Իսկ դուք հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանի թվերին

Oct 19, 2017 Comments Off on Իսկ դուք հավատո՞ւմ եք Սերժ Սարգսյանի թվերին

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս աշխարհի բնակչության թիվը կազմում է շուրջ 7 մլրդ մարդ: Վերջին տասնամյակում զգալիորեն ավելացել է Աֆրիկայի բնակչության թիվը։ Փորձագետների կանխատեսմամբ՝ 2050թ. «սև մայրցամաքի» բնակչության թիվը 6 անգամ կգերազանցի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի բնակչությանը։ Ինչ վերաբերում է Հայաաստանին. պաշտոնապես ՀՀ բնակչության թիվը 3 մլն է հասնում, որը աշխարհի բնակչության ընդամենը 0,04 տոկոսն է կազմում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս պաշտոնապես հայտարարեց, որ իշխանությունները նպատակ ունեն վարել այնպիսի սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որ 2040 թվականին ՀՀ բնակչության թիվը հասնի 4 միլիոնի:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանում 2040թ. 4 մլն բնակչություն ունենալու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հայտարարությունը ժողովրդագրական ու միգրացիոն ներկայիս միտումների պահպանման դեպքում շատ դժվար հասանելի նպատակ է: Ավելին, նրա խոսքով, ներկայիս տնտեսական ու դեմոգրաֆիական միտումների պահպանման պարագայում, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, Հայաստանի բնակչությունը գնալով կնվազի՝ 2035 թ. հասնելով  մինչև 2,5 մլն մարդու. այսինքն՝ 1,5 մլն պակաս, քան կանխատեսում է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն իր ելույթում, որտեղ խոսել էր 4 մլն բնակչություն ունենալու մասին, արտագաղթը հայտարարել էր  որպես «շատ վտանգավոր միտում», որին, ըստ նրա, պետք էր հակադրել ներգաղթն ու ծնելիության աճը: «Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:

Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում:

Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»,-մայիսի 18-ին վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ուղերձում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության 2017թ․ առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ ժողովրդագրությանը վերաբերող թվերը մտահոգիչ են . այսպես՝ եթե 2016թ․ հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել էր 9 125 երեխա, ապա 2017թ․՝ ընդամենը 8 534:

Դրան հակառակ՝ աճել է մահերի թիվը․ եթե 2016թ․ առաջին եռամսյակում մահացել է 7 744 մարդ, ապա այս տարի մահերի թիվը աճել է 4 տոկոսով՝ 8 037։

Բնական հավելաճի` ծնվածների և մահացածների թվերի տարբերության մասով ցուցանիշները ևս տագնապալի են։ Ծնվածների և մահացածների թվերի տարբերությունը այս տարվա առաջին եռամսյակում եղել է 497, որն ամենամեծն է վերջին յոթ տարվա ընթացքում։Այս ամենին զուգահեռ՝ նվազել է ամուսնությունների թիվը․ 2017թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է 3 544 ամուսնություն այն դեպքում, երբ 2015թ․ այդ թիվը 4 348 էր:Իսկ 2008-ից ի վեր Հայաստանից արտագաղթել է 350 հազար մարդ:

Դժվար է ասել, թե Սերժ Սարգսյանը որտեղից է հնարել 4 մլն բնակչության լեգենդը:  Փաստացի 4 մլն բնակիչ ունենալու քաղաքական հայտարարությունը որևէ կապ չունի ո՛չ ՄԱԿ-ի՝ աշխարհի բնակչության զարգացման միտումների, ո՛չ էլ ժողովրդագրական ներկա միտումների հետ: Սա ընդամենը ուտոպիա է, քաղաքական խոստում, որը, ինչպես իշխանության տված շատ այլ խոստումներ, չի իրականացվելու: Իսկ պատճառներ, թե ինչու չիրականացվեցին, միշտ կգտնվեն:

 

Հայկ  Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: