Թրամփը պատրաստվում է խստացնել կամ անվավեր ճանաչել Իրանի հետ «միջուկային գործարքը» (տեսանյութ)

Oct 14, 2017 Comments Off on Թրամփը պատրաստվում է խստացնել կամ անվավեր ճանաչել Իրանի հետ «միջուկային գործարքը» (տեսանյութ)

Իրանի հետ «միջուկային գործարքը» պետք է խստացվի կամ անվավեր ճանաչվի, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իրանի հետ գործարքը պետք է նպաստեր տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության ու անվտանգությանը, ու թեեւ Միացյալ Նահանգները կատարում է գործարքով սահմանված իր պայմանավորվածությունները, իրանական ռեժիմը շարունակում է տարածել հակամարտություններ, ահաբեկչություն ու ցնցումները Մերձավոր Արեւելքում եւ աշխարհով մեկ: Ամենակարեւորը, Իրանը հավատարիմ չէ գործարքի ոգուն»:

Նախագահ Թրամփը մասնավորապես նախատեսում է ավելացնել միջազգային տեսուչների լիազորությունները, ովքեր պետք է հաստատեն Իրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը: Վաշինգտոնը ցանկանում է նաեւ նույն «միջուկային գործարքի» շրջանակներում կանխել Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի շարունակությունը՝ մի բան, որը մինչ այժմ գործարքի մեջ չէր մտնում:

«Մենք փորձում ենք դիմակայել իրանական ռեժիմի թշնամական գործողություններին եւ համոզված լինել, որ Իրանը երբեք, կրկնում եմ՝ երբեք, ձեռք չի բերելու միջուկային զենք, քանի որ Իրանն աջակցում է ահաբեկիչներին եւ շարունակաբար ապակայունացնում իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ աշխարհով մեկ»:

ԱՄՆ-ի նախագահը հիշեցրեց իր ելույթում, որ Իրանի սիրված կարգախոսներից է «Մահ Ամերիկային», կարգախոս, որն ըստ Թրամփի, Իրանի իշխանությունները բազմիցս են փորձել իրականացնել:

Այս պայմաններում, նախագահ Թրամփը նախատեսում է սերտ աշխատելով դաշնակիցների հետ խստացնել համաձայնագիրը.

«Եթե մեզ չհաջողվի համաձայնության գալ Կոնգրեսի եւ արտերկրյա մեր դաշնակիցների հետ, ապա համաձայնագիրը կկարճվի: Մեր մասնակցությունը կարող է անվավեր ճանաչվել իմ կողմից, որպես նախագահ, ցանկացած պահի»:

Եվրոպական Միությունը, որը շահագրգռված է Իրանի հետ գործարքի շարունակման մեջ, համաձայն չէ Վաշինգտոնի հետ: Գործարքի շնորհիվ ստացված միջոցներով Իրանը նախատեսում է եվրոպական ընկերությունների հետ բազմամիլիարդ ձեռնարկներ կնքել: Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Վաշինգտոնը չի կարող գործարքից դուրս գալ.

«Սա երկկողմ համաձայնագիր չէ եւ այն որեւէ մեկ երկրի չի պատկանում, եւ որեւիցե մեկ երկրի որոշմամբ չէ, որ այն դադարեցվում է: Սա բազմակողմանի համաձայնագիր է, որը միաձայն հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»:

Իրանն իր երկրի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանիի միջոցով հայտարարել է, որ պայմանագրի կարճումն ԱՄՆ-ի կողմից անարգանք կլինի ՄԱԿ-ի հասցեին:

Մանրամասնելով իր որոշումը` նախագահ Թրամփը լրագրողներին ասել է, որ չի պատրաստվում դեռեւս կարճել գործարքը այլ երկքայլ որոշումների կողմնակից է եւ փորձելու է խնդիրը լուծել բանակցությունների միջոցով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: