Սերժ Սարգսյանի չտապալվելու հարցն է սեղանին

Oct 16, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանի չտապալվելու հարցն է սեղանին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 16-ին՝ Շվեյցարական Ժնև քաղաքում: Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին շուրջ մեկ ու կես տարի առաջ Սանկտ Պետերբուրգում: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սարգսյանն ու Ալիևը դրանից ավելի վաղ հանդիպել էին Վիեննայում՝ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց:

Ադրբեջանի կողմից սահմանին պարբերաբար իրականացվող ագրեսիվ գործողությունները լավ հիմք չեն նախագահների առաջիկա հանդիպումից դրական ակնկալիքների համար, սակայն պարզ է նաև, որ Բաքուն գործի է դրել իր վաղեմի աշխատոճը:

Ալիևը, «երես առած» այն փաստից, որ համանախագահներն իրենց նախավերջին հայտարարության մեջ չհիշատակեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ներկայացրած պահանջների կատարումը, այն է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, փորձելու է առաջիկա բանակցություններում ցույց տա Բաքվի «առավելությունը» հայկական կողմի նկատմամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալիևը Բաքվում հայտարարեց, թե ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը վերսկսվում է «առանց որևէ նախապայմանի». «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»:

Ի պատասխան Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հակադարձեց, թե նախագահների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս և այդպիսով խուսափել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց:

Իհարկե, պարզ է, որ Հայաստանը շարունակելու է պնդել, որպեսզի ստեղծվեն սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմներ, ինչպես նաև կատարվեն նախագահների նախորդ հանդիպումներում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները, բայց այն հանգամանքը, որ համանախագահներն իրենց մեկ հայտարարության մեջ դա չհիշատակեցին՝ հայկական կողմի բացթողումն էր:

Պաշտոնական Երևանը, չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին, իհարկե, հավատարիմ լինելով բանակցային գործընթացի ձևաչափին, գնում է հանդիպման, բայց դիրքորոշումը չի փոխվել՝ չեն կարող լինել արդյունավետ բանակցություններ քանի դեռ սահմանին կրակում են:

Երկու օր առաջ ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին Սոչիում նույն սեղանի շուրջ էին գտնվում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները, սակայն ուշագրավ է, որ այդուհանդերձ, Սարգսյան-Ալիև առանձին հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ: ՀՀԿ-ից պարզաբանեցին, որ Ռուսաստանում հանդիպում չի եղել, քանի որ նման հանդիպում պարզապես նախատեսված չէր:

Պետք է փաստել, որ Պուտինի հովանու ներքո հանդիպում, եթե չկազմակերպվեց, ապա, թերևս, Պուտինն էլ վստահ է դրա անցկացման անպտղության մեջ:

Մյուս կողմից դրական է, որ Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման ղեկավարումը մնում է ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում: Սակայն գլխավոր հարցը մնում է այն, թե հայկական կողմին կհաջողվի՞ առաջիկա հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների տարածված համատեղ հայտարարություն վերադարձնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ներկայացրած պահանջների կատարումը:

Սա սկզբունքային հարց է լինելու, և ևս մեկ անգամ այդ թեմայից շրջանցումը լուրջ դիվանագիտական ձախողում կլինի:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: