Կնոջը՝ չէ, բայց երեխային կարելի է ապտակել

Oct 13, 2017 Comments Off on Կնոջը՝ չէ, բայց երեխային կարելի է ապտակել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության հեղինակած «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի քննարկումները հասարակական մեծ աղմուկ են բարձրացրել: Այն դեռ Ազգային ժողովում չի քննարկվել, թեեւ նախատեսվում է, որ հոկտեմբերի 17-ին Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության մշակած նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ հրավիրել:

Խորհրդարանական խմբակցությունների որոշ ներկայացուցիչներից հետաքրրվեց, թե ինչ կարծիք ունեն «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի մասին, արդյո՞ք օրակարգային է դարձել նման օրենք ունենալը:

Մեր զրույցում պատգամավորները հիմնականում նախագծին անդրադառնում էին ընդհանրական, այն որակելով ոչ հարիր մեր ազգային արժեհամակարգին:

Մասնավորապես, երբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե օրենքը սահմանում է, որ բռնության դեպքում ընտանիքի ցանկացած անդամ կարող է դիմել ոստիկանություն, եւ ստեղծված իրավիճակը տեղափոխել իրավական դաշտ, վերջինս ասաց.

«Ես որպես մարդ եւ որպես իրավաբան դեմ եմ բռնությանը, պետք է ամեն ինչ իր հունով ընթանա: Այստեղ, թեեւ պետք է հասկանանք, թե բռնության անվան տակ ինչ ենք հասկանում: Պետք է կարողանանք միմյանցից զատել, թե չէ բռնություն ասելով կհասկանանք երեխայի վրա բղավելուց մինչեւ նրան մահամերձ վիճակի հասցնելով ծեծելը: Եթե ընտանեկան քննարկման ժամանակ հայրը դաստիրակչական նկատառումներից ելնելով՝ բարձր ձայնով է խոսում երեխայի վրա, սա չի կարելի դիտարկել ընտանեկան բռնություն, եւ սրա հետ կապել ինչ-որ իրավական գործողություններ: Դեմ լինելով բռնությանը, բայց միեւնույն ժամանակ հաշվի եմ առնում մեր ազգային հոգեվիճակը, մտածելակերպը, ավանդական բարքերը: Վերցնելով ամեն մի կոպիտ խոսք, չնչին վարմուք, դիտարկել ընտանեկան բռնություն, չեմ ընդունում:

Երեխային դաստիրակչական ապտակ տալը ուրիշ է, կնոջը`ուրիշ, երեւի, թե կնոջը չի կարելի ապտակել, բայց երեխային կարելի է: Ինչքան մենք հեռանանք մեր ակունքներից դա մեզ տանելու է փակուղի: Ժողովրդական ասածվածք կա, չէ՞, որ ասում է` ծնողի ապտակով մեծացած տղան համարվում է լավ տղա, պիտանի մարդ: Կարող է հայրը մի հատ ապտակի, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց լրիվ ուրիշ բան է, որ հայրը երեխային ապտակելը դարձնում է սովորություն: Եթե այդ ապտակը երեխային դարձնելու է հասարակության համար պիտանի քաղաքացի, ինչու՞ չապտակել: Ես չեմ քննադատի այդ ապտակը, եթե այն չի դառնա մշտական, այլ կարվի հանուն նրա պայծառ ապագայի»,- ասում է Գեւորգ Պետրոսյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նախօրեին իր դիտարկումներն էր ներկայացել օրենքի նախագծի վերաբերյալ, որտեղ ասվում էր. «ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
Այս սահմանադրական նորմը հստակ ցույց է տալիս պետության վերաբերմունքը ընտանեկան հարաբերությունների նկատմամբ։ Ստացվում է, որ պետությունը հանցագործությունների բացահայտման շահը ստորադասել է ընտանեկան շահին։ Ընդ որում, որևէ բացառություն չի սահմանել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Հետեւաբար՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի հեղինակներն առնվազն պետք է հիմնավորեն, թե ընտանեկան հարաբերությունների շահից առավել ինչ շահ պետք է պաշտպանել՝ առանց վնաս հասցնելու ընտանիք ինստիտուտին»։

Այս դիտարկման վերաբերյալ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ օրենքի շատ հոդվածներ դեռ լրացման կարիք ունեն, թեեւ չի հստակեցնում, թե հատկապես որ գլխի, որ հոդվածն ունի լրացման կարիք:

«Ես ծանոթ եմ օրենքի նախագծին եւ նախնական տարբերակներին: Կարծում եմ, որ կա դեռ աշխատելու տեղ, հասարակական կազմակերպությունների համար մինչեւ Ազգային ժողով մտնելը պետք է լայն քննարկումներ կազմակերպել: Դեմ եմ նաեւ տեղի ունեցող քննադատություններին, քանի որ առանց կարդալու՝ մեկնաբանություններով են հանդես գալիս:  Յուրաքանչյուր ազգ իր առանձնահատկություններն ունի, չեմ կարծում, որ մեր երկրում գտնվի մեկը, ով բռնությանը կողմ լինի: Պետք է այնպես անենք, որ օրենքն աշխատի, քանի որ քրեական օրենսգիրքը մեզ հնարավորույթուն տալիս է բռնարարին պատժելու համար կամ գործողությունը կանխելու համար»,- ասաց Կարինե Աճեմյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: