Ռուսական նոր վարկ ՝ 100 մլն դոլար

Oct 15, 2017 Չի մեկնաբանվել

Հայաստանը որոշել է նոր վարկ վերցնել Ռուսաստանից՝ սպառազինության նպատակով: Համապատասխան վարկային պայմագրի նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում և կոչվում է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր:
Փաստաթղթով նախատեսվում է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար Ռուսաստանի Դաշնության կողմից վարկային միջոցների տրամադրումը Հայաստանի Հանրապետությանը:
Ըստ Համաձայնագրի՝ 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, ՀՀ կողմից նախատեսվում է համաֆինանսավորում՝ կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:
Հայաստանի պաշտպանության նախարարության և ՌԴ «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների մասին:
Համաձայնագրի իրականացման համար Կողմերի պատասխանատու լիազորված մարմիններն են.
Հայկական կողմից՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Վարկի գծով բոլոր վճարումները հայկական կողմը կատարելու է ԱՄՆ դոլարով, կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնությամբ՝ ռուսական ռուբլիով Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից յուրաքանչյուր վճարման ամսաթվից երկու օրացուցային օր առաջ սահմանված ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքով:
Ռուսական Կողմից՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը: Հարկ է նշել, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ համանման համաձայնագիր կնքվել էր նաև 2015թ. հունիսի 26-ին, որն այժմ գործում է:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ռուսական նոր վարկ ՝ 100 մլն դոլար”

Մեկնաբանել