Արցախի  չճանաչման փաստը թուլացնում է Ղրիմի ինքնորոշման իրավունքի կիրառման լեգիտիմությունը

Oct 18, 2017 Comments Off on Արցախի  չճանաչման փաստը թուլացնում է Ղրիմի ինքնորոշման իրավունքի կիրառման լեգիտիմությունը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Փորձագետները փաստում են՝ որևէ խոսք չկա նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու մասին:

Այսօր Ժնևում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Միջնորդները պնդում են՝ ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից հետո նախագահների առաջին հանդիպումն  անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել կարգավորման գործընթացը: Շուրջ մեկուկես ժամ շարունակված բանակցություններից հետո, հանդիպելով շվեյցարահայ համայնքին, Հայաստանի նախագահը պնդել է՝ Ալիևը ևս խորապես շահագրգռված է, որ սահմանին զոհեր չարձանագրվեն: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք:

Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու», – հայտարարել է Սերժ Սարգսյանը ընդգծելով. «Մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը», – ըստ նախագահական նստավայրի, այսօր շվեյցարահայերի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Լեւոն Շիրնյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի այդ հավաստիացմանը նկատում է, որ այն զուրկ է իրավական ձեւակերպումից, զուտ քաղաքական խոստում է, իսկ քաղաքագիտական տեսանկյունից Շիրինյանի խոսքով մեծ պոտենցիալ չունի.<<Թե ինչպես պետք է դա միջազգային իրավունքի շրջանակներում ձեւակերպվի, մնում է անհասկանալի>>,-ասում է քաղաքագետը՝ նկատելով, որ հիմա էլ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս է, չճանաչված.<<Այսինք ուզում է չճանաչված մնա՞>>,- հռետորական հարց է հնչեցնում մեր զրուցակիցը,նկատելով, որ   հայկական կողմը համառորեն իր տեսակետն այս հարցում  չի հստակեցնում:
<<Երբ իրավունքի տեսանկյունից այդպիսի անորոշ հայտարարություն է արվում, մեր կողմը դա կարող է ընկալել կամ Արցախը պետք է անկախ լինի, կամ Հայաստանին միացած: Սակայն Ադրբեջանում էլ կարող է պատկերացնել, որ նախկին վիճակը ստատուս քվոն պետք է վերականգնվի, այսինքն վերադառնա Ադրբեջանի տակ, նրա կազմում երբեք չի եղել ոչ առաջին հանրապետության շրջանում, ոչ էլ երկրորդ,որովհետե Ադրբեջան պետություն չի եղել, ԽՍՀՄ-ի ժամանակ էլ անգամ չի եղել>>:

Շիրինյանը դատապարտեց նաեւ Ռուսաստանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի չճանաչման փաստը, նա ուշադրություն հրավիրեց Արցախում կատարված հանրաքվեներին եւ այն համեմատեց Ղրիմի հետ.<<Արցախում մի քանի հանրաքվե է եղել, ինչպես նաեւ մի քանի լավ անցկացրած ընտրություններ, որոնք քաղաքագիտական տեսանկյունից  նույնպես հանրաքվե են կոչվում, հետեւաբար Արցախն ավելի կատարյալ է , քան Ղրիմի միացման ժամանակ ռուսական հանրաքվեն: Հիմա մեր գլխավոր  գործընկերոջ կարծիքով այդ մի քանի հանրաքվեն կարելի է չտեսնել, բայց Ղրմի հանրաքվեն, որը նույն մոդելով է, կատարյալ է: Այսինքն մեր հանրաքվեն լեգիտիմ չէ, հրթիռների ներկայությամբ արված հանրաքվեն է լեգիտի՞մ: Այս վերաբերմունքը թուլացնում է Ղրիմի հանրաքվեի լեգիտիմությունը: Մի օր էլ կարող է Թրամփը նստի եւ Պուտինին հարցնի՝ բա, որ Արցախը չես ընդունում, Ղրիմը ո՞նց ես ընդունում>>:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: