Պատրաստ՝ զինված բախման

Oct 11, 2017 Comments Off on Պատրաստ՝ զինված բախման

Հայաստանը հետաքրքրված է Sukhoi Super Jet-100 ինքնաթիռների ձեռքբերմամբ: Tert.am-ի և ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը:

«Իսկապես, հարցը քննարկվում է, մենք վերջնական փուլում ենք, գնահատում ենք բոլոր այն ուղղությունները, որոնք հնարավոր կլինի իրականացնել Հայաստանից, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե քանի ինքնաթիռ կփոխանցվի և ինչ ժամկետներում կկատարվի փոխանցումը: Հստակ ժամկետներ չեմ կարող ասել, բայց նախնական ուսումնասիրություն է կատարվում: Երբ մենք կհասկանանք, որ ինքնաթիռների տրամադրումը տնտեսապես արդյունավետ կլինի, վերջնական որոշում կկայացվի ինքնաթիռների փոխանցման քանակի հարցում»,- ասաց Դենիս Մանտուրովը:

Նշենք, որ Ռուսական արտադրության այս ինքնաթիռը նախատեսված է մերձմագիստրալային թռիչքների իրականացման համար: Փոխադրումները կատարվում են 4,4 հազար կիլոմետր հեռավորության վրա և կարող են տեղափոխել 98 հոգի: 2011թ.-ին «Արմավիա» ավիաընկերությունը ձեռք էր բերել «Sukhoi Superjet-100» առաջին ինքնաթիռը, բայց 2014թ.-ին «Արմավիան» սնանկ ճանաչվեց:

Ի դեպ, երեկ Դ. Մանտուրովը հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախարարն ասաց, որ հանդիպման ժամանակ քննարկվել է այն ճյուղերի զարգացման հարցը, որտեղ կա պոտենցիալ: «Մեկ տարվա ակտիվ աշխատանքի արդյունքները մենք արդեն տեսնում ենք, հայկական արտադրության պոտենցիալը կրկնապատկվել է»,- նշեց նա:

Նախարարն ասաց, որ խոսվել է նաև էներգետիկ ծրագրերի իրականացման մասին, գյուղատնտեսական մեքենաների կառուցման, Իրանի ու Հայաստանի սահմանին ստեղծվելիք տեխնիկական կայանների մասին, որտեղ կվերանորոգվի գյուղացիական տեխնիկան: Ըստ նրա՝ նախանշվել է 12 ոլորտ, որտեղ համատեղ աշխատելու պոտենցիալ կա:

Հայաստանը Ռուսաստանից, ըստ ամենայնի, սպառազինության նոր խմբաքանակի մատակարարումների է սպասում, այդ մասին օրեր առաջ հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարը: Զուգահեռաբար շարունակվում է նաև Ադրբեջանի զենքի մատակարարումը:

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2016-ին Ռուսաստանից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները, որոնց համաձայն՝ նախորդ տարի Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:

Հավանական է, որ սա նախկինում ձեռք բերված համաձայնագրերով մատակարարման ենթակա զինտեխնիկայի մի մասն է: Դեռ անցած տարի հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ադրբեջան  դեռ չի մատակարարվել որոշ քանակի տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ:

Ըստ ЦАМТО վերլուծական կենտրոնի՝ 2011-ին Ադրբեջանը Ռուսաստանից պատվիրել էր հետևյալ հրետանային համակարգերը: «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից (պատվիրված էր 18 միավոր, նախատեսված էր մատակարարել 2013 թ.), «Վենա» ինքնագնաց հրանոթ / ականանետ (18 միավոր, 2013 թ.), «Սմերչ» ՀԿՌՀ (18 միավոր, 2012 թ.), «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ (6 միավոր, 2013–14 թթ. ևս 12 միավոր պատվիրված էր 2013-ին), 2Բ24/2Բ11 ականանետներ (400 միավոր, 2013 թ.)

Նշենք նաև, որ նույն զեկույցով ևս մեկ անգամ հաստատվել է նաև Հայաստանին դյուրակիր զենիթահրթիռային համալիրների մատակարարումները: Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 300 միավոր դյուրակիր ԶՀՀ. ՄԱԿ, ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2016 Ռուսաստանի՝ երկրներին մատակարարած սպառազինության ցանկը, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

2017-ի ապրիլին ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» և «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ:

Այս տարվա հունիսի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է զինտեխնիկա։ Նյութին կից հրապարակած տեսանյութում երևում է, որ «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավից բեռնաթափում են «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ։ Նման համակարգերի ձեռքբերման պայմանագրի ստորագրման մասին հայտնի էր դարձել դեռևս 2014 թ։

Տեսանյութից մատակարարված համակարգերի հստակ քանակը հնարավոր չէ որոշել, սակայն խոսքը շուրջ 10 միավոր «Քրիզանտեմա-Ս» մարտական մեքենաների վաճառքի մասին է։ Դատելով հրապարակված տեսանյութից՝ մատակարարվել են «Քրիզանտեմա-Ս» համալիրի մեջ ներառվող 9П157-2 արձակման կայաններ և 9П157-3 դասակի հրամանատարի մեքենաներ, ինչպես նաև համակարգերի տեխնիկական սպասարկման համար նախատեսված մեքենա։ Marinetraffic կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Բաքվի նավահանգստում տվյալ համակարգերը բեռնաթափած «Կոմպոզիտոր Ռախմանինով» նավը հունիսի 23-ին դուրս է եկել նավահանգստից և շարժվել Ռուսաստանի կողմ։ Նավը կրում է Ռուսաստանի դրոշը։

Համաձայն ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տրամադրած տեղեկությունների՝ Ադրբեջանը 2014 թ․ պատվիրել, իսկ 2015-ին ստացել էր 10 միավոր նման համակարգ։ Իր հերթին ռուսաստանյան «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը հայտնում է, որ Ադրբեջանը 2015 թ․ ստացել էր առաջին խմբաքանակը, հետո գործարքը ֆինանսական խնդիրների պատճառով կանգնեցվել էր և վերսկսվեց հիմա՝ 2017 թ․ հունիսին։

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: