Խաչիկյանի խաչը ծանր է

Oct 11, 2017 Comments Off on  Խաչիկյանի խաչը ծանր է

 

 

Իրավապահ համակարգը ոչ մի կերպ ձեռք չի քաշում Վազգեն Խաչիկյանից: Սերժ Սարգսյանի կողմից ներում ստանալուց անմիջապես հետո հանրային հնչողություն ստացավ Խաչիկյանի կողմից պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը: Ըստ այդմ ՝ նախկին պաշտոնյան, ով դատարանի որոշմամբ պետք է 170 միլիոն դրամ փոխհատուցեր հօգուտ պետության, ամբողջությամբ չի կատարել իր պարտավորությունը:

Դեռ մինչև Խաչիկյանի ներումը, դատախազությունը փորձել է դատական ճանապարհով ստանալ այդ գումարը: Սակայն արդյունքներ առայժմ չկան: Դատախազությունը կրկին հայց է ներկայացրել ընդդեմ Վազգեն Խաչիկյանի և պահանջում է նշված գումարը.

«Բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին»,- նշվում է Դատական տեղեկատվական համակարգի ծանուցման մեջ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ միայն նախնական դատական նիստ է տեղի ունեցել: Սպասվում է, որ բուն գործընթացը կսկսվի նոյեմբերի 29-ին:
Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը կարծում է, որ դատախազությունը օրինական պահանջ է ներկայացրել Խաչիկյանի նկատմամբ: «Դատախազությունը կալանք է դրել Խաչիկյանի գույքի վրա և հիմա այս գույքն են փորձում վաճառել. Դա Ալավերդիի տունն ա ու մեկ էլ ժամանակին հիպոթեքով Երևանում բնակարան ուներ, որը բանկը վերցրել է, տարբերությունն էլ տվեցին պետությանը», -Aysor.am-ին  ասել է  Վարոսյանը և հավելել, թե  ներկա պահին Խաչիկյանը որևէ գույք չունի. «Էսքանից հետո էլ ի՞նչ գույք ունենա»:

Փաստաբանի խոսքով՝ իրենք չեն էլ հետաքրքրվում հայցի թեմայով,« թող ԴԱՀԿ-ն իրացնի, իր հասանելիք գումարը դուրս կգա, ինչ էլ լինի, դա էլ կուղղենք պարտքի մարմանը»,- ասել է նա:

Փաստաբանը նաև հիշեցրել է, որ  Խաչիկյանի հետ միասին  ևս 12 մեղադրյալներ  կային և բոլորն էլ պարտավոր էին համամասնության  կարգով փոխհատուցել պետությանը հասցված վնասը: Չգիտես ինչու որևէ մեկը երբևէ չի էլ հարցնում ՝ իսկ մյուսները, ովքեր  նույն գործի շրջանակում, Վազգեն Խաչիկյանի հետ միասին մեղադրվել և դատապարտվել էին՝ փոխհատուցե՞լ են , թե՞  ոչ:  Խաչիկյանի խաչը, կարծես թե ծանր է, դրա համար էլ բոլորը միայն նրանից են բռնագանձում պահանջում:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: