաշինության, արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական գործընթացների, համակարգչային տեխնիկայի միջոցների ավտոմատ ղեկավարման համակարգերի նախագծում, տեղակայում, շահագործում և վերանորոգում, վերահսկում, կարգավորում, կարգաբերում, փորձարկում, մեխատրոնային համակարգերի էլեկտրամեխանիկական, էլեկտրոնային, թվա-ծրագրային կառավարման հանգույցների սխալների հայտնաբերում և վերացում, ինչպես նաև զբաղվում է այդ աշխատանքներին առնչվող տեխնիկական խնդիրներով և իրականացնում է անվտանգության տեխնիկայի հետ առնչվող խնդիրներ: Կազմում է փաստաթղթեր, կատարում է հաշվարկներ:

 

Կարինե  Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: