Հայաստանի գլխավոր դատախազությունը դատի է տվել Վազգեն Խաչիկյանին

Oct 09, 2017 Comments Off on Հայաստանի գլխավոր դատախազությունը դատի է տվել Վազգեն Խաչիկյանին

Վազգեն Խաչիկյանը Հայաստանի նախագահի կողմից ներում ստանալուց և ազատ արձակվելուց հետո էլ հանգիստ չունի. այժմ էլ Հայաստանի գլխավոր դատախազությունն է դատի տվել Խաչիկյանին:

Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ դատախազության պահանջը Խաչիկյանից այսպիսին է.

«Բաժնի վրա բռնագանձում տարածելու, ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնեմասն առանձնացնելու, բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու, ինչպես նաև շուկայական գնով բաժինը գնելու կամ ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումն ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին»:

Բանն այն է, որ Վազգեն Խաչիկյանը չի փոխհատուցել պետությանը պատճառված նյութական վնասը՝ շուրջ 260 մլն դրամ, ինչի համար 12 տարի ազատազրկման էր դատապարտվել, և դատախազությունը որոշել է դիմել այդ քայլին: Առայժմ այս գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ միայն նախնական դատական նիստ է տեղի ունեցել: Սպասվում է, որ բուն գործընթացը կսկսվի նոյեմբերի 29-ին:

Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը կարծում է, որ դատախազությունը օրինական պահանջ է ներկայացրել Խաչիկյանի նկատմամբ:

Նախ Վարոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում չհամաձայնեց, որ Խաչիկյանը պետությանը շուրջ 260 մլն դրամ պարտք է և չի փոխհատուցել:

Նրա խոսքով՝ Խաչիկյանի հետ միասին մեղադրյալներ էր ևս 12-ը, և բոլորն էլ պարտավոր էին համապարտության կարգով փոխհատուցել պետությանը հասցված վնասը:

«Սոցիալական ապահովության պետական ծառայության միայն Ավան և Նոր Նորք ստորաբաժանման մասով մինչև 70 մլն թիվ էր ներկայացված, հետո 18 մլն դարձավ էդ պարտքը: Բոլորն էլ պարտավոր էին վճարել գումարը, մինչև պարտքը վերջանար: Իրենք իրար մեջ պետք է որոշեին», – ասաց փաստաբանը:

Նա համաձայն չէ, որ Խաչիկյանը չի փոխհատուցել պետությանը, բայց նշում է, որ ամբողջությամբ չի կատարել պարտավորությունը:

«Դատախազությունը կալանք է դրել Խաչիկյանի գույքի վրա և հիմա այս գույքն են փորձում վաճառել. Դա Ալավերդիի տունն ա ու մեկ էլ ժամանակին հիպոթեքով Երևանում բնակարան ուներ, որը բանկը վերցրեց, տարբերությունն էլ տվեցին պետությանը», – ասաց Վարոսյանը:

Հիմա, փաստաբանի խոսքով, Խաչիկյանը որևէ գույք չունի. «Էսքանից հետո էլ ի՞նչ գույք ունենա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: