Կոռուպցիան ու պաշտոնյաների դղյակները

Oct 14, 2017 Չի մեկնաբանվել

ԱԺ-ում «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից եւ բնապահպան Կարինե Դանիելյանից հետաքրքրվեց, թե Մեծամորի ատոմակայանը որքանով է անվտանգ հետագա աշխատանքի համար:

Ըստ նրա՝ Եվրանեսթի վեհաժողովին էներգետիկ անվտանգության մասին զեկույցում ադրբեջանական պատվիրակության կողմից մեղադրանքներ են ներկայացնում, որ Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար ներկայացնում է մեծ վտանգ, այդ պատճառով առաջարկվում է համապատասխան քայլերի իրականացում: Դավիթ Տոնոյանը միայն իրեն բնորոշ անկեղծությամբ նկատեց, որ ատոմակայանի ռիսկայնությունը որոշակի վտանգի առումով եղել է հենց կառուցման և շահագործման պահից՝ Խորհրդային միության ժամանակից սկսած, սակայն հետո ավելացրեց, որ ադրբեջանական կողմից այլ դիրքորոշում չէր էլ կարելի ակնկալել․ «Մեր հարևանների բոլոր գնահատականները ես կգնահատեի որպես «խանդ», չունենք խնդրահարույց մտահոգություն»,- ասաց նա ու տեղեկացրեց․ «Ըստ միջազգային եզրակացությունների՝ երկրորդ էներգաբլոկը գործում է լիովին անվտանգ, իսկ մյուս էներգաբլոկի կարողություններն օգտագործվելու են երկրորդի ռիսկայնության նվազման համար»,-նշեց նախարարը։

Կարինե Դանիելյանը ընդունեց ռիսկերի փաստը․«Բայց նույն Թուրքիան մեր կողքը կառուցում է՝ դարձյալ վտանգավոր տեղերում, և Ադրբեջանը ձայն չի հանում, այնպես որ հարցը քաղաքական է: Չնայած սկզբունքորեն ես չեմ ընդունում ատոմային էներգետիկան, բայց ես եմ ղեկավարել պատվիրակությունը, որ գնացել է ՄԱԳԱՏԵԷ և խնդրել է ՄԱԳԱՏԵԷ-ին գալ, օգնել վերաբացել ատոմակայանը, որովհետև Հայաստանն առանց ատոմակայանի ուղղակի ահավոր էր: Այնպես որ ուրիշ ելք չունենք, բայց որ զգույշ պետք է լինենք, դա ակնհայտ է»,-ասաց նա:

Նշենք, որ Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում է Մեծամորի ատոմակայանի մասին, 2011-ին հորդորում էին փակել ատոմակայանը։ Արդեն միջանցքում Դավիթ Տոնոյանը ստիպված էր գնահատել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների կառուցման ռիսկերը եւ քանի որ ադրբեջանական «խանդն» այստեղ չգործող տարբերակ էր, նախարարն այստեղ նույնքան խրոխտ չգտնվեց։Հարցին՝ վարչապետի առանձնատունը էկոլոգիական ռիսկերի պատճառ կարո՞ղ է դառնալ, Տոնոյանը պատասխանեց․ «Ես այդ դեպքի վերաբերյալ տեղեկություններ չունեմ։ Կարծում եմ, որ դրանք շահարկումներ են։ Չեմ կարծում, որ կոնկրետ վայրում կա ռիսկայնություն և շինարարությունը շարունակվում է»։ Խոսելով կոռուպցիոն ռիսկերի մասին, նա նշեց, թե պետք է ստեղծել անհանդուրժող մթնոլորտ: «Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ ֆինանսական ռիսկեր, չլինի կոռուպցիա: Ինձ ոչ մի բան չի կաշկանդում, ես ունեմ իմ մեխանիզմները»։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կոռուպցիան ու պաշտոնյաների դղյակները”

Մեկնաբանել