Ի՞նչ է թաքնված Խոսրովի անտառի հրդեհի վերաբերյալ նախարարների տարբեր պնդումների հիմքում

Oct 14, 2017 Comments Off on Ի՞նչ է թաքնված Խոսրովի անտառի հրդեհի վերաբերյալ նախարարների տարբեր պնդումների հիմքում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսին բռնկված հրդեհի վերաբերյալ քննարկումները դեռ չեն մարում։ Եթե իր չափերի մեջ եզակի հրդեհի և դրան հաջորդած հետմարման միջոցառումների 24 օրերը բացահայտեցին պատկան մարմինների անգործությունը, հիմա էլ կրակի օջախի բռնկման հարցում է միջգերատեսչական հակասություն ծագել։

Օրերս Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրապարակավ պնդեց, որ չարամտության կամ անզգուշության հետևանք է։ Նախարարը, այդուհանդերձ, դժվարացավ պատասխանել հարցին, թե ով կարող էր միտումնավոր հրդեհել անտառը․ – «Կարող է դա մարդկային գործոն լինի, կարող է դա տեխնածին գործոն լինի, բայց այն, որ բնական երևույթի պատճառ չի դա, այսինքն այդ օրերին չի եղել կայծակ, այդ օրերին չի եղել ամպրոպ, սա փաստ է: Էստեղ շատ հնարավոր է, որ որոշակի չարամտության դրսևորում լինի կամ անզգուշության: Ես չեմ բացառում նույնիսկ անզգուշությունը: Բայց այդ ամենը քննության ընթացքում պետք է բացահայտվի», – ասաց նախարարը: Մինասյանը խորհրդարանում հայտարարեց, որ ԱՄՆ-ի տրամադրած արբանյակային լուսանկարներից պարզ է դարձել, որ հրդեհը միաժամանակ չորս կետում է բռնկվել: « Մենք այս ինֆորմացիան, բնականաբար, փոխանցել ենք քննչական մարմիններին, քանի որ, գիտեք, քրեական գործ է հարուցված, և հույս ունենք, որ ավելի լիարժեք բացահայտումներ կլինեն պատճառների մասին: Եվ եթե կլինեն մեղավոր անձինք, միանշանակ պատասխանատվության ենթարկելու գործընթացը լինելու է, էստեղ կասկած չկա», – վստահեցրեց նախարարը: Տոնոյանի խոսքով՝ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել որոշ պատասխանատուների, սակայն քանի որ նախաքննությունը շարունակվում է, դեռևս գնահատականներ պետք չէ հնչեցնել։ «Մենք մինչ արբանյակային լուսանկարները հնարավորություն ունեցել ենք գնահատականների, հնարավոր է՝ հրդեհաշիջման առաջին արձագանքման խմբի կողմից ոչ արհեստավարժ մոտեցում է եղել, ինչն էլ բերել է այլ վայրերում կրակի ձևավորմանը, դրան նպաստել է նաև երեկոյան ձորում բռնկված ուժեղ քամին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ոչ արհեստավարժ լինելը կհիմնավորվի նախաքննության արդյունքում։ Տոնոյանը չի կարծում, որ իր և Արծվիկ Մինասյանի հայտարարությունների միջև հակասություն կա․ «Ես չեմ լսել դիտավորության պնդումի առաջ քաշումը» ։

Գուցեեւ հակասություն չկա, սակայն կա Տոնոյանի պնդումը, որ դիտավորության վարկածը պետք է հանել արանքից։ Մինչդեռ նախաքննություն է ընթանում, գործն ընթացքի մեջ է եւ չի բացառվում, որ հենց դիտավորությամբ է այրվել՝ ինչ-ինչ հետքեր վերացնելու նպատակով։ Գաղտնիք չէ, որ Դաշնակցությունն ի դեմս պատկան նախարարի բնապահպանության ոլորտը  բիզնեսի է վերածել եւ ազգային պարկերում, արգելոցներում անգամ անտառապետերի նշանակումը հենց այնպես չի լինում։ Չի բացառվում, որ Արծվիկ Մինասյանն առաջ է քաշում միտումնավոր հրդեհելու վարկածը, որպեսզի այստեղ պոստն էլ իր «մարդուն» վստահի։

Արգելոցում բռնկված հրդեհի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել արգելոցի մեկ աշխատացի՝ Քրեական օրենսգրքի երկու՝ 186 հոդվածի 2-րդ և 297 հոդվածի 1-ին մասերով՝ անզգուշությամբ անտառներ ոչնչացնելու և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: