Բանակից խուսափելու միակ սողանցքը նոր օրենքում

Oct 18, 2017 Comments Off on Բանակից խուսափելու միակ սողանցքը նոր օրենքում

 

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում քննարկված «Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում  ակադեմիական տարկետումը բարձրագույն կրթության բոլոր աստիճաններում իսպառ վերանում է, բանակից ազատվելու ընդամենը մեկ սողանցք  է թողնում՝ դա կառավարության անհատական որոշմամբ տրվող տարկետումն է:

Ենթադրվում է, որ օրենքն առաջիկայում ընդունվելու է և կիրառվելու է 2018 թվականի ամառային զորակոչից սկսած: Նախագծի 21-րդ հոդվածով՝ սահմանվում են զինվորական ծառայությունից ազատման հիմքերը:

Ըստ այդմ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, ով մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն, ով ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մասնագիտությունների գծով գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) և Հայաստանի Հանրապետությունում զբաղվում է օրենքով սահմանված գիտական գործունեությամբ:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացին ազատվում է նաև ընտանեկան և առողջական վիճակով պայմանավորված դեպքերում:

Այլ հիմքով քաղաքացին կարող է բացառիկ դեպքերում ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից՝ անկախ այլ պետությունում ծառայելու հանգամանքից:

Տարկետում՝ միայն ՊՆ-ի հետ պայմանագրով

22-րդ հոդվածում սահմանվում են տարկետման հիմքերը: Ըստ այդմ՝ տարկետում տրվում է` առողջական վիճակի պատճառով և ընտանեկան պայմաններից ելնելով, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրված քաղաքացուն` պատգամավորական լիազորությունների ողջ ժամկետով:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար`

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն, եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին: Այդ կետով տարկետումը տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը: Այս կետով տարկետում ստացած քաղաքացին կարող է, իր դիմումի համաձայն, հրաժարվել տարկետման իրավունքից և սահմանված կարգով զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Նույն պահանջն է գործում նաև տարկետման իրավունքը կորցնելու դեպքում:

Հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 19 տարին լրանալու օրը:

22-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սա թերևս ամենաակնհայտ սողանցքն է, որովհետև չկա որևէ չափանիշ, թե կառավարությունը որ դեպքերում և ում կարող է տալ անհատական տարկետում: Ըստ 23-րդ հոդվածի՝ առողջական վիճակի պատճառով տարկետում տրվում է. բուժման կարիք ունենալու, կամ զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերում:

Տարկետում՝ առղջական վիճակով պայմանավորված

Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է երեք անգամ` մինչև 1 տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կա՛մ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կա՛մ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կա՛մ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է մեկ անգամ` 3 տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին բժշկական փորձաքննության արդյունքներով կա՛մ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար, կա՛մ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կա՛մ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Պահեստազորում հաշվառված քաղաքացին մինչև 27 տարին լրանալը ենթակա է բժշկական վերափորձաքննության` 5 տարին մեկ անգամ:

Տարկետում՝ ընտանեկան վիճակից ելնելով

Նախագծի 24-րդ հոդվածով սահմանվում է ընտանեկան վիճակով պայմամնավորված տարկետման իրավունիք տրամադրումը:

Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, ով ունի 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե նրանք չունեն այլ զավակ: Կամ. ունեն այլ զավակ, ով անչափահաս է, կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի վճռով ճանաչված է անգործունակ, կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ: Տարկետում տրվում է նաև  առանց մոր մեծացող երեխա, երկու և ավելի երեխա, /բացառությամբ որդեգրված երեխաների/, ինչպես նաև երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին ունենալու դեպքում:

Նույն հիմքով տարկետում տրվում է նաև, եթե քաղաքացին ունի մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ կամ կա այդպիսի անձ, որը սակայն ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի վճռով ճանաչված է անգործունակ:

 

Կարինե  Սարիբեկյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: