Անընդհատ թույլ էի, բժժած, մի անգամ նույնիսկ  փորձեցի կյանքիս վերջ տալ. պետպատվերով դեղորայքից տուժած հիվանդ

Oct 13, 2017 Չի մեկնաբանվել

 

Հոգեկան հիվանդության հետ կապված խնդիրներ ունեցող Լիլիթ Գասպարյանը / անունը փոխված է/ սեփական փորձից ելնելով պատմում է, «Օլանզապինը», որը հոգեկան հիվանդություն ունեցող անձանց անվճար տրամադրվում է պետության կողմից,  շատ վատ էր անդրադառնում իմ առողջության վրա . « Ես այդ դեղը խմել եմ  այս տարվա հուլիսի սկզբից, մոտ 1,5 ամիս, այդ ընթացքում  օր օրի վրա զգացել եմ, որ ինքնազգացողությունս կտրուկ վատանում է:  Անընդհատ ուզում էի քնել, չէի կարողանում սենյակից դուրս գալ, շփվել հարազատներիս հետ, անընդհատ թույլ էի, բժժած, ամբողջ օրը միայն պառկելու և քնելու ցանկություն էր մոտս, որևէ գործ անելու ցանկություն բացարձակ չկար: Դարձել էի ինքնամփոփ, անտրամադիր ու անտարբեր  ամեն ինչի նկատմամբ: Հիմա արդեն անգամ ամաչում եմ ասել. մի անգամ նույնիսկ փորձել եմ պատշգամբից նետվել ու վերջ տալ կյանքիս, բարեբախտաբար հարազատներս կանխել են: Կորցրել էի ենթագիտակցությունս, մի խոսքով աննկարագրելի  վատ էի զգում»,- պատմում է Լիլիթը:

Նրա խոսքով՝ օգոստոսի կեսերից, հարազատները տեսնելով, որ ինքը վատանում է, որոշում են «Օլանզապինը» դադարեցնել . «Եղբայրս Մոսկվայից «Զիպրեքսա» /սա այն դեղորայքն է, որը 2015-16 թվականներին նախարարությունը հատկացնում էր հիվանդներին-խմբ./ ուղարկեց, խմեցի ու ընդամենը 4-5 օր հետո դարձա նորմալ մարդ. փոխվեց տրամադրությունս, վերականգնվեց աշխուժությունս, մի խոսքով՝  վերադարձա կյանք»,- պատմում է Լիլիթը: Ինքնազգացության բարելավումից հետո Լիլիթը որոշել է պայքարել մինչև վերջ և հասնել նրան, որ վերականգնվի առողջապահության նախարարության նախկին ծրագիրը, որի շրջանակում ինքն ու իր նման մյուս հիվանդները ստանում էին «Զիպրեքսա»:

Նրա խոսքով՝ դեղատներում «Զիպրեքսա»-ի՝ իրեն անհրաժեշտ մեկ ամսվա դոզայի արժեքը մոտ 78 000 դրամ է կազմում, որը շատերի համար անհասանելի գումար է: Դիտարկմանը, թե  առողջապահության նախարարության կողմից պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշվում է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում դիսպանսեր հսկողության տակ գտնվող հայկական օլանզապին ստացող 198 հիվանդների շրջանում երբևէ որևէ դժգոհություն չի եղել, Լիլիթն արձագանքեց. «Եթե նրանք դժգոհություն չունեն, թող շարունակեն ընդունել օլանզապին: Բայց եթե ես ու իմ նման շատ այլ մարդիկ, այդ դեղն ընդունելուց հետո վատանում ենք, ինչու են մեզ պարտադրում այդ դեղը խմել: Մենք ուզում ենք որակյալ դեղ ստանալ, մենք չենք ուզում մեր կյանքում սև գույներ ունենալ»:

Լիլիթը վիրավորված էր, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի ցանկացել իրենց ընդունել. «Մենք մոտ մի ժամ սպասեցինք, սակայն երբ հասավ մեր հերթը, ինքը արհամարհանքով թողեց ու գնաց, իսկ նախարարության աշխատակիցները պատճառաբանեցին, թե նախարարին շտապ կառավարություն են կանչել: Ես չեմ հավատում, ինձ թվում է՝ ինքը գիտեր՝ մենք ինչ հարցով էինք գնացել, այդ պատճառով էլ չուզեց լսել: Առողջապահության նախարարը պիտի հասկանա, որ մեզ որակյալ դեղերից զրկելով՝ փչացնում է ոչ միայն մեր կյանքը, այլ նաև մեր հարազատների, մեր ընտանիքի կյանքը»,- իր խոսքը եզրափակեց նա:

Նույն բանը փաստում է նաև Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ  տիկին Անահիտ Գևորգյանը / անունը փոխված է-խմբ/: Նրա երկու որդիներն էլ հոգեկան խնդիրներ ունեն և ամեն օր դեղորյաք են ընդունում: Մոր պնդմամբ  տղաներն երկուսն էլ բանակում են ձեռք բերել հոգեկան հիվանդություն. «Ես երկու առողջ տղա եմ բանակ ուղարկել, երկուսն էլ հիվանդ են վերադարձել ու այսօր պետությունը չի ուզում իմ տղաներին գոնե դեղով ապահովի, որ իրենք նորմալ մարդու կյանքով ապրեն: Երկուսն էլ 16 հազար դրամ թոշակ են ստանում՝ երրորդ կարգի հաշմանդամության համար»,- պատմում է տիկին Անահիտը: Նրա մեծ որդին՝ Արթուրը, բուժումներ ստանալուց հետո առողջացել է, ամուսնացել, այժմ ունի երկու երեխա՝ 5 և 3 տարեկան. «Բժիշկն իրեն խորհուրդ է տվել ամեն օր  դեղ խմել: Զիպրեքսիա որ խմում էր, շատ լավ էր, նորմալ աշխատում էր, ապրում էր բնականոն կյանքով, իր հետ շփվելուց չէր էլ զգացվում, որ ինչ-որ խնդիր ունի: Այս տարվա մարտ ամսից առողջապահության նախարարությունը դադարեցրեց Զիպրեքսիայի տրամադրումը: Ինչ-որ հումանիտար օգնությունով ստացված դեղեր էին տալիս: Էդ դեղերը խմելուց հետո շատ վատացավ. դարձավ ագրեսիվ, մոտը ինչ-որ անհասկանալի վախեր ի հայտ եկան, մեքենան առնում գնում էր դաշտերը՝ տուն չեր գալիս,  գնում էր Երևան, Աբովյան, դարձել էր անվերահսկելի, ստիպված բերեցինք Նորքի հոգեբուժարան, հիմա այնտեղ բուժում է ստանում: Մյուս տղաս տանն է, բայց ես զգում եմ, որ Զիպրեքսիայի դադարից և Օլանզապինի անցնելուց հետո նրա վիճակը ևս վատացել է: Իմ պահանջը մեկն է՝ պետությունը թող նորից  որակյալ դեղեր տա մեր երեխաներին: Ի վերջո մեղք ենք. մենք էլ ենք ուզում նորմալ կյանքով ապրել: Ես որպես մայր, ուզում եմ, որ իմ տղաներըլ բոլորի նման նորմալ կյանքով են ապրեն»,- նշում է տիկին Անահիտը:

Կարինե Սարիբեկյան  

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց
Անդրադարձներ չկան to “Անընդհատ թույլ էի, բժժած, մի անգամ նույնիսկ  փորձեցի կյանքիս վերջ տալ. պետպատվերով դեղորայքից տուժած հիվանդ”

Մեկնաբանել