«Գազպրոմի» կադրի խորհրդանշական բանակցությունը

Oct 13, 2017 Չի մեկնաբանվել

Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Իրան կատարած այցի շրջանակում  ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին: 

Հանդիպման ընթացքում  քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` մինչ այդ Կարեն Կարապետյանը Թեհրանում  հանդիպումներ է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է  նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: «Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն դարավոր պատմական լուրջ հիմքեր և հիմնված են փոխադարձ շահերի վրա: Կարող եմ ուրախությամբ նշել, որ այդ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցն Իրան, համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ պատրաստակամ է օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները կարևորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ բնագավառի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, «Սյունիք» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցության խորացումն ու ընդլայնումը, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է:
Իրանի նախագահը ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքներն ու բարձր գնահատել հայ համայնքի դերը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Անշուշտ, Իրանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Գազային բարտերի պայմանագիրը, որի շրջանակում մեր երկիրը Իրանից գազ է գնում և դրա դիմաց վճարում էլեկտրաէներգիայով, կա վաղուց: Սակայն  ծավալներն  այնքան քիչ են, որ դրա տնտեսական արդյունքը հեռու է  բավարար լինելուց: Իրանի հետ տնտեսական ծրագրերի զարգացման մասին հայտարարվել էր վաղուց: Այդ մասին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեծ սպասումներով էր խոսում, սակայն դրանք մնացին լոկ խոսքեր: Հայտնի է, որ ժամանակին  Հայաստան մտնող իրանական գազի ծավալներն էականորեն կրճատվեցին՝ ռուսական կողմի ուղղակի ճնշումներով պայմանավորված: Դրանից հետո առ այսօր տնտեսական հարաբերությունների զարգացումը մնում է բարի ցանկությունների մակարդակում: Թերևս խորհրդանշական է, որ այսօր  իրանական կողմի հետ  հետ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը  քննարկում է հենց Կարեն Կարապետյանը, ով հայտնի է իբրև ռուսական Գազպրոմ ընկերության կադր: Համոզի՞չ են նրա բանակցությունները՝ դժվար է ասել, որովհետև բանակցությունն ինքնին ոչինչ չի նշանակում, եթե չկա  արդյունք:

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “«Գազպրոմի» կադրի խորհրդանշական բանակցությունը”

Մեկնաբանել