Ուսման հիմքով տարեկետում այլեւս չի տրվի

Oct 15, 2017 Չի մեկնաբանվել

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր նախաձեռնություն ուշագրավ փոփոխություն է սահմանում ուսման հիմքով զինծառայությունից տարկետում ստանալու կարգում։ Նախ հիշեցնենք, որ նոր օրենքով 18 տարեկան բոլոր տղաները պարտավոր են բանակ զորակոչվել։ Տարկետում կտան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: Դրա համար նա ստանալու է աշխատավարձ եւ պետությունից լիովին փոխհատուցում թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաեւ մագիստրատուրայի համար:

Նա պարտավորվում է ծրագրից դուրս չմնալու համար ապահովել միջինից ոչ ցածր միավոր ու շաբաթ օրերը նվիրում է ռազմական պատրաստության գործընթացին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Պարտադիր զինծառայությունից տարկետում է տրամադրվում նաեւ առողջական և ընտանեկան վիճակի պատճառով, եթե քաղաքացին ընտրվել է ԱԺ պատգամավոր, ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակային ուսումնառության համար։ Նախագծով նպատակային ուսումնառությունը սահմանվում է այսպես` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն` եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը։ Հայտնի է, որ տարկետումը հանելու եւ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու մասին բազմաթիվ նախագծեր են եկել ԱԺ, բայց բոլորը մերժվել։

Վերջին նման նախագիծը ներկայացրել էին Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը։ 97-ին այս հարցը քննարկման է ներկայացրել սպարապետ Վազգեն Սարգսյանը, որի պատճառով ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը ցանկացել է հրաժարական տալ։ Հիմա Վիգեն Սարգսյանը գնաց այդ քայլին, կլինեն հրաժարականներ՝ դեմս ԱԺ նախագահի, թե ոչ ժամանակը ցույց կտա։ Ինչեւէ, ըստ նոր օրենքի՝ տարեկետում կարող են վերցնել ոչ թե պետպատվերում սովորող ուսանողները, այլ միայն պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած քաղաքացիները։ Այսինքն, դիցուք որեւէ ուսանող, որն իսկապես իր ուժերով է պետպատվերի շրջանակում սովորում եւ որեւէ պաշտոնյայի երեխա չէ ու ուսման ծարավը նրան ձեւական չի տանջում,եւ տվյալ ուսանողը ցանկանում է տարեկետման իրավունքից օգտվելով ավարտին հասցնել ուսուցումը, ընդունվել ասպիրանտուրա, ու 27 տարին լրանալուց հետո ընդհանրապես ազատվել զինծառայությունից, այս օրենքով չի կարող։ Ըստ նոր կարգի՝ պաշտպանության նախարարությունը պայմանագիր կարող է կնքել ցանկացած ուսանողի հետ, այդ թվում և՝ վճարովի համակարգում սովորողի ։ Ավելին գերատեսչության որոշելիք հարցն է, թե ուսումնառությունից հետո որտեղ կուղարկի տվյալ անձին ծառայություն իրականացնելու։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Ուսման հիմքով տարեկետում այլեւս չի տրվի”

Մեկնաբանել