Սերժ Սարգսյանը չի պատրաստվում բավարարել Աղվան Հովսեփյանի ամբիցիաները

Oct 11, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը չի պատրաստվում բավարարել Աղվան Հովսեփյանի ամբիցիաները

 

 

Սերժ Սարգսյանը այցելել է Քննչական կոմիտե, լսել կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հաշվետվությունը, ապա հանդես եկել հանգամանալից ելույթով: Սերժ Սարգսյանի ելույթը դաստիարակչական ուշագրավ շեշտեր է պարունակել քննիչների վարքագծի, աշխատանքային հարաբերությունների, անաչառության և արդյունավետության վերաբերյալ: «Առաջին՝ մեր քննիչի հավաքական կերպարը պետք է լինի ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու պրոֆեսիոնալը, ով գիտակցում է իր առաքելության իմաստը: Երկրորդ. մեր քննչական մարմինները պետք է կոռուպցիոն դրսևորումների և տնավարության դեմ պայքարում լինեն անողոք: Ընդ որում, կոռուպցիոն դրսևորումներ՝ չի նշանակում միայն դրամական շահ հետապնդել. ծանոթ, բարեկամ, քավորի միջնորդությունները, միգուցե, ավելի վատ դրսևորումներ են, քան, երբ մարդն ունի կոնկրետ շահ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Իրավապահների ազնիվ ու անաչառ կերպարի մասին, իհարկե, Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է: Այսպիսի ելույթներ մենք շատ ենք լսել, բայց ոչ կոռուպցիան, ոչ էլ խնամի, ծանոթ ու բարեկամ հասկացությունները չեն վերացել: Այնպես որ՝ սրանք սովորական հերթապահ խոսքեր են, որոնք պետք է ասվեին:

Առավել ուշագրավ է Սերժ Սարգսյանի բացահայտ հորդորը՝ միջգերատեսչական հակամարտության վերաբերյալ, որը շատ ընդգծված դրսևորում ունի քննչական կոմիտե-դատախազություն-ոստիկանություն եռանկյունիում: Այստեղ ամեն մեկը փորձում է վերմակն իր վրա քաշել և հնարավորնս մեծ լիոզորություններ պահել իր ձեռքին:

Սա վաղուցվա խնդիր է, բայց հիմա Սերժ Սարգսյանը որոշել է այս մասին բացահայտ խոսել՝ թերևս հաշվի առնելով, որ նախկինում ուղղակիորեն նախագահին ենթարկվող այս կառույցները առավել անկախ են լինելու, և հենց այս կտրվածքով միջգերատեսչական շահերի բախումը վերաճել է հակամարտության: Ըստ Սերժ Սարգսյանի՝ քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը իրավապահ մյուս մարմինների, մասնավորապես դատախազության հետ կայուն և արդյունավետ համագործակցությունն է:

«Անշուշտ, դատախազության հետ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում: Օրենքը քննիչին տալիս է սեփական դիրքորոշումը պաշտպանելու մի շարք հնարավորություններ: Քննիչն անգամ կարող է գրավոր առարկել դատախազի ցուցումների և որոշումների դեմ, և դա շատ լավ է, դրական է: Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տևական ժամանակով չեն կատարվում: Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով: Ես շատ լավ հասկանում եմ, որ լինում են գործեր, որոնցով դատախազները տալիս են ցուցումներ, որոնք առաջին հայացքից թվում են անտեղի կամ ավելորդ, բայց հավատացեք, իսկ ես վստահ եմ, որ դուք ինձնից ավելի լավ եք դա գիտակցում, քրեական գործով ցանկացած մանրուք, նույնիսկ եթե դա անտեղի է՝ անհրաժեշտ է հաշվի առնել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Համագործակցության կարևոր ուղղություններից մյուսը ոստիկանության հետ իրականացվող աշխատանքներն են: «Վերջնականապես պիտի ջարդենք այն մտայնությունը, որ հանցագործության բացահայտումը հատկապես Ոստիկանության գործն է»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ ուշադրություն հրավիրելով այն համագամանքի վրա, որ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկն է հայտնաբերվել, իսկ մնացածները մատնվել են մոռացության: «Շատ դեպքերում ուղղակի մոռանում ենք, որ, այո՛, նախնական հայտնի է, թե ով է կատարել հանցագործությունը, բայց հանցագործը տարիներ շարունակ ուղղակի հանրապետությունում է մնում՝ հանրապետությունից էլ դուրս չէ: Ես խնդրում եմ այս հարցին վերաբերվել բարեխղճությամբ»,- նշել է նախագահը և շարունակելով քննիչների ուշադրությունը հրավիրել վերջերս հանրապետությունում կատարված աղմկահարույց սպանությունների վրա:

Սա թերևս Սերժ Սարգսյանի հրապարակային պատասխանն է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի անթաքույց ամբցիաներին: Երեք տարի առաջ, երբ ստեղծվեց Քննչական կոմիտեն, և այդ պաշտոնը վստահվեց նախկին երկարամյա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, կային կարծիքներ, որ այդ կառույցն ստեղծվել է հենց Հովսեփյանի համար: Այս 3 տարիների ընթացքում Գառնիկիչը չի թաքցրել, որ չի ուզում ուղղակիորեն կատարել դատախազության ցուցումները, իսկ Սերժ Սարգսյանն էլ փաստորեն պատասխանում է , որ չի պատրաստվում բավարարել նրա այդ ցանկությունը: Իսկ ընդհանրապես այն, ինչ ասել է Սերժ Սարգսյանը, հավելյալ ապացույցն են այն բանի, որ իրավապահ համակարգում միջգերատեսչական խնդիրները առավել առաջնային նշանակություն ունեն, քան, օրինակ, հանցագործության բացահայտումն ու արդարադատության և օրենքի հավասարության ապահովումը:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: