Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ու Ղարաբաղի հարցը

Oct 21, 2017 Comments Off on Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ու Ղարաբաղի հարցը

 

 

Հրապարակվել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի տեքստը, որի ստորագրումը տեղի կունենա նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության Վեհաժողովում:

Համաձայնագրի բովանդակությունը նախ հրապարակվեց Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում, ապա նաև տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը տեղադրվեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կայքում:

Համաձայնագիրը, ինչպես հայտնի է, արդեն նախաստորագրված է, և դրա բովանդակության մասին որոշ մանրամասների մասին տարբեր մակարդակներում արդեն խոսվել է: Սակայն տեքստի ամբողջական հրապարակումը, որպես քաղաքական քայլ, բավականին խորհրդանշական է՝ գնահատելու համար եվրոպական վեկտորի ուղղությունը: Այս քայլով ըստ էության տրվում է  հանրային  քննարկումների լայն հնարավորություն, որը մինչ փաստաթղթի վերջնական ստորագրումը մի կողմից կարող է տալ բոլոր հարցերի պատասխաններն ու ցրել կասկածները, մյուս կողմից, սակայն, կարող է դառնալ նաև  հակաեվրոպական կենտրոնների թիրախ: Ամեն դեպքում հրապարակային և բաց քաղաքականությամբ առաջնորդվելու մոտեցումը շահեկան առավելություն է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի համար թեկուզ միայն այն բանով, որ մինչև վերջնական ստորագրումը դեռ կա բավական ժամանակ, որը կարող է օգտագործվել արտաքին լսարանին  նախապատրաստելու համար՝ մի բան, որ ժամանակին չարվեց ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրումից առաջ:

Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա այն շուրջ 1225-էջանոց քաղաքական փաստաթուղթ է, որը իիարկե դեռ մանրամասն քննարկման թեմա անպայման կդառնա:

Համաձայնագրում, ի տարբերություն ԵՍՏՄ համաձայնագրի, որտեղ բառ անգամ չկա Արցախի մասին, այստեղ անդրադարձ է արված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին:  Համաձայնագրի նախաբանի Արցախին վերաբերող դրույթում նշվում է, որ ԵՄ-ն ընդունում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարատեւ կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների եւ սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը եւ արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաեւ կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը»:

Փաստորեն նույն հարթության վրա են դիտարկված «պետությունների տարածքային ամբողջականության» եւ «անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշման» իրավունքները:   

Մնացած դրույթներում խոսվում է նաև մուտքի արտոնագրերի դյուրացման կամ, որ նույնն է, վիզայի տրամադրման հեշտացման, ազատ առեւտրային տնտեսության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման ու բարեփոխումներին նպաստելու Եվրոպական միության պատրաստակամության մասին:

 

Կարինե  Սարիբեկյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: