Ե՞րբ Սերժ Սարգսյանը կհիշի Ռուբեն Հայրապետյանին

Oct 08, 2017 Comments Off on Ե՞րբ Սերժ Սարգսյանը կհիշի Ռուբեն Հայրապետյանին

Ղազախստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, պատասխանելով իր հետագա աշխատանքի մասին հարցին ուշագրավ պատասխան է տվել: «Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել»,- ասել է գլխավոր մարզիչը, որին հիշեցրել են շաբաթներ առաջ հայտարարությունն այն մասին, թե աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վերջին խաղից հետո որոշում կկայացնի՝ մնալ մարզչի պաշտոնում, թե հեռանալ։

Հիշեցնենք, որ Աստանայում կայացած վերջին հանդիպումն ավարտվել է 1/1 հաշվով։ Այդ հանդիպումը վերջինն էր 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում: Ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականի համար անհաջող ստացվեց ոչ միայն գրանցած արդյունքների առումով, այլեւ ցուցադրած խաղի՝ ապացույցը Հայաստան-Լեհաստան նախորդ խաղն էր:

Պետրոսյանի գլխավորությամբ թիմն ունեցավ երկու հաղթանակ, մեկ ոչ ոքի եւ 4 պարտություն։ Ուշագրավը թերեւս այն է, որ Արթուր Պետրոսյանը հերթական մարզիչն է, որն անհաջող խաղից հետո պատրաստ է իր ուսերին կրել ձախողումների ողջ բեռը, եւ վայր դնել մարզչի պարտականությունները։ Հետաքրքրականն այն է, որ նման ճակատագրի են արժանացել նաեւ այն մարզիչները, որոնք Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ հայտնի են որպես բարեփոխիչներ եւ նրանց մարզչական կարերիայի ընթացքում հավաքականը հաջող ելույթներ է ունեցել, սակայն ինչ-որ փուլում որոշակի ձախողումներից հետո բարձրացած աղմուկը խլացնելու համար հրաժարականի դիմում են գրել՝ որպես իրավիճակից հետեւություն։

Հիշենք Վարդան Մինասյանի հրաժարականը 2013-ին՝ Հայաստան-Չեխիա խաղից հետո։ Չեխիայի հավաքականից պարտություն կրելուց հետո Հայաստանի հավաքականի շուրջ իրավիճակը լարված էր: Նախ, խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ որոշ ֆուտբոլիստներ խաղում են, ոչ թե հավաքականի, այլ իրենց անձնական հաջողության համար, մի քանի անհաջող խաղերից հետո էլ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական տվեց, ինչը Ֆուտբոլի ֆեդերացիան չընդունեց, եւ Մինասյանին վերականգնեց մարզչի պաշտոնում: Սակայն շատ չանցած այդ հրաժարականն անխուսափելի էր։ Հարց է ծագում՝ իսկ ինչու են նման իրավիճակներում հարվածն իրենց վրա վերցնում մարզիչները, իսկ ասենք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարականի որեւէ խոստում չի կատարել։

Իրականում հանդիսատեսի, ֆուտբոլասել հանրության դժգոհությունը Հայաստանում ոչ այնքան մարզչից է եւ ֆուտբոլիստներից, որքան Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, որն իր ձեռքն է վերցրել ոլորտը եւ հանդիսանում է ոլորտի գլխավոր կառավարիչն ու պատասխանատուն։
Արթուր Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականին պետք է թարմ արյուն եւ որ ֆուտբոլում պետք չէ ակնկալել մեծ հաջողություններ, եթե ողջ երկրում է այդ մակարդակը․«Հայկական ֆուտբոլի մակարդակը համապատասխանում է երկրի կենսամակարդակին»։

Իհարկե, Արթուր Պետրոսյանը միանգամայն իրավացի է, իսկ չէ՞ որ այդ «թարմ արյունը» առաջին հերթին նոր մոտեցումն է ֆուտբոլի զարգացմանը, կարեւոր է փոխել ֆուտբոլի կառավարման հանդեպ մոտեցումը, իհարկե, բարդ է սերնդափոխությունը ֆուտբոլում, սակայն մինչեւ դրան հասնելը հարկավոր է լուրջ ներդրումներ անել, մանկական սպորտային դպրոցներ հիմնել, խնդրին մոտենալ հիմքից, ոչ թե ֆուտբոլը սեփական հիմնարկ եւ կամայական կառավարում ցուցաբերել՝ հանգիստ լինելով, որ սա քո ոլորտն է, եւ այն ստացել ես իշխանությանը մատուցած անուրանալի ծառայության դիմաց։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում մարզաձեւերը բաժանված են համակարգի ֆինանսական խոշոր ներկայացուցիչների միջեւ, իսկ ֆուտբոլը երկար տարինե,ր անկախ ամեն ինչից, հանձնված է Ռուբեն Հայրապետյանին։ Գուցե արժե վերանայել «սեփականատիրոջ» հարցը, այլ ոչ թե «աշխատողների»։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: