Կանաչ լույս դասալիքների առաջ

Oct 13, 2017 Comments Off on Կանաչ լույս դասալիքների առաջ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ:  «Ադյանի և մյուսների հայցն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 4 Եհովայի վկաների, որոնք  2011թ. ազատազրկման էին դատապարտվել՝ դավանանքից ելնելով պարտադիր և այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար: Նրանք չեն ցանկացել նաև այլընտրանքային ծառայության անցնել՝ պատճառաբանելով, որ այն քաղաքացիական բնույթ չի կրում և վերահսկվում է զինվորականների կողմից։ Քաղաքացիներն ազատ են արձակվել 2013-ի համաներումից հետո։

Նույն թվականին փոփոխությունների է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը։ Երեկվա նիստում ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել հոդված 9-ի խախտում (մտքի, խղճի և դավանանքի ազատություն): Դատարանը վճռել է, որ Հայաստանը պետք է հայցորդներին վճարի 12 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի համար:

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ նշված ժամանակահատվածում այլընտրանքային ծառայությունն ամբողջությամբ առանձնացված չի եղել զինվորական ծառայությունից, օրինակ՝ այլընտրանքային ծառայության անցնողները ստիպված են եղել համազգեստ կրել, բացի այդ այն շատ ավելի երկար է, քան սովորական ծառայությունը և տևում է շուրջ 42 ամիս։ ՄԻԵԴ-ը միեւնույն ժամանակ փաստում է, որ օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել 2013-ին։

Նշենք, որ փոփոխված օրենքում հստակ ամրագրվում է քաղաքացիական բնույթով այլընտրանքային ծառայությունը: Դա ենթադրում է, որ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը, որը ձեւավորված հատուկ հանձնաժողովի առջեւ կապացուցի, որ ինքը այդ համայնքի ներկայացուցիչ է, ունի համապատասխան հավաստագիր, ինքն է ընտրելու, թե որտեղ է ցանկանում այլընտրանքային ծառայության անցնել, ընդ որում ոչ թե զինվորական, այլ աշխատանքային: Նոր օրենքի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայությունը այն պետական մարմնի իրավասության տակ է անցնում, որն ընտրում է կառավարությունը: Այսինքն կարող են ընտրել աշխատանքներ, որոնք ընդհանրապես չեն առնչվում զինվորական ծառայության հետ՝ ճանապարհաշինություն, ծերանոցներ, մանկատներ եւ այլն:

Այլընտրանքային ծառայությունը միջազգայնորեն ընդունված ծառայություն է. եթե անհատը ունի կրոնական համոզմունքներ և չի կարող որևէ ձևով մասնակցել զինվորական ծառայությանը, ըստ Սահմանադրության, պետությունը տրամադրում է այլընտրանք: Սակայն դա քաղաքկիրթ երկրներում, իսկ Հայաստանում պատեհ-անպատեհ կարող են օգտվել այս օրենքից, հատկապես հիմա, երբ այլեւս կա ՄԻԵԴ որոշումը:

Ստացվում է, որ մտքի, խղճի և դավանանքի ազատություն ասվածը շատ հարմար պատրվակ կարող է դառնալ  սահմանադրությամբ ամրագրված պարտականություններից խուսափելու համար: Հատկապես հիմա, երբ համապատասխան օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում որոշակի խստացումներ են մտցվել, օրինակ չի գործում  տարածքային սահմանափակումների դրույթը: Հիմա բոլոր դասալիքները հանգիստ կարող են Եհովայի վկաների հավաստագրեր առնել ու խուսափել զինվորական պարտականություններից:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: