Ալիևը Բաքու վերադառնալուց հետո՝ իր ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ուրիշ բան կհայտարարի

Oct 18, 2017 Comments Off on Ալիևը Բաքու վերադառնալուց հետո՝ իր ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ուրիշ բան կհայտարարի

 

 

Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից  հետո Հայաստանի նախագահ  Սերժ Սարգսյանն հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Մինչ այդ, Մինսկի խմբի կողմից տարածած հաղորդագրությունից էլ արդեն պարզ էր, որ կոնկրետ պայմանավորվածություն կամ էլ որևէ առաջընթաց բանակցային գործընթացում չկա: Այս իմաստով հանդիպումները, անկախ նրանից դրանք երկու կողմերի նախագահների, թե արտգործնախարարների մակարդակով են տեղի ունենում, նկատելի արդյունք չեն տալիս և ինչ-որ առումով ինքնանպատակ են: Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի կողմից բանակցային գործընթացի հարցը շատ հստակ գնահատական էր ստացել. եթե չկա խաղաղություն, բանակցություններն անիմաստ են:  Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում առաջարկություն եղավ՝ շփման գծում մոնտորինգի հետաքննող մեխանիզմներ ներդնել: Այն կարող էր հնարավորություն տալ տեսնել և հստակ տեղեկանալ, թե ում կողմից է պարբերաբար խախտվում զինադադարը, որի հետևանքով զոհեր են լինում: Հայաստանը միջնորդների այս առաջարկին կողմ էր, ավելին դա նաև բանակցային գործընթացը առաջ տանելու  համատեքստում հայկական կողմից բարձրացված կարևոր հարցերից էր: Հետաքննող համակարգերի ներդրմանը սակայն Ադրբեջանը դեմ է և համառորեն հրաժարվում է:

Ըստ էության, բանակցությունների պաշտոնական ձևաչափից դուրս՝ շվեյցարահայերի հետ ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հենց այս նկատառումով է հայտարարել, թե  ինքն ու Ալիևը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և  առաջնագծում զոհեր չունենանալու վերաբերյալ: Հակառակ դեպքում հարց կառաջանար, թե որն էր այդ հանդիպման իմաստն ընդհանրապես: Իհարկե, շատ դժվար է, գրեթե անհնար է հավատալ, որ Ալիևը Բաքու վերադառնալիս ուրիշ բաներ չի ասելու իր ու Սերժ Սարգսյանի դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ. ամեն դեպքում, եթե լարվածության թուլացումն ու առաջնագծում զոհերի բացառումը իսկսպես մտնեին Բաքվի պլանների մեջ, ապա նրանք սիրով և օր առաջ պետք է համաձայնվեին շփման գծում . սահմանային միջադեպերի ուսումնասիրության  մոնիտորինգի մեխանիզմների ներդրման առաջարկին, ինչպես դա անում է հայկական կողմը:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: