Ժնևյան հանդիպումն ու Ստեփանակերտի կարևոր արձանագրումը

Oct 18, 2017 Comments Off on Ժնևյան հանդիպումն ու Ստեփանակերտի կարևոր արձանագրումը

Մինչ երեկ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Ժնևում պատրաստվում էին հանդիպել, Արցախի նախագահը կարևոր հայտարարություններով հանդես եկավ: «Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ», ասաց Բակո Սահակյանը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթներին նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ։

Արցախի նախագահը հավելեց, որ պետականաշինության առանցքային ուղղություններից են բանակաշինությունը և անվտանգությունը, և այս երեք տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը: «Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ», – ասել է Բակո Սահակյանը:

Նրա խոսքով՝ բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը: «Մենք երբեք ագրեսոր չենք եղել և չենք լինելու, բայց կանենք ամեն ինչ մեզ սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար: Պաշտպանության բանակն այսուհետ էլ կհանդիսանա մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը», – ասել է Բակո Սահակյանը:

Խոսելով հակամարտության կարգավորման մասին՝ ԼՂ նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ անկախությունն ու անվտանգությունն անձեռնմխելի արժեքներ են և հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի պետականաշինության հիմնարար սկզբունքները: «Ազատ, անկախ և հզոր, իր անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու ունակ Արցախի Հանրապետության հետագա զարգացումն ու զորացումը գերխնդիր է, ինչից, առանց չափազանցության, կախված է նաև համայն հայության ապագան: Պաշտոնական Ստեփանակերտը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Մենք շարունակելու ենք սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ: Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա անմիջական մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Եվ այստեղ մայր Հայաստանի հետ մեկտեղ մենք շարունակելու ենք համապատասխան քայլեր ձեռնարկել», – ասել է Բակո Սահակյանը:

Արդեն Սարգսյան-Ալիև բանակցություններից հետո ԼՂՀ ԱԳՆ-ն անդրադարձավ բանակցություններին: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը կարևոր նշանակություն ունի բանակցային գործընթացի ակտիվացման համար պայմանների ստեղծման տեսանկյունից, որին լուրջ վնաս է հասցվել 2016թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում»։

ԼՂ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ այնուհետև ասվում էր. «Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը։ Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»։

Այն, ինչ Ժնևում ասել է Սերժ Սարգսյանը, փաստորեն, լրացրեց Ստեփանակերտն, այսպիսով, ցույց տալով, որ հայկական կողմն իր դիրքորոշումից հետքայլ չի արել: Ավելին, Ստեփանակերտը դնում է լիարժեք բանակցությունների, Արցախի՝ բանակցությունների վերադառնալու հարցը: Բացի այդ՝ Արցախն արձանագրում է, որ կենտրոնանալու է ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավոր՝ պաշտպանության բանակի հզորացումը, քանի որ դա է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը:

Ժնևի բանակցությունն, իրականում, բոլորի համար է պարզ՝ առաջին հերթին Ստեփանակերտի, որ խաղաղության երաշխիք չէ: Ալիևի որևէ խոստման հավատալ իմաստ չունի: Պարզապես հայկական կողմը հերթական բանակցության գնալով ցույց է տվել խաղաղության հասնելու իր պատրաստակամությունը, սակայն իրականում որևէ զիջման մասին մտածելն, ավելորդ է:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: