«Էրդողանի մտերիմների մուտքը ԱՄՆ կարգելվի». թուրք լրագրող

Oct 13, 2017 Comments Off on «Էրդողանի մտերիմների մուտքը ԱՄՆ կարգելվի». թուրք լրագրող

Թուրք լրագրող Նեվզաթ Չիչեքը, «CNNTurk» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոյան տեսակետ» հաղորդման ընթացքում, անդրադառնալով թուրք-ամերիկյան ճգնաժամին, ուշագրավ հայտարարություն է արել։

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չիչեքը հայտնել է, որ  կան խոսակցություններ, թե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ծագած դիվանագիտական լարվածության պատճառով, ԱՄն իշխանությունները Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող շուրջ 283 հոգու մուտքը կարգելեն իրենց երկիր։ Չիչեքը պնդել է, որ այս լուրի իսկությունը հաստատվել է գործարար շրջանակների կողմից ևս։

Լրագրողը հայտնել է, որ վերոնշյալ անձանց մեջ կան պաշտոնատար անձինք, նախկին նախարարներ։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: