Հավանաբար Գառնիկիչն է ջանացել

Oct 14, 2017 Չի մեկնաբանվել

Նախորդ շաբաթ Քննչական կոմիտե կատարած այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում, բացի քննիչների գործունեությանն առնչվող բովանդակային մի շարք հարցերից, շեշտեց նաև քննչական կոմիտեի շենքային և տեխնիկական պայմանների շարունակական բարելավումը: Եվ ահա՝ Սերժ Սարգսյանի այցից ընդամենը մի քանի օր անց կառավարությունը որոշում է կայացնում մեր սուղ բյուջեի պահուստային ֆոնդից մոտ 40 մլն դրամ գումար հատկացնել Քննչական կոմիտեին՝ նոր ավտոմեքենաների ձեռքբերման և աշխատասենյակների կահավորման համար:
Նախագծի հիմնավորման մեջ պատճառաբանվում է, որ Կոմիտեի մարզային վարչությունները չունեն բավարար թվով մեքենաներ՝ պատշաճ աշխատանք կատարելու համար: 2014 թվականին, երբ ստեղծվում էր քննչական կոմիտեն, անհրաժեշտ նյութատեխնիկական բազան սկզբնական շրջանում մասնակիորեն ձևավորվեց ՀՀ պաշտպանության նախարարության և Ոստիկանության նյութատեխնիկական բազայի հիման վրա:
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարությունից Կոմիտեին տրամադրվել է 26 միավոր տրանսպորտային միջոց, իսկ Ոստիկանությունից՝ 24 միավոր: Բացի այս 50 միավոր տրանսպորտային միջոցը, կոմիտեն 2015-2016թթ. ձեռք է բերել 28 միավոր տրանսպորտային միջոց: «Կոմիտեի 78 միավոր տրանսպորտային միջոցներն ինքնին բավարար չեն Կոմիտեի և Կոմիտեի դեպարտամենտի բնականոն աշխատանքն ապահովելու համար»,- նշվում է հիմնավորման մեջ: Մարզային քննչական վարչություններին և դրանց բաժիններին (խոսքը ընդհանուր թվով 30 վարչության և բաժնի մասին է) տրամադրվել է 19 մեքենա՝ 261 աշխատակիցներին սպասարկելու համար:
«Օրինակ, բոլոր մարզային քննչական վարչություններին և մարզային քննչական վարչությունների բաժիններին տրամադրվել են 3-ական մեքենաներ: Սակայն, Արմավիրի մարզային քննչական վարչությունը սպասարկում է 1,242 կմ2 տարածք՝ 26 աշխատակցով, բայց ունի մեկ մեքենա, Արարատի մարզային քննչական վարչությունը սպասարկում է 2,096 կմ2 տարածք՝ 31 աշխատակցով, ունենալով նույնպես մեկ մեքենա, իսկ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունը սպասարկում է 2,308 կմ2 տարածք՝ 6 աշխատակցով ունենալով նույնպես մեկ մեքենա:Բացի վերը նշված չափանիշներից անհրաժեշտ է հաշվի առնել նաև բնակելի տարածքների՝ մարզկենտրոնի, քաղաքների և գյուղերի, միջև ընկած հեռավորությունը»,- նշվում է հիմնավորման մեջ:
Ուստի հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է, Արմավիրի և Արարատի մարզային քննչական վարչությունների բնականոն աշխատանքների իրականացման նպատակով ձեռք բերել 3-ական տրանսպորտային միջոց, որոնց համար կպահանջվի 30 մլն դրամ :
Բացի այդ՝ Կոմիտեին հատկացվել են վարչական շենքեր, որտեղ կատարվում են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում ստեղծվել են նոր աշխատասենյակներ, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել կահավորելու վերոնշյալ աշխատասենյակները գրասենյակային գույքով: Ըստ այդմ՝ վարչական սարքավորումներ գնելու համար տրամադրվում է 9 մլն 820 հազար դրամ գումար:
Փաստորեն քննիչների լավ ապրելու համար բավարար հիմնավորումներ գտնվել են. հավանաբար, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Գառնիկիչն է ջանացել:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Հավանաբար Գառնիկիչն է ջանացել”

Մեկնաբանել