Պետությունը  վարկ է վերցրել տեղական բանկերից

Oct 15, 2017 Չի մեկնաբանվել

Կառավարության վերջին նիստում բավական ուշագրավ մի որոշում է ընդունվել: Պահուստային ֆոնդից պետության ներքին պարտքի տոկոսագումարների սպասարկման համար  բյուջեի պահուստային ֆոնդից 2.35 մլրդ դրամ լրացուցիչ գումար է հատկացվել:

Պարզվում է, որ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով վերջին երկու տարիներին էականորեն ավելացել է ներքին պարտքի չափը:

«2016 թվականին 2015 թվականի համեմատ զգալիորեն փոխվել էր պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը: Եթե 2015 թվականին ֆինանսավորման ներքին և արտաքին աղբյուրների հաշվին ֆինանսավորվել էր պակասուրդի համապատասխանաբար 4.7 և 95.3 տոկոսը, ապա 2016 թվականին նշված ցուցանիշները կազմել են 38.6 և 61.4 տոկոս: Պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին պակասուրդը փաստացի ֆինանսավորվել է 171 մլրդ դրամով` 117.2 մլրդ դրամով գերազանցելով ծրագրային ցուցանիշը, ընդ որում նշված գերազանցումը կուտակվել է աստիճանաբար՝ պայմանավորված հետևյալ գործոններով.

  1. Պետական բյուջեի հարկային մուտքերի ծրագրի թերակատարման իրական ռիսկերով: Սկսած մայիսից փաստացի հարկային մուտքերն ունեցել են ծրագրային ցուցանիշից բացասական շեղում, որը գնալով խորանում էր.
  2. Արտաքին աղբյուրներից նախատեսված բյուջետային աջակցության վարկերը տարեվերջին չստանալու ռիսկով.
  3. Ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությամբ:

Ստեղծված իրավիճակում բանկային համակարգում առաջացած էական չափերի հասնող ավելցուկային իրացվելիությունը լրջորեն բարձրացրել էր պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը, ինչը հնարավորություն ընձեռեց լրացուցիչ պարտք ներգրավել՝ իջնող տոկոսադրույքի պայմաններում»,- նշվում է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

Ստացվում է, որ նախատեսված 54 մլրդ դրամի փոխարեն՝ թողարկվել և իրացվել է 171 մլրդ դրամի պետական պարտատամոս: Ընդ որում, ինչպես երևում է կառավարության ներկայացրած հիմնավորումից պետական պարտատոմսերի հիմնական գնորդնեը ներքին շուկայում հայաստանյան բանկերն են եղել, որոնք ունցել են «իրացվելիության խնդիր»:  Փաստացի պետական պարտամոսերը բանկերի համար լուծել են իրացվելիության խնդիր կամ, որ նույն բանն է, պետությունը դարձել է տեղական բանկերի վարկառուն: Որոշման նախագծի հիմնավորման մեջ սակայն չի նշվում, թե «իջնող տոկոսադրույքները», որոնցով վաճառվել են պարտատոմսերը  կոնկրետ քանի տոկոս են կազմել:

Նշենք, որ 2017թ. տարեկան ճշտված ծրագրով նախատեսված հատկացումների գումարը կբավարարի մինչև 2017թ. հոկտեմբերի 28-ը ստանձնած պարտավորությունների կատարման համար, ինչը նշանակում է, որ լրացուցիչ հատկացումների կարիք է լինելու:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Պետությունը  վարկ է վերցրել տեղական բանկերից”

Մեկնաբանել