Սերժ Սարգսյանն ի ցույց դրեց կառույցի թշվառությունը

Oct 14, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանն ի ցույց դրեց կառույցի թշվառությունը

Երեկ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընթացող նիստին։ «Եվրասիական միության գրեթե եռամյա գործունեության ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանքի է իրականացվել ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների գործնական իրականացման մասով», իր խոսքում, մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը: – «Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին փոխադարձ առևտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճ ունենք՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: 2017թ-ի հունվար-հուլիս ամիսներին, 2016թ-ի համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատ, Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրների շուկա ապրանքների արտահանման 29 տոկոս աճ է գրանցվել: Երրորդ երկրների հետ անդամ պետությունների արտաքին առևտրի ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 26 տոկոսով, և Վլադիմիր Պուտինը ներկայացրեց շատ թվեր, որոնք հաստատում են մեր ընդունած որոշման ճշմարտացիությունը: Այս միտումը պետք է ամրապնդել, ապահովել նրա կայուն բնույթը»:

Սերժ Սարգսյանի խոսքով, դա ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը ոչ միայն առկա խոչընդոտներն ի հայտ բերելու, այլև վերացնելու ուղղությամբ, ապահովել առողջ մրցակցության միասնական կանոնների պայմաններում բիզնես վարելու համար անհրաժեշտ նախադրյալները: Նա կարևորել է նաև թվային օրակարգի դերը՝ համագործակցության թափանցիկության առաջխաղացմանը, արտադրողականության բարձրացմանը, ծառայությունների որակի բարելավմանը նպաստելու հարցում: «Կարծում եմ, որ թվային որոշումների մշակումը կարելի է սկսել էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումից: Քանզի հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչումը առանցքային է մի շարք թվային նախաձեռնությունների համար, այդ թվում՝ վերահսկողության և էլեկտրոնային առևտրի համար, առաջարկում եմ, որ պետությունների կառավարությունները Հանձնաժողովի հետ համատեղ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակեն այդ հարցը: Կարևոր է նաև, որ թվային օրակարգով հետագա գործողությունները բիզնեսը զերծ պահեն վարչական և նոր ֆինանսական անհամաչափ հնարավոր ծանրաբեռնվածության աճից», – նշել է նա:

Որպես ԵԱՏՄ ամրապնդման ևս մեկ քայլ Սերժ Սարգսյանը մատնանշել է համագործակցությունը միջազգային մակարդակում: Նա նաև գոհունակություն է հայտնել ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբունքային ավարտի կապակցությամբ: «Կարծում ենք, որ միասնական եվրասիական առևտրատնտեսական տարածքի և տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հետ՝ Միության բոլոր երկրների ներգրավմամբ: Դա թույլ կտա նվազագույնի հասցնել ինտեգրացիայի համար առկա ենթակառուցվածքային բոլոր սահմանափակումները, և, որպես հետևանք, ձևավորել տրանսպորտային ուղիների փոխկապակցված ցանց», – նաև ասել է Սերժ Սարգսյանը: Ապա նա հաստատել է նաև Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը՝ վստահություն հայտնելով, որ դա ԵԱՏՄ բոլոր պետությունների ընդհանուր մոտեցումն է. «Այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և Հայաստանի վարչապետի կողմից՝ երեկ Իրան կատարած այցի ընթացքում: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել և ավարտել բանակցությունները առաջիկայում»:

Թեև Սերժ Սարգսյանը խոսում է փոխադարձ առևտրի ծավալի շուրջ 28 տոկոս աճի մասին, այսպես ասած` ներկայացնում է մեր երկրի համար ԵԱՏՄ-ական առավելությունները, այնուամենայնիվ, նրա ելույթի այդ հատվածը, կարծես, պրոտոկոլային բնույթ ունի: Որովհետև, քիչ անց Սերժ Սարգսյանն իր խոսքի մյուս հատվածում կարևորում է այլ ուղղություն, ասելով, որ միասնական եվրասիական առևտրատնտեսական տարածքի և տրանսպորտային միջանցքի ստեղծումը հնարավոր է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման միջոցով՝ միավորելով ԵԱՏՄ-ն «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությամբ:

Այսինքն, մի կողմից ներկայացնելով ԵԱՏՄ-ի «բարիքները», Սերժ Սարգսյանը փաստում է ԵԱՏՄ-ի ոչ կենսունակ լինելը, ԵԱՏՄ-Չինաստան, ԵԱՏՄ-Իրան փոխգործակցության կարևորությունը:

Այսպիսով, ակամայից, Սերժ Սարգսյանը ի ցույց է դնում այս կառույցի ողջ թշվառությունը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: