Ի՜նչպիսի շռայլություն

Oct 15, 2017 1 Comment

«Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանում լսումներ են ընթանում, որը վարում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա առանձնակի էնտուզիազմով ներկայացրեց արդեն հայտնի դարձած երկու նախագծերը՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ» , որոնք իր գաղափարն են։

Ըստ այդմ՝ տարկետում պետք է տան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: «Ես եմ» ծրագիրը կստեղծի այսպես կոչված սոցիալական վերելակ, կամրապնդի բանակ-հասարակություն կապը․«Այս ծրագրով զինծառայություն անցնող քաղաքացիները յուրաքանչյուր ամիս մեկ շաբաթ անցկացնելու են տանը: Մեկ շաբաթ լինելու են տանը, մեկ շաբաթ՝ զորամասում պատրաստվելու են մարտական հերթապահության եւ երկու շաբաթ մարտական հերթապահություն են իրականացնելու»:

Նա նաև նշեց, որ գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են․«Հիմա քաղաքացին չի կարող քաշել այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակավայրից 150 կմ շառավիղով մոտ, ժամանակին սա 50 կմ էր: Սա բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետև եթե դա վիճակահանություն է, յուրաքանչյուր քաղաքացի պիտի հավասար հնարավորություն ունենա՝ տեսնելու, թե որ զորամասում է ինքը ծառայելու իր վիճակահանությամբ: Բայց մենք նաև կարգավորում ենք արտոնությունների խնդիրը: Այսօր արտոնությունը միակ, որ տալիս ենք, ընտանիքի վիճակից ելնելով և այլն, կապված է ընտանիքին մոտ ծառայելու հետ, արդյունքում Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետև իր տունը մոտ է գտնվում, և մենք կարծում ենք, որ դա ձևական բնույթ է հաղորդում այդ արտոնություններին՝ որևէ խնդիր չլուծելով: Մենք առաջարկում ենք տարածքային արտոնությունը փոխարինել բովանդակային արտոնությամբ, այսինքն՝ մարտական հերթապահության մեջ այս արտոնություններից օգտվող քաղաքացին կարող է ընդգրկվել միայն կամավոր հիմունքներով»:

Հաջորդ արտոնությունն ըստ նախարարի՝ այն է, որ ընդլայնվել է զինված ուժերում եղբայրական կարգի ծառայությունը: «Մինչև հիմա նրանցից մեկը կարող էր վիճակահանությամբ մասնակցել, մյուսը տեղափոխվել այդ նույն զորամաս, դա չէր տարածվում տարբեր զորակոչների ընթացքում զորակոչվող եղբայրների վրա, այս օրենքով եթե ավագ եղբոր ծառայությունը 17 ամիսը չի գերազանցում, ցանկացած պահին կրտսեր եղբայրը կարող է գնալ նույն զորամաս ծառայելու»։

Նախարարը «աչքալուսանք» տվեց եւս մեկ իր խոսքով կարեւորագույն փոփոխության մասին։ «Իրական կյանքում չգործող տեղական զորակոչային հանձնաժողովները վերանում են, պատասխանատվության լղոզման որոշակի ձև էր սա․«Մենք հիմք ենք ստեղծում, որ բուժզննման կարգը կսահմանի կառավարությունը, այսօր քաղաքացիներն ունեն ընտանեկան բժիշկների կցագրում, պետությունն էլ վճարում է 2 անգամ նախքան զորակոչվելը 2 անգամ ստուգում անցնել:

Հետևաբար, անիմաստ է զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելը, քաղաքացին պետք է ունենա ստանդարտ առողջության գնահատման ձև, որի տակ պոլիկլինիկան կամ բուժամբուլատորիան պիտի իրավունք ու պարտականություն ունենա ստորագրելու, ասի, որ զննել է, քաղաքացին այս հիվանդությունն ունի կամ չունի»։

Հանրապետական հանձնաժողովը նրա տեղեկացմամբ կշարունակի գործել, բայց կա մտադրություն ձևավորել փորձագիտական լրջագույն կարողություններ, որպեսզի հանձնաժողովը ևս վերջնական պատասխանատվություն կրի իր տված ախտորոշման համար, ոչ թե ասի, թե օրինակ՝ «էրեբունիի» կամ «Արմենիա» ԲԿ-ի տված թուղթն ավելի արժանահավատ է: Նախարարը երկար-բարակ պարծենում էր իր նոր իդեաներով, որոնք իր համոզմամբ կբարելավեն հայկական բանակի մարտունակությունը, կբացառեն կոռուպցիան եւ այլն, եւ այլն, սակայն ինչ բարեփոխումներ ակնկալել բանակից, եթե հրամկազմում ամեն ինչ նույնն է, նույն կոռումպացված, դոլարային միլիոնատեր սպաներ ու հրամանատարներ, որոնց թանկարժեք դղյակների ու ավտոմեքենաների վաճառքից կարելի է մեր բանակը սպառազինել նորագույն զինտեխնիկայով։ Կամ ինչ պետք է անեն այդ օրենքները, որպեսզի քաղաքական էիտար զավակները չխուսափեն ծառայությունից, որպեսզի պաշտոնյաներն իրենց զավակների համար մի ողջ կարողությամբ «գժի թղթեր» չառնեն։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ի՜նչպիսի շռայլություն” հրապարակմանը

  1. Hrant says:

    Du ai tzruk vor mardkanc ariunn es ccum aveli lav e 1000-akan dram havaqi vor qo tshvar goiutiunn apahoves,vor zenq tan zerqt erevi tars krakes zguish eghir