Թաքնված «ական», ինչու է պարտադրվում Ընտանեկան բռնության մասին օրենքը

Oct 18, 2017 Comments Off on Թաքնված «ական», ինչու է պարտադրվում Ընտանեկան բռնության մասին օրենքը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումներն արդեն մեկ շաբաթ է անցնում են թեժ մթնոլորտում։ Դրանց որոշ մասնակիցներ պնդում են, թե նախագիծը թելադրված է արտերկրից, և որ Հայաստանում նման հասարակական պահանջ ու անհրաժեշտություն չկա։ Առավել «քյարթուները» հեռու գնալով ասում են, որ դա հարիր չէ «հայու գենին»։ Քաղաքացիական հասարակության մի մասը, արդեն նաև պետությունը վստահեցնում են, որ նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը հասունացել է: Աժ-ի քննարկումը բացառություն չէր։ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իր ելույթում նշեց, որ 100-ից ավելի առաջարկություններ են եղել. «Շատերն են խոսում հանրային պահանջի մասին: Շատերը գնահատականներ են տալիս, որ հանրային պահանջ գոյություն չունի: Մի քիչ տարօրինակ է դա լսել այնպիսի մարդկանցից, որոնք համապատասխան ոլորտում որեւէ գործունեության փորձ չունեն եւ համապատասխան աշխատանքներ այս բավականին խնդրահարույց ոլորտում չունեն: Հաճախ փաստարկներ են հնչում, թե մեր օրենսդրությունը արդեն նախատեսել է համապատասխան կարգավորումներ՝ ի դեմս Ընտանեկան օրենսդրության, Քրեական օրենսդրության, բայց այստեղ այլ կարգավորումներ կան, որոնք չեն կարող պարունակել ոչ Քրեական, ոչ Ընտանեկան օրենսդրության մեջ: Ընտանեկան բռնության կանխարգելման եւ զոհերի պաշտպանության համար է սա: Խոսքը ապաստարանների մասին է: Պատկերացրեք, մենք այս օրենսդրական կարգավորումը չենք ունենում եւ ունենում ենք այն իրավիճակը, ինչ այսօր է, երբ պետական մարմինները ստիպված են դիմել ՀԿ-ներին, որ օգնեն բռնությունից տառապող ընտանիքների, ասենք՝ մորը՝ երեխաների հետ: Այս ոլորտում պետությունը համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկի»: Փոխնախարարի խոսքով՝ «Այս օրինագիծը, ես կարող եմ հստակ ասել՝ ուղղված է հայ ընտանիքի պաշտպանությանը: Մեր ընդդիմախոսներն ասում են՝ դե, Քրեական օրենսդրություն կա, երբ ընտանեկան բռնություն լինի՝ պատժեք բռնարարին եւ խնդիրը լուծված է, բայց այս օրենքը վերաբերում է ընտանեկան բռնության կանխարգելմանը: Փոխնախարարն ասաց, որ Արեւմուտքն առաջարկում է ընտանեկան բռնությունը քրեականացնել. «Մենք չենք անում նման բան»: Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբանն էլ նկատեց․ «Կարեւոր է անպատժելիության մթնոլորտի վերացումը, օրինագիծը Քրեական օրենսգրքում չի՞ նախատեսում փոփոխություն, որով ընտանեկան բռնության հանգամանքը ծանրացուցիչ հանգամանք կհամարվի: Տարիներով ընտանիքում ծեծի դեպքում կիրառվում է տուգանք, իսկ դա անպատժելիության մթնոլորտ է ստեղծում, պետք է պատժիչ մեխանիզմներ սահմանվեն»:

Վիգեն Քոչարյանը պատասխանեց. «Մեր համոզմամբ, դա ընտանեկան բռնության կանխարգելման եւ մեր ընտանիքներին աջակցելու լավագույն ճանապարհը չէ: Քրեական պատասխանատվության հեռանկարը մեծ բացասական ազդեցություն ունի ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման վրա: Շատ են խոսում այն մասին, որ Արեւմուտքի գրանտների պատճառով մենք ստիպված ենք ընդունել այս օրինագիծը, մասնավորապես խոսքը 16 մլն եվրոյի մասին է, ինչն էլ թաքնված «ականն է այս օրենքի ընդունման։ Վարդան Բոստանջյանն էլ այս մասին հարց ուղղեց: Ըստ նրա, պարտադրանքը եկել է 2014-ից, պարզապես հիմա ստիպված իրագործում ենք: Փոխնախարարը պատասխանեց. «Ինչ վերաբերում է գրանտին, այո, գաղտնիք չի, որ ԵՄ-ի հետ բյուջետային աջակցության ծրագրում է նախատեսված: Որպես օժանդակություն համապատասխան բյուջեին տրամադրվում է համապատասխան աջակցություն: Մենք պետք է գիտակցենք, որ եթե բյուջետային աջակցության կամ գումարների մասին ենք խոսում, նյութական խնդիրներ այստեղ չկան»: Բոստանջյանի խոսքով՝ նախագծում «բստրածին ձեւակերպումներ» կան՝ տնտեսական, հոգեբանական բռնություն. «Արտագաղթը եկեք վերացնենք, եկել ենք ամենաամուր տեղամասին՝ ընտանիքին ենք կպել»:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: