Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՄ համաձայնագիրը. Էդուարդ Շարմազանով

Oct 17, 2017 Comments Off on Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՄ համաձայնագիրը. Էդուարդ Շարմազանով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրամիությունն ուրբաթ օրը հրապարակել է Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է գալիք նոյեմբերին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Փաստաթուղթը բաղկացած է ավելի քան 300 էջից եւ ներառում է Հայաստանի ու Եվրամիության միջեւ գործընկերությանը վերաբերող բազմաթիվ դրույթներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե իր տեղեկություններով՝ այս պահին կողմերն իրականացնում են տեխնիկական հարցեր, որից հետո կնախապատրաստվեն ստորագրությանը: Նրա խոսքով՝ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացմանը: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

-Պարո՛ն Շարմազանով, օրեր առաջ հրապարակվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Արդյո՞ք սա հենց այն փաստաթուղթն է, որին ձգտում էին հասնել կողմերը:

-Սա այն բանակցված փաստաթուղթն է, որը կարելի էր ակնկալել: Կողմերն ամիսներ, տարիներ շարունակ զբաղված էին այս փաստաթղթի մշակմամբ: Սա համաձայնագիր է, որը հնարավորություն է տալիս զարգացնել քաղաքական երկխոսությունը Եվրոպական Միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ, որտեղ առանցքային են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության խնդիրները, եւ սրանք հնարավորություն կտան շարունակել նաեւ տնտեսական, սոցիալական բարեփոխումները, ինչպես նաեւ կարեւորվում են ոլորտային բարեփոխումները, ինչը մենք արել ենք տարիներ շարունակ ԵՄ-ի օժանդակությամբ: Իմ ունեցած տվյալներով՝ նախաստորագրումից եւ հրապարակումից հետո հիմա գնում են տեխնիկական աշխատանքներ՝ տեքստի թարգմանություն, նույնականացում, համապատասխանեցում, իսկ քաղաքական ամենակարեւոր գնահատականը հանրապետության նախագահն է տվել, եւ նա ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել նախաստորագրված համաձայնագիրը. այլ բան չեմ կարող ասել:

-Այս ընթացքում մտահոգություններ էին արտահայտվում, թե որքանով ՀՀ-ԵՄ փաստաթուղթը կհամապատախանի ԵԱՏՄ-ի հանդեպ ստանձնած ՀՀ պարտավորություններին:

-Սրանք երկու տարբեր համաձայնագրեր են: Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական համագործակցություն է, այստեղ հիմնականում շեշտը դրված է ոչ թե տնտեսական համագործակցության, այլ քաղաքական բարեփոխումների, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, իրավունքների գերակայության վրա, եւ, բնականաբար, եթե սա հակասեր, հայկական կողմը չէր ստորագրի: Մենք միջազգային սուբյեկտ ենք, եւ եթե մեկ փաստաթուղթ հակասում է մյուսին, բնականաբար չես կարող մերժել միջազգային օրենքը: Այստեղ որեւէ հակասություն չկա ԵԱՏՄ-ի հետ, եւ սրանք երկու տարբեր ոլորտային փաստաթղթեր են, երկու տարբեր ոլորտից:

-Տնտեսական բաղադրիչի մասին Դուք էլ նշեցիք: Փաստորեն այստեղ շեշտը դրված է միայն քաղաքական բաղադրիչի վրա՞:

-Այո՛, այստեղ շեշտը դրված է միայն քաղաքական երկխոսության վրա, ժողովրդավարական արժեքների գերակայության, բարեփոխումների շարունակականության վրա, ոլորտային բարեփոխումների վրա: Բնականաբար, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայությունը նախեւառաջ հակակոռուպցիոն գործընթացներ են պարունակում, եւ, բնականաբար, ժողովրդավարությունն իր մեջ կոռուպցիա չի ներառում: Այսինքն՝ Հայաստանը լի է վճռականությամբ շարունակել կառուցել եվրոպական մոդելի ժողովրդավար պետություն: Եվրոպական մոդելն ու Եվրամիությունը տարբեր են»:

Հարցազրույցն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: