Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել «Վանոյի Արտակի» պաշտպանի բողոքը

Oct 12, 2017 Comments Off on Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել «Վանոյի Արտակի» պաշտպանի բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել «Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի պաշտպանի բողոքը: Փաստաբան Սուսաննա Սարգսյանն Արտակ Գալստյանի խափանման միջոցը փոխելու միջոնրդություն էր ներկայացրել  Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը սակայն, մերժվել էր: Դատարանի այս որոշման դեմ պաշտպանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որը վարույթ չէր ընդունվել: Վերաքննիչի այս որոշման դեմ էլ Սուսաննա Սարգսյանը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան. Վճռաբեկը գտել էր, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքարկված դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում այդ նորմերին տրված մեկնաբանություններին, ինչպես նաեւ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Ըստ մեղադրական եզրակացության` Արտակ Գալստյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Հովհաննիսյանի եղբորը դրդել է իր միջոցով 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցրել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:

Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Արտակ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Նա կալանավորված է:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: