Ժամանակն է մաքրել ավագանին քաղաքական և քաղաքային աղբից

Oct 15, 2017 1 Comment

 

Երևանի ավագանու վերջին նիստի խայտառակ միջադեպերը յուրօրինակ լուստրացիա դարձան՝ բացահայտելու այն խորը արժեքային ճգնաժամը, որում գտնվում է, այսպես կոչված, «մայրաքաղաքային էլիտան»: Երևանի ավագանին հենց այն վայրն է, որտեղ հավաքված մարդկանց վերապահված է սահմանել երևանյան մշակույթի, ժառանգության և արժեքների պահպանության և զագացման նշաձողը: Լինելով քաղաքական ընտրությունների արդյունքում ստեղծված մարմին՝ Երևանի ավագնու դերը նաև մայրաքաղաքում ապրելու մշակույթի ձևավորվումն է: Այս տեսանկյունից իբրև ամբիոն՝ Երևանի ավագանիում մարդկանց միմյանց հետ հարաբերվելու մշակույթը ավելի բարձր նշաձող է ենթադրում, քան խորհրդարանի կամ ցանկացած այլ ընտրովի մարմնի նշաձողը: Եթե խորհրդարանում  հավաքված է ամբողջ հանրապետության  մարդկային և մշակութային հավաքական ներուժը, որն ընդհանուր առմաբ խառնամբոխ է, ապա Երևանում կենտրոնացած է այդ ներուժի սերուցքը: Համենայն դեպս, Երևանի բացառիկությունը՝ իբրև մայրաքաղաք և հոգևոր մշակութային ու տնտեսական կենտրոն, հենց դրանով է պայմանավորված: Ըստ էության ավագանիում արտահայտված է երևանյան հասարակական և քաղաքական հարաբերությունների մինի մոդելը:
Տխուր, շատ տխուր է նայել Երևանի ավագանու նիստերը, դիտել այնտեղ գտնվող կարկառուն անդամների վարքագիծը և համակերպվել այն մտքին, որ հենց նրանց է վերապահված պատվավոր երևանցիների ընտրությունը: Երևանի պատվավոր քաղաքացիների այս տարվա թեկնածուներին դեռ կանդրադառնանք, մինչ այդ նշենք, որ Երևանի ավագանին՝ իբրև ինստիտուտ, ցավոք, չի կայանում, և դա մեծապես պայմանավորված է նաև ավագանիում գտնվող անձանց գործոնով: Այստեղ արժե ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը՝ իբրև գործադիր մարմին, Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, անհամեմատ ավելի լավ է աշխատում, քան ավագանու նիստերում ցուցադրվող պատկերն է: Ավագանու համար քաղաքական կուսակցությունները կազմել են ամենաանհաջող ցուցակները. բացառությամբ թերևս <<Ելք>> խմբակցության՝ ավագանու մյուս խմբակցությունների կազմերը քաղաքական շաբաթօրյակի հրատապ անհրաժեշտություն ունեն: Ժամանակն է ավագանին մաքրել քաղաքական և քաղաքային աղբից, և դա ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունենրի առաջնային խնդիրն է: Ակնհայտ է, որ ավագանիում ՀՀԿ-ի բարձր տոկոսները Տարոն Մարգարյանի և ոչ թե ՀՀԿ-ական ավագանու ձայներն են: Ի՞նչ են տալիս Երևանին, երևանցուն և ՀՀԿ-ին ավագանու այնպիսի անդամները, ինչպիսիք են ծերունական մառազմից ինտելիգենտ մարդուն բնորոշ բարեկրթությունը կորցրած Լևոն Իգիթյանը /սթափ դատելու դեպքում նա՝ իբրև ինտելիգենտ մարդ, իսկ Լևոն Իգիթյանը իսկապես ինտելիգենտ է, ներողություն կխնդրեր իր թեկուզ ակամա ասած հայհոյանքի համար/, կնոջը հայհոյող տղամարդուն արդարացնող բիզնես տիկին Նաիրա Կարապետյանը կամ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը /այս միությունը վերջին տասնամյակում որևէ հնչյուն չի արտաբերել լրագրողների խնդիրների և իրավունքների մասին/, Ծիտ մականունով կասկածելի անցյալով ինչ-որ Արմեն Սահակյան և այսպես շարունակ: Կամ որքանո՞վ էր սազական անհիշելի ժամանակներից քաղաքապետարանում գրանցված, բազմափորձ փոխքաղաքապետ Կամո Արեյանի պահվածքը:
Նույնը նաև <<Երկիր Ծիրանիի>> պարագայում. ընտրողը ձայն է տվել Զարուհի Փոստանջյանին և ոչ թե նրա խմբակցության կռվարար կանանց: Ամեն պարագայում ավագանու իշխանական ներկայացուցիչներին որևէ մեկը իրավունք չի տվել վիրավորել կամ քարկոծել ընդդիմադիրներին՝ իշխանությանը կամ քաղաքապետին քննադատելու համար: Քաղաքապետին կրծքով պաշտպանելու էժանագին հնարքները ընդամենը արջի ծառայություն են, ոչ ավելին. ի վերջո ընտրողն իր ձայնով է որոշում՝ Տարոն Մարգարյանը Երևանի քանդո՞ղ, թե՞ կառուցող քաղաքապետ է:
Ինչ վերաբերում է պատվավոր քաղաքացիներին, որոնց անվան շուրջ ծագեց սկանդալը: Ավանդաբար այդ կոչումը շնորհվում է Երևանի օրվա կապակցությամբ: Այս տարվա բոլոր 4 թեկնածուները՝ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, հաղորդավարուհի Նարա Շլեպչյանը , գրող Ռազմիկ Դավոյանը, «ՎիվաՍելլ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը իրավամբ արժանի են Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանը, որովհետև նրանք մարդիկ են, ովքեր գույն են տվել Երևանին և իրենց կերպարով Երևանում ապրելու մշակույթ են ստեղծել:
Շնորհավոր տոնդ, իմ թանկ Երևան….

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ժամանակն է մաքրել ավագանին քաղաքական և քաղաքային աղբից” հրապարակմանը

  1. Hrant says:

    Et Areiana u dra nman hognac u mashvac zibil takanqnerin petq e joghovrdi arach cci hanel,ai mashvac u chmrtvac vochxarner rad egheq eli